Հայաստանի ձեռք բերած տիեզերական արբանյակից ստացվող լուսանկարներն օգտակար կլինե՞ն իրավական քարտեզների կամ քաղաքաշինական խնդիրների լուծման համար

Կառավարության մայիսի 26-ի նիստի սկզբում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 2022թ. մայիսի 25-ին, Երևանի ժամանակով 22:35-ին ԱՄՆ-ի Կանավերալ հրվանդանում գտնվող տիեզերակայանից Space X ընկերության տիեզերանավով երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել Հայաստանի առաջին տիեզերական արբանյակը:

Satlantis-ի (արբանյակը պատրաստած իսպանական ընկերությունը) հայտարարության մեջ նշվում է, որ Երկրի դիտարկման այս համակարգը` արբանյակը, անցնում է Հայաստանին, իսկ արբանյակի աշխատանքային անվանումը Urdaneta-ից փոխակերպվում է ArmSat 1-ի: Արձակման հաջորդ օրը` մայիսի 26-ին, Երևանի ժամանակով ժամը 03։31-ին արբանյակն առաջին անգամ հաղորդակցության է դուրս եկել, ու ըստ տվյալների՝ դրա բոլոր ենթահամակարգերը գտնվում են նորմալ վիճակում:

Քարտեզագիր Շահեն Շահինյանից հետաքրքրվեցինք՝ Հայաստանի ձեռք բերած տիեզերական արբանյակից ստացվող լուսանկարներն օգտակար կլինե՞ն գլոբալ վերլուծությունների համար, կարո՞ղ են կադաստրային քարտեզների ուղղման, սանտիմետրային ճշտությամբ կոորդինատների ստացման համար դրանք օգտագործել: Ընդհանրապես ոլորտի համար ինչո՞վ կարող է օգտակար լինել, վերջինը պատասխանեց.

«Արբանյակի տեխնիկական մասի վերաբերյալ դեռ շատ տվյալներ չկան, սակայն դատելով առկա տվյալներից, կարելի է ասել, որ արբանյակից ստացված տվյալները պիտանի են լինելու ընդհանրական վերլուծությունների և ոչ սանտիմետրային ճշտություն պահանջող խնդիրների լուծման համար։ Ստացվող նկարների լուծաչափը հավանաբար կլինի 1.5-2մ, որը պիտանի է ռազմական գերատեսչությունների որոշակի խնդիրների լուծման, գյուղատնտեսության, հանքարդյունաբերության, սակայն ոչ իրավական քարտեզների կամ քաղաքաշինական խնդիրների լուծման համար»։

Բյուրականի աստղադիտարանի նախկին տնօրեն Հայկ Հարությունյանն ավելի վաղ մեզ հետ զրույցում ասել էր, որ իր կարծիքով՝ արբանյակը ցածր ուղեծրով է շարժվելու:

«2013թ. խոսակցությունները, որ պետք է Հայաստանն առաջին արբանյակը դուրս բերեր Երկրի ուղեծիր, այն գեոստացիոնար էր, լուրջ արբանյակ է, կախվում է երկրի մեկ կետի վրա: ArmSat անունով էր կոչվելու, բայց մնաց երազանք: Իսկ այս մյուսը, քանի որ առայժմ ինֆորմացիա չկա, կարծում եմ, ցածր ուղեծրով է շարժվելու: Ենթադրում եմ՝ տարածության մեջ կողմնորոշման որևէ մեխանիզմ չունի: Ռազմական առումով օգտակար լինելուն չեմ հավատում, որովհետև դրանք լուրջ գործիքներ են»,- ասել էր Հայկ Հարությունյանը:

Ֆիզմաթ գիտությունների թեկնածու, Արտեմ Ալիխանյանի անվան Երևանի ֆիզիկայի ինստիտուտի (ԱԱԳԼ) գիտաշխատող Վաչիկ Խաչատրյանն էլ հավելել էր. «Արբանյակն ունի մոտ 1.8 մ լուծունակություն, ինչը պատերազմական իրավիճակներում երևի այդքան էլ մեծ օգուտ չի տալու։ Մի տանկը կերևա 2 պիքսել։ Այսինքն, դժվար կլինի հասկանալ՝ դա տա՞նկ է, թե՞, ասենք, ամպի լույսի ու ստվերի խաղ»:

Տեսանյութեր

Լրահոս