Բաժիններ՝

ԵՄ-ն Իսրայելի և Եգիպտոսի հետ համաձայնագիր է ստորագրել իսրայելական գազի Եվրամիություն մատակարարման շուրջ

ԵՄ-ն, Իսրայելը եւ Եգիպտոսը հունիսի 15-ին համաձայնագիր են ստորագրել Եվրոպական միության երկրներ իսրայելական գազի մատակարարումների շուրջ: Այդ մասին հաղորդել է Associated Press (AP) գործակալությունը:

«Ես ամբողջ սրտով ողջունում եմ այդ պատմական համաձայնագրի ստորագրումը»,-Կահիրեում հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը՝ հանդես գալով Իսրայելի եւ Եգիպտոսի էներգետիկայի նախարարների հետ անցկացված մամուլի ասուլիսում:

Համաձայնագիրը նախատեսում է Իսրայելից Եգիպտոս գազի մատակարարումների ավելացում վերամշակող ձեռնարկություններին, իսկ հետո արդեն լցանավերով հեղուկացված բնական գազի տեղափոխում Եվրոպա:

AP-ի տվյալներով՝ Իսրայելը գազի երկու հանքավայր ունի Միջերկրական ծովում. դրանց պաշարների ընդհանուր ծավալը գնահատվում է 690 միլիարդ խորանարդ մետր: Նաեւ աշխատանքներ են ընթանում երրորդ հանքավայրում:

Ավելի վաղ Իսրայելը համաձայնագիր է ստորագրել Եգիպտոս եւ Հորդանան գազի մատակարարման շուրջ: Գործակալությունը հիշեցնում է, որ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրադրության ֆոնին ԵՄ-ն փորձում է նվազեցնել ՌԴ-ից իր կախվածությունը գազի ոլորտում. ներկայում Ռուսաստանի բաժինը կազմում է ԵՄ մատակարարվող գազի շուրջ 40 տոկոսը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս