
Հիմնված է Կարսի պայմանագրի վրա և հստակ դրույթներ է պարունակում Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ. Ալիևն ու Էրդողանը ստորագրել են Շուշիի հռչակագիրը

Լեռնային Ղարաբաղի` ներկայում Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Շուշի քաղաքում տեղի է ունեցել է Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ թուրք-ադրբեջանական փաստաթղթերի ստորագրման արարողությունը. մասնավորապես ստորագրվել է Շուշիի հռչակագիրը, հայտնում է minval.az-ը:
«Այսօր մենք ոչ միայն խոսում ենք Զանգեզուրի միջանցքի մասին, որը ճանապարհային և երկաթուղային ճանապարհով կապելու է Ադրբեջանը և Թուրքիան, այլ նաև գործնական գործողություններ ենք իրականացնում», – ընդգծել է Ադրբեջանի ղեկավարը:
Ըստ Ալիևի` ստորագրված փաստաթուղթը հստակ դրույթներ է պարունակում Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ:
«Հռչակագիրը հիմնված է Կարսի պատմական պայմանագրի վրա: Այն վերաբերում է համագործակցության տարբեր ոլորտներին», – բացատրել է նա` հավելելով, որ դաշնակցության վերաբերյալ այս հռչակագիրն ամենաբարձր մակարդակին է բարձրացնում Բաքվի ու Անկարայի հարաբերությունները:
Իլհամ Ալիևն ասել է, որ Շուշիի հռչակագրում շոշափվում են երկու երկրների միջև պաշտպանական ոլորտում փոխօգնության խնդիրները: