Օգտագործվողները. անցանկալի անձանց չեզոքացնելու՝ իշխանությունների կամիկաձեները
Ժողովրդավարության բաստիոն Հայաստանում նոր կյանք է առել միայն ոստիկանի ցուցմունքով անձին կալանավորելու արատավոր պրակտիկան: Դրա մասին են վկայում վերջին օրերին քաղաքացիական խաղաղ անհնազանդության ակցիաների մասնակիցների կալանավորումները: Բացառապես երեք ոստիկանի ցուցմունքներով երեկ կալանավորվեց ՀՀ երրորդ նախագահի եղբորորդին՝ Հայկ Սարգսյանը, մեկ ոստիկանի ցուցմունքով՝ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, ավելի վաղ, կրկին մեկ ոստիկանի ցուցմունքով, իսկ ավելի ուշ նաև մի քանի ոստիկանների հաստատմամբ՝ կալանավորվել էր ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի որդին՝ Իգոր Խաչատուրովը:
Հայկ Սարգսյանն ու Տիգրան Խաչատրյանը մեղադրվում են մայիսի 30-ին Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ զանգվածային անկարգություններին մասնակցելու մեջ, իսկ Իգոր Խաչատուրովը՝ մայիսի 17-ին Կիևյան փողոցում խաղաղ անհնազանդության ակցիային մասնակցելիս ոստիկանին 5 անգամ հարվածելու մեջ:
Օրերս 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի ընթացքում Իգոր Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը հանգամանորեն անդրադարձել էր իր պաշտպանյալի ձերբակալության ու կալանավորման ողջ ընթացքին, դրանցում տեղ գտած ապօրինություններին, ասել, որ դեպքի օրը Իգոր Խաչատուրովը մի քանի ակցիայի է մասնակցել, իսկ նրան բերման են ենթարկել իրեն վերագրվող արարքը կատարելուց մոտ 4 ժամ անց, երբ վերջինս այլ ակցիայի էր մասնակցում:
«Այս ժամերի ընթացքում հիվանդ ուղեղներում ծնվում է, որ առավոտյան՝ 8:30-ի ակցիայի ժամանակ, Իգոր Խաչատուրովը ոչ ավել, ոչ պակաս, 5 անգամ ինչ-որ ոստիկանի հարվածել է: Ես իմ սոցցանցային էջերում հրապարակել էի այդ ոստիկանի լուսանկարները: Ես ընդհանրապես ձեռնպահ եմ մնում նման բաներ անելուց, բայց այդ կեղծիքն այնքան ակնհայտ էր, որ հրապարակեցի նկարներն ու ասացի՝ միջնորդելու ենք քննչական փորձարարություն իրականացնել, որ պարզվի՝ եթե Իգոր Խաչատուրովը 5 անգամ հարվածի ոստիկանին, նրանից ի՞նչ կմնա»,- ասել էր Միհրան Պողոսյանը՝ հավելելով, որ ոստիկանը հայտնել է նաև, թե այդ հարվածների ընթացքում ինքը կորցրել է գիտակցությունը:
Ըստ պաշտպանի՝ հասկանալով, որ Իգոր Խաչատուրովի արարքը չի հաստատվում, սկսում են ցուցմունքների լրամշակումը, և մի քանի այլ ոստիկաններ հաստատել են՝ իբր տեսել են՝ ինչպես է Իգոր Խաչատուրովը հարվածում ոստիկանին: Հարց է առաջանում՝ իսկ ինչո՞ւ էին կանգնել ու նայում, երբ իրենց ծառայակցին ծեծում էին, ինչո՞ւ չէին միջամտում կամ կանխում:
Նշենք, որ որևէ տեսանյութով Իգոր Խաչատուրովին մեղսագրված արարքը չի հաստատվում:
Այս պահի դրությամբ Իգոր Խաչատուրովը կալանավորված է, իսկ գիշերվա կեսին հապշտապ դատարան «բերման ենթարկված», դատավոր Դավիթ Արղամանյանի ինքնաբացարկից հետո Յուրի Խաչատուրովի որդուն կալանավորած դատավոր Արուսիկ Ալեքսանյանը մեկ շաբաթից ավելի դատարան մուտքագրված պաշտպանական կողմի վերաքննիչ բողոքը չի ուղարկում:
Քաղաքական հնչեղ գործերով ավանդաբար և պարբերաբար իր անունը շրջանառության մեջ դնող Դավիթ Արղամանյանը երեկ մերժեց նաև Տիգրան Խաչատրյանի պաշտպան Բենիկ Գալստյանի ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը և կալանավորեց Սյունիքի նախկին մարզպետի որդուն:
«Անձը բերման է ենթարկվում խուլիգանության կասկածանքով, ժամը 14:30-18:55-ը փաստացի մնում է ոստիկանության բաժնում, չեն կողմնորոշվում՝ ինչ անեն, վերջում անձին ձերբակալում են այլ հոդվածով՝ 316-ի 1-ին մասով՝ իշխանության ներկայացուցչի, տվյալ դեպքում՝ ոստիկանի նկատմամբ դիմադրություն ցույց տալու համար, հաջորդ օրը մեղադրանք են առաջադրում արդեն 225 հոդվածի 2-րդ մասով՝ զանգվածային անկարգությունների մասնակցի կողմից բռնություն գործադրելը»,- երեկ մինչև ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ որոշման հրապարակումը լրագրողների հետ զրույցում իրավիճակի աբսուրդը ներկայացրեց Բենիկ Գալստյանը: Ավելի ուշ Դավիթ Արղամանյանը, իհարկե, կալանավորեց Տիգրան Խաչատրյանին, և նրա պաշտպանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրեց, որ հիմնավոր կասկածը հաստատող միակ տվյալը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի և ՀՀ Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշմամբ (բոլորիս հայտնի Ջհանգիրյանի գործով) ամրագրված իմպերատիվ պահանջների ուղղակի խախտմամբ ոստիկանության մի օպերլիազորից վերցված ցուցմունքն է։
«Այս դեպքով հաղորդում եմ ներկայացնելու դատավորի, քննիչի և օպերլիազորի կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ… վստահ եմ՝ վաղ թե ուշ դատվելու են, ավելի կոնկրետ՝ ՆՍՏԵԼՈՒ ԵՆ»,- ասել էր պաշտպան Բենիկ Գալստյանը:
Նրա խոսքով՝ փաստացի իրենք ունեն մեկ ոստիկանի ցուցմունք, ով գտնվել է այդ վայրում՝ իրականացնելով իր լիազորությունները: Ինքն այնտեղ գտնվել է որպես հետաքննության մարմնի աշխատակից, բայց նա ցուցմունք է տվել, որն արդեն իսկ օրենքով արգելված է, որովհետև Քրեական դատավարության օրենսգիրքն ասում է՝ որպես վկա չեն կարող հարցաքննվել այն անձինք, ում տեղեկությունները հասու են դարձել որպես հետաքննության մարմնի աշխատակից:
Ի դեպ, Գագիկ Ջհանգիրյանի գործի մասին:
«Բացի այդ, ունենք Եվրոպական դատարանի մի շարք նախադեպային որոշումներ, և ունենք Գագիկ Ջհանգիրյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի կայացրած որոշում, ըստ որոնց՝ ոստիկանության աշխատակցի կողմից մեղադրական բնույթի ցուցմունքը զանգվածային միջոցառման մասնակցի նկատմամբ պետք է ստուգվի հնարավորինս մանրակրկիտ և չի կարող ինքն իրենով դրվել մեղադրանքի հիմքում: Ավելին, ըստ էության Վճռաբեկ դատարանը բարձր սանդղակ է սահմանում՝ ասելով՝ քննիչն այդ պայմաններում պետք է շարժվի այն կանխավարկածով, որ ոստիկանության աշխատակիցը գործում է գերատեսչական շահերից ելնելով»,- Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի վերաբերյալ կայացված որոշման էությանը ծանոթացրեց Բենիկ Գալստյանը՝ հիշեցնելով, որ Գագիկ Ջհանգիրյանը 2008թ. ձերբակալվել, ապա կալանավորվել էր մեկ ոստիկանի ցուցմունքով, և հենց այս հանգամանքն է նրան արդարացնելու համար հիմք հանդիսացել:
Այդ մասին նաև 168.am-ի հետ զրույցում Իգոր Խաչատուրովի պաշտպանն էր ասել:
«Ոստիկանի ցուցմունքով՝ անձին կալանավորելու պրակտիկան մենք՝ իրավաբաններով, համարում էինք, որ դուրս է եկել իշխանության շատ սիրելի Գագիկ Ջհանգիրյանի նախադեպով, երբ վերջինս ընդամենը մեկ դիմում ներկայացրեց Վճռաբեկ դատարան՝ 2008թ. իր դատապարտումը չեղյալ համարելու հետ կապված, որովհետև դա շատ հրատապ էր պետք իշխանությանը. Գագիկ Ջհանգիրյանը պետք է որպես դատավոր հանդես գար ԲԴԽ-ում: Վճռաբեկ դատարանը, մեջբերելով ՄԻԵԴ-ի նախադեպային որոշումը, ինչն իմ կարծիքով՝ շատ տեղին էր, արձանագրեց, որ չի կարելի անձին դատապարտել միմիայն ոստիկանների ցուցմունքների և դրանցով չփոխկապակցած որևէ այլ ապացույցի բացակայության պայմաններում»,- ասել էր Միհրան Պողոսյանը:
Միմիայն ոստիկանների ցուցմունքներով երեկ կալանավորվեց նաև Հայկ Սարգսյանը, ում ավելի վաղ Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ գտնվող սրճարաններից մեկից, առանձնակի դիտարժան «մասկի-շոուի» բեմադրմամբ ձերբակալել էին:
Այդ առնչությամբ վերջինիս պաշտպան Ամրամ Մակինյանը երեկ իր ֆեյսբուքյան էջում գրել էր՝ ոստիկանության երեք ծառայողների սուտ մատնության հիման վրա իմ պաշտպանյալ Հայկ Սարգսյանը կալանավորվեց…
«Մտածում եմ, թե կեղծ զեկուցագրերով մարդուն անազատության ուղարկող ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպեր լիազոր Արամ Գրիգորյանն ու ոստիկանության զորքերի ծառայողներ Բեգլար Հակոբյանն ու Արմեն Դավթյանն ինչ կզգան, երբ իրենց կձերբակալեն թմրանյութեր իրացնելու կասկածանքով… Համոզված եմ՝ նույնը, ինչ հիմա զգում է Հայկը՝ մանկահասակ որդու ծննդյան օրն իր չարածի համար կալանավորվելով…»,- գրել էր փաստաբանը:
Նա նաև շեշտել էր՝ չկա որևէ ապացույց, բացի ոստիկանների ցուցմունքից, որ կհաստատեր այն հանգամանքը, որ իր պաշտպանյալը կատարել է իրեն վերագրվող արարքը:
«Երկու օր է՝ պնդում ենք, որ մեզ մատնացույց անեն Հայկի կողմից թեկուզ կես ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառելու տեսանյութի կտոր, չէ՞ որ տասնյակ տեսախցիկներով նկարված է ամենը, պարզվեց տեսանյութ ՉԿԱ, դե չեղած բանը լինել էլ չէր կարող և իսկ նեռի ծննդյան տոնին ընդառաջ նվեր էր պետք և նվերն ընծայեցին մատնիչ ոստիկանները…»,- գրել էր Ամրամ Մակինյանը:
Իհարկե, օգտագործված լինելու իրավունքը յուրաքանչյուր անձի ազատ կամարտահայտության իրավունքն է, և տվյալ դեպքում նշված ոստիկաններն իրենք են որոշում՝ ինչ, ինչու ու ինչ ակնկալիքով անել: Մենք միայն շարադրել ենք փաստական հանգամանքները, իսկ հակառակի վերաբերյալ պնդումներ նշված քրեական գործրում չկան:
Քաղաքական իշխանությունները ընտրում են կոնկրետ անձանց, միգուցե որոշակի հանգամանանքերով կաշկանդված ու խոցելի ոստիկանների, իսկ միգուցե՝ ոչ, և ոստիկաններն իրենք են ինքնահոժար մտել այս կեղծիքի տակ, ու չեզոքացնում են կոնկրետ անձանց ու ըստ իրենց՝ նաև շրջանակների:
Բայց ինչպես ընդունված է ասել, ոչ մի իշխանություն հավերժ չէ, և վաղը այդ մարդիկ պետք է ապրեն այս երկրում, եթե, իհարկե, սուտ մատնության ու կեղծ ցուցմունքի համար բոնուսների թվում չկա նաև ուղեգիր դեպի Լուսին: Այս երկրում պետք է ապրեն նրանց զավակները, ում առաջ ամեն վայրկյան դամոկլյան սրի պես կախված է լինելու իրենց հայրերի՝ բարոյական որևէ հարթության մեջ չտեղավորվող արարքը:
Իսկ հարցի իրավական կողմով, իհարկե, կզբաղվեն փաստաբանները և վստահաբար կզբաղվեն հանգամանորեն ու կրկնապատկված եռանդով: