«Ինչ-որ մի հիվանդ ուղեղում ծնվել է միտք, որ Իգոր Խաչատուրովին պետք է կալանավորել». Միհրան Պողոսյան
«Մեկ ոստիկանի ցուցմունքով է կալանավորվել Իգոր Խաչատուրովը, բայց այդ գործողությունն իրականացնելիս փնթիության աստիճանն այնքան մեծ է, որ նույնիսկ իրենք իրենցով՝ քննչական մարմին, ոստիկանություն, այդ ցուցմունքները չեն կարողանում այնպես ներկայացնել, որ նախ՝ մեկը մյուսին չհակասի, և երկրորդ՝ գոնե օբյեկտիվ իրականությանը մի քիչ մոտ լինի»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ասաց ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի որդու՝ Իգոր Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը՝ անդրադառնալով վերջինիս նկատմամբ հարուցված քրեական գործին, դրա ընթացքին ու իր պաշտպանյալի կալանավորման նիստին:
Հիշեցնենք՝ Իգոր Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ իշխանության ներկայացուցիչ հանդիսացող՝ ՀՀ ոստիկանության աշխատակցի օրինական պահանջին չենթարկվելը և նրա նկատմամբ բռնություն գործադրելը:
Միհրան Պողոսյանը հանգամանորեն անդրադարձավ իր պաշտպանյալի ձերբակալության ու կալանավորման ողջ ընթացքին, դրանցում տեղ գտած ապօրինություններին: Ասաց, որ դեպքի օրը Իգոր Խաչատուրովը մի քանի ակցիայի է մասնակցել, իսկ նրան բերման են ենթարկել իրեն վերագրվող արարքը կատարելուց մոտ 4 ժամ անց, երբ վերջինս այլ ակցիայի էր մասնակցում:
«Այս ժամերի ընթացքում հիվանդ ուղեղներում ծնվում է, որ առավոտյան՝ 8:30-ի ակցիայի ժամանակ, Իգոր Խաչատուրովը ոչ ավել, ոչ պակաս, 5 անգամ ինչ-որ ոստիկանի հարվածել է: Ես իմ սոցցանցային էջերում հրապարակել էի այդ ոստիկանի լուսանկարները: Ես ընդհանրապես ձեռնպահ եմ մնում նման բաներ անելուց, բայց այդ կեղծիքն այնքան ակնհայտ էր, որ հրապարակեցի նկարներն ու ասացի՝ միջնորդելու ենք քննչական փորձարարություն իրականացնել, որ պարզվի՝ եթե Իգոր Խաչատուրովը 5 անգամ հարվածի ոստիկանին, նրանից ի՞նչ կմնա»,- ասաց Միհրան Պողոսյանը՝ հավելելով, որ ոստիկանը հայտնել է նաև՝ այդ հարվածների ընթացքում ինքը կորցրել է գիտակցությունը:
Ըստ պաշտպանի՝ հասկանալով, որ Իգոր Խաչատուրովի արարքը չի հաստատվում, սկսում են ցուցմունքների լրամշակումը:
«Այս ամեն ինչը շատ լավ գիտակցելով՝ Իգոր Խաչատուրովի կողքին եղել են մարդիկ, ովքեր տեսանկարահանել են բոլոր գործողությունները: Իմ պաշտպանյալը միջնորդել է հարցաքննել նրանց: Քննչական մարմինը որևէ գործողություն չի անում»,- ասաց Միհրան Պողոսյանը:
Պաշտպանը պնդեց՝ օբյեկտիվ իրականության մեջ չի կարող լինել տեսանյութ, որտեղ կերևա՝ Իգոր Խաչատուրովը հարվածում է ոստիկանին, չի եղել հարված առհասարակ:
«Ինչ-որ մի հիվանդ ուղեղում ծնվել է միտք, որ Իգոր Խաչատուրովին պետք է կալանավորել: Այդ միտքն իրականացնելու համար հայտնվել է ոստիկան, այլ ոստիկաններ, ովքեր իբր տեսել են, քննչական մարմին, ով մեծ սիրով պատրաստ է եղել այդ գործողություններն իրականացնել»,- ասաց Միհրան Պողոսյանը:
Անդրադառնալով ՔԿ հաղորդագրության այն հատվածին, թե տվյալներ կան՝ Իգոր Խաչատուրովը թմրանյութ օգտագործած վիճակում է կատարել այդ արարքները, և, որ նա հրաժարվել է տոքսիկոքիմիական փորձաքննության համար փորձանմուշ տալուց, Միհրան Պողոսյանն ասաց՝ Իգոր Խաչատուրովը չի հրաժարվել փորձանմուշ տալ, և թեպետ դա նրա իրավունքն էր, այլ ոչ՝ պարտականությունը, նա համաձայնել է գնալ ու հանձնել, սակայն, երբ հասել են այն հաստատությունը, ուր պետք է վերցնեին այդ նմուշը, պարզվել է՝ պաշտպանը ծանուցված չէ, և դրա համար է Խաչատուրովը հրաժարվել է առանց իր պաշտպանի ներկայության հանձնել փորձանմուշը:
Միհրան Պողոսյանն ասաց՝ որևէ մեկի ցուցմունքում չկա գրված, որ Իգոր Խաչատուրովը թմրանյութ է օգտագործել. այդ դրվագը իր պաշտպանյալին վարկաբեկելու համար զեկուցագրի տեսքով մեդիադաշտ է նետել ինչ-որ ոստիկան:
«Բացառված է՝ Իգոր Խաչատուրովը թմրանյութերի հետ որևէ առնչություն ունենա: Պարզապես Իգոր Խաչատուրովն ասել է՝ ես առանց իմ պաշտպանի որևէ քննչական գործողության չեմ մասնակցում»,- ասաց Միհրան Պողոսյանը:
Անդրադառնալով կալանքի նիստին՝ Միհրան Պողոսյանը ներկայացրեց այն հանգամանքները, որոնց արդյունքում դատավոր Դավիթ Արղամանյանը բավարարել է պաշտպանական կողմի՝ իրեն ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը: Նա մանրամասներ չհայտնեց, ասաց, որ ինքնաբացարկի հիմքն իր հետ կապված չի եղել, բայց իրենք անառարկելի փաստեր են ներկայացրել, ըստ որոնց՝ Դավիթ Արղամանյանն այդ գործը չէր կարող քննել:
Բայց ավելի ուշագրավ էր ինքնաբացարկի միջնորդության բավարարումից հետո մինչև հաջորդ դատավորի կողմից կալանքի նիստի քննության պատմությունը:
Իգոր Խաչատուրովի ձերբակալման իրավաչափության վիճարկման բողոքը, ըստ նրա, չի մակագրվել 16 ժամ, և դա տեղի է ունեցել միայն այն ժամանակ, երբ քննչական մարմինը որոշում է կալանքի միջնորդություն ներկայացնել, որ այդ երկու նիստերը համատեղ քննվեն:
«Մոտ 4 ժամ տևեց դատական նիստը: Ժամը 21:07-ին դատարանը հեռանում է խորհրդակցական սենյակ, որպեսզի որոշում կայացնի: Գիշերը՝ 21:25-ի սահմաններում, դատարան է ժամանում Արուսյակ Ալեքսանյանը, երբ դեռ որոշում հրապարակված չկա, իր անձնական ավտոմեքենայով: Այդ ամենը ֆիքսված է: Երևի Արուսիկ Ալեքսանյանը գերբնական ուժով էր օժտված ու գիտեր՝ ինքնաբացարկի միջնորդությունը բավարարվելու է՝ հերիք չի, դեռ դատարանի նախագահ Մկրտչյան Արթուրն էլ իրեն է մակագրելու այդ գործը»,- ասաց Միհրան Պողոսյանը:
Ըստ փաստաբանի՝ 21:45-ին Դավիթ Արղամանյանը հրապարակում է ինքնաբացարկի վերաբերյալ որոշումը, իրենք այն ստանում են, ու քանի որ մտածում են՝ գիշերվա կեսին նիստ չեն նշանակի, քանի որ նախորդը շուրջ 16 ժամ անց են նշանակել իր միջնորդությունից հետո, գնում է տուն:
«Արուսիկ Ալեքսանյանին, փաստորեն, նախապես բերման են ենթարկում դատարան, ու 22:08 րոպեին այս միջնորդությունը Արթուր Մկրտչյանը մակագրված ուղարկում է Ալեքսանյանի գրասենյակ՝ առանց ֆիզիկապես էդ գործը տեսնելու: 22:10-ին իբր Արուսիկ Ալեքսանյանի կազմը փորձել է ինձ տեղեկացնել, որ դատական նիստը նշանակված է 23:00-ին»,- իրավիճակի աբսուրդը ներկայացրեց Միհրան Պողոսյանը՝ խոսելով նաև Արուսիկ Ալեքսանյանի անթույլատրելի վարքագծի ու ոչ պատշաճ բառամթերքի մասին:
Պաշտպանի խոսքով՝ երբ ողջ շղթան ուսումնասիրում ես, հասկանում ես, որ իրավիճակը հետևյալն է՝ «Արուսիկ Ալեքսանյանին գնացել, տնից վերցրել, ասել էին՝ աղջիկ ջան, կգնաս, կալանքի որոշումը կկայացնես»:
«Արուսիկ Ալեքսանյանը հիմա էլ կոնկրետ վատ վերաբերմունք է դրսևորում պաշտպանական կողմի նկատմամբ: Բողոքն արդեն 6 օր է՝ մուտքագրված է դատարանում, բայց այդ բողոքը Վերաքննիչ դատարան դատավորի աշխատակազմը չի ուղարկում»,- ասաց Միհրան Պողոսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում