Եթե կան ակնկալիքներ, որ Ռուսաստանն ի վնաս իրեն քայլեր պետք է անի, սխալ է. ռուս ռազմագետ
ՌԴ ԱԳ նախարարությունը խմբագրեց արտգործնախարար Սերգեյ Լավրովի խոսքերը Փառուխ գյուղ ադրբեջանական զորքերի ներխուժման վերաբերյալ:
Չնայած այն հանգամանքին, որ Երևանում՝ ՀՀ ԱԳՆ-ում տված մամուլի ասուլիսի ընթացքում Սերգեյ Լավրովը հայտարարել էր, թե կան արդեն իսկ արդյունքներ իրավիճակի ապաէսկալացիայի տեսքով, և ընկալում է, որ սկսվող դելիմիտացիայի առարկայական գործընթացի շրջանակում այդ հարցերը դիտարկվելու են և անպայմանորեն լուծվելու, ՌԴ ԱԳՆ-ում նույն ասուլիսի սղագրությունում չկա որևէ խոսք այդ հարցի լուծման մասին, միայն կա հույս, թե՝ «հուսով ենք, որ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկը կնպաստի Բաքվի և Երևանի միջև վստահության բարձրացմանը և ռուսական խաղաղապահ կոնտինգենտի պատասխանատվության գոտում Փառուխի նման միջադեպերի կանխմանը»:
Ռուսական կողմն իր խոսքերը խմբագրեց Ադրբեջանի ԱԳՆ տարածած հայտարարությունից հետո. «Ադրբեջանի և Հայաստանի կողմից ստեղծված սահմանազատման հանձնաժողովների գործունեությունը, ինչպես նախկինում նախատեսված էր, հետապնդում է երկու երկրների պետական սահմանի սահմանազատման նպատակ։ Այս գործընթացի շրջանակներում չի նախատեսվում դիտարկել ադրբեջանահայկական պետական սահմանից դուրս որևէ հարց, այդ թվում՝ Ադրբեջանում ռուսական խաղաղապահ զորակազմի ժամանակավոր տեղակայման տարածքների հետ կապված»:
168.am-ի հետ զրույցում ռուս ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինն ասաց, որ տեղյակ չէ, թե ինչ է ասվել Լավրովի կողմից, հետո՝ խմբագրվե՞լ է, թե՞ ոչ: Այնուամենայնիվ, ըստ նրա, եթե ասվել է մի բան, ապա փոխվել է, նշանակում է՝ ինչ–որ բան սխալ է ասվել, և դա շատ հնարավոր է, քանի որ Սերգեյ Լավրովը ծանրաբեռնված դիվանագետ է, իսկ տեղանունները նույնիսկ հնարավոր է չնույնականացնել: Վերլուծաբանի խոսքով, գուցե այդ հարցը դելիմիտացիայի հանձնաժողովների քննարկման թեմա չէ, ուստի այդ շրջանակում չի կարող լուծվել, և նման սխալ ձևակերպումներ հաճախ են պատահում:
«Բայց իրականում մենք չգիտենք՝ տեղում ինչ է տեղի ունեցել: Սա ևս կարևոր հանգամանք է: Փաստ է նաև այն, որ Ռուսաստանի համար՝ ինչպես Հայաստանը, այնպես էլ՝ Ադրբեջանը կարևոր գործընկեր է, և Ադրբեջանը պատերազմից հետո մեծացրել է իր կշիռն ու ազդեցությունը: Բացի այդ, այսօր կան հավելյալ աշխարհաքաղաքական գործոններ՝ իրավիճակը Ուկրաինայում և դրա ֆոնին ՌԴ դիվանագիտությունը, ինչպես տեսնում եք, չի անում հավելյալ կտրուկ քայլեր կամ չունի ռեսուրսը դա անելու: Ես այդ մասին ավելի վաղ ևս ասել եմ ռուս խաղաղապահ կոնտինգենտի հնարավորությունների մասով: Իրականում շատ նեղ է հնարավորությունների դաշտը ռուսական դիվանագիտության համար, քանի որ Արևմուտքը փակ է ռուսական դիվանագիտության համար, կան եվրասիական երկրները, Թուրքիան, Ադրբեջանը: Եթե կան ակնկալիքներ, որ Ռուսաստանն ի վնաս իրեն քայլեր պետք է անի, սխալ է, քանի որ Ռուսաստանը պատերազմի մեջ է և շահագրգռված է այս պահին Հարավային Կովկասում պահպանել ստատուս-քվոն և խաղաղությունը, որքան հնարավոր է»,- նման կարծիք հայտնեց Խրամչիխինը:
Նա նշեց, որ ի սկզբանե կարծում էր, որ այդ տարածքի թեման հեշտ լուծելի հարց չէր լինելու ռուսական կողմի համար: Բացի այդ, այնուամենայնիվ, նա հույս հայտնեց, որ գոնե ռուսական խաղաղապահության համար պարզ է, թե ինչ է տեղի ունեցել ու ինչպես, ինչը չափազանց կարևոր է:
«Այնուամենայնիվ, պետք է պարզաբանվի, թե ինչ է տեղի ունեցել, և գուցե ժամանակի ընթացքում ու ապագա համաձայնությունների շրջանակում այդ հարցը լուծվի: Կարծում եմ՝ ՌԴ-ն դրան կողմ է, պարզապես ամեն ինչ չէ, որ դիվանագիտական բառապաշարով այսօր կարող է ասվել»,- նկատեց նա: