Շուշիի հռչակագրի ստորագրումից մեկ տարի անց՝ հռչակագրի «կատարողականը» և բացասական ազդեցությունը Հայաստանի վրա
2021 թվականի հունիսի 15-ին Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշի քաղաքում Ադրբեջանի և Թուրքիայի միջև ստորագրվեց Շուշիի հռչակագիրը։ Փաստաթուղթը ստորագրելիս, Ադրբեջանի նախագահն ասել էր, որ ստորագրված փաստաթուղթը հստակ դրույթներ է պարունակում Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ՝ ընդգծելով, որ հռչակագիրը հիմնված է Կարսի պատմական պայմանագրի վրա: Այն վերաբերում է համագործակցության տարբեր ոլորտների։
Այս տարվա փետրվարին Թուրքիայի խորհրդարանը վավերացրել էր Շուշիի հռչակագիրը։ Նույն ժամանակահատվածում Ալիևը ստորագրել էր օրենքը, որով վավերացվում է թուրք-ադրբեջանական ռազմական համագործակցության վերաբերյալ «Շուշիի հռչակագիրը»։
Մեկ տարի անց Շուշիի հռչակագրի շրջանակներում թուրք-ադրբեջանական համագործակցությունն ինչպիսի՞ն է եղել, այդ ընթացքում ներառված կետերից որո՞նք են կատարվել, որոնք ուղղված են Հայաստանի շահերի դեմ։
168.am-ն այս հարցերի շուրջ խոսել է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանի հետ։
«Թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից Շուշիի հռչակագրի «կատարողականը» բավականին նկատելի է։
Հռչակագրի մեծ հատվածը վերաբերում է ռազմական համագործակցությանը՝ համատեղ զորավարժությունների անցկացում, զինվորների վերապատրաստում, ռազմատեխնիկական փորձի փոխանակում և այլն։ Վերջին մեկ տարվա ընթացքում տեսանելի է, որ հատկապես Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացված տարածքներում՝ Քարվաճում, Կովսականում և բոլոր այն հատվածներում, որոնք սահմանակից են Սյունիքի մարզին, ադրբեջանական կողմից իրականացվում են զորավարժություններ։ Այդ զորավարժություններում ակտիվորեն ներգրավված են թուրքական սպայական կազմը, նաև թուրքական որոշակի զորամիավորումներ։ Ադրբեջանն էլ իր կողմից սեփական զորամիավորումներով ակտիվորեն մասնակցում է Թուրքիայում անցկացվող զորավարժություններին, մասնավորապես՝ հատուկ դասընթացների։ Հռչակագրում եղած այն բոլոր կետերը, որոնք վերաբերում են Թուրքիայի և Ադրբեջանի ռազմական համագործակցությանը՝ լայն թափով առաջ է գնում»,- նշեց Գառնիկ Դավթյանը։
Ըստ փորձագետի՝ Շուշիի հռչակագիրը բազմաֆունկցիոնալ է. այնտեղ կա նաև տնտեսական բաղադրիչ, երկուստեք մեդիաոլորտի համագործակցություն և այլն։ Նույնիսկ քարոզչական դաշտում շոշափելի արդյունքներ կան, մասնավորապես՝ Հայաստան-Ադրբեջան տխրահռչակ «խաղաղության դարաշրջանի» համատեքստում թուրքական լրատվամիջոցները շրջանառության մեջ են դնում պրոադրբեջանական թեզեր և դրանք պայմանավորում են Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու գործընթացով։
«Մենք տեսնում ենք, որ եթե ժամանակին Արցախի հիմնահարցը «խանգարում» էր Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորմանը, ապա այս դեպքում շղարշ է ստեղծվում, թե Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները կախված են Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունները կարգավորելուց։ Այս ամբողջը լրատվամիջոցների և քարոզչական ներուժի ներդրմամբ, մասնավորապես՝ Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով, կոչ կամ պարտադրողական հայտարարություն են անում՝ ուղղված Հայաստանին։ Այսպիսով՝ քարոզչական մակարդակով փորձում են իրենց հասարակության մեջ ստեղծել հաղթողի հոգեբանություն և դրան նոր թափ հաղորդել։ Այսինքն՝ ամբողջ կոմպլեքսը վերցրած, կարող ենք ասել, որ վերջին մեկ տարում Շուշիի հռչակագիրը մեծ ընթացք է ունեցել»,- հավելեց Գառնիկ Դավթյանը։
Միաժամանակ նա հիշեցրեց, որ այդ հռչակագրում թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից օգտագործվել էր «Զանգեզուրի միջանցք» տերմինը, որը կյանքի կոչելու նպատակներից, մասնավորապես վերջին շրջանում, չեն հրաժարվում։
Նրա կարծիքով՝ հռչակագրի ռազմական բաղադրիչը, որը գերակշռող է, լինելու է որոշիչն ու ապահովողը հռչակագրում եղած մյուս կետերի։ Այսինքն՝ եթե Հայաստանի հետ պայմանավորվածությունները չկատարվեն, առաջ է մղվելու ռազմական կոմպոնենտը։
«Ամփոփելով միայն ընդգծեմ՝ կոմպլեքս առումով այս հռչակագիրը Հայաստանի համար մեծ վտանգ է ներկայացնում և Հայաստանի իշխանություններից կողմից մինչ օրս տարվող ոչ համարժեք և թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը սպասարկող քաղաքականությունը եթե երկար շարունակվի, ապա ողբերգական ավարտ է ունենալու հենց Հայաստանի համար»,- եզրափակեց Գառնիկ Դավթյանը։