«Ոստիկանության 3 ծառայողների սուտ մատնության հիման վրա իմ պաշտպանյալ Հայկ Սարգսյանը կալանավորվեց». Ամրամ Մակինյան
Փաստաբան Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ոստիկանության երեք ծառայողների սուտ մատնության հիման վրա իմ պաշտպանյալ Հայկ Սարգսյանը կալանավորվեց…
Մտածում եմ, թե կեղծ զեկուցագրերով մարդուն անազատության ուղարկող ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպեր լիազոր Արամ Գրիգորյանն ու ոստիկանության զորքերի ծառայողներ Բեգլար Հակոբյանն ու Արմեն Դավթյանն ինչ կզգան, երբ իրենց կձերբակալեն թմրանյութեր իրացնելու կասկածանքով…
Համոզված եմ՝ նույնը, ինչ հիմա զգում է Հայկը՝ մանկահասակ որդու ծննդյան օրն իր չարածի համար կալանավորվելով…
Իսկ էս անհեթեթության հետ կապված նշեմ. երկու օր է պնդում ենք, որ մեզ մատնացույց անեն Հայկի կողմից թեկուզ կես ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառելու տեսանյութի կտոր, չէ՞ որ տասնյակ տեսախցիկներով նկարված է ամենը, պարզվեց տեսանյութ ՉԿԱ, դե չեղած բանը լինել էլ չէր կարող և իսկ նեռի ծննդյան տոնին ընդառաջ նվեր էր պետք և նվերն ընծայեցին մատնիչ ոստիկանները…
Այս պահին առայժմ ասում եմ՝ Ամոթ զեզ, իսկ քիչ հետո հաղորդում կներկայացնեմ ձեզ դատապարտելու համար…
Չմտածեք, չենք մոռանալու ոչ ձեզ, ոչ էլ ձեր պատվիրատուներին. նվերները կստանաք ճիշտ ձեր որդիների ծննդյան տոներին…»։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթը՝ «Հայկական ժամանակը» գրել էր, որ իրենց տեղեկություններով՝ ՀՀ քննչական կոմիտեն ձերբակալել է Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի փոքր տղային՝ Հայկ Սարգսյանին: Դրան հաջորդեցին իշխանական մյուս լրատվամիջոցները՝ գրելով, որ Կառավարության 3-րդ մասնաշենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող ցուցարարները փորձել են ներխուժել Կառավարության 3-րդ շենք, բերման ենթարկված 111 քաղաքացիների թվում է եղել նաև Հայկ Սարգսյանը։