«Կառավարության որդեգրած յուրաքանչյուր կետ համարում եմ իմը». Արմեն Փամբուխչյան
Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը զերծ մնաց գնահատական տալ ԱԻ նախկին նախարար, ազգային հերոս Անդրանիկ Փիլոյանի դեմ հարուցված քրեական գործի առնչությամբ։
«Առհասարակ որդեգրել եմ, որ երբևէ չեմ անդրադառնալու, հետևելու եմ պաշտոնական նորություններին՝ հակակոռուպցիոն կոմիտեից։ Ուզում եմ նշել, որ չպետք է մոռանալ մարդու անմեղության կանխավարկածի մասին, առհասարակ մեր քաղաքական թիմի որդեգրած մոտեցումն է, որ անկախ անձի անցած ճանապարհից և այլն, եթե կա արարք, ապա անկախ ամեն ինչից՝ այն պետք է գնահատվի»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Արմեն Փամփուխչյանը։
Նախարարի կարծիքով՝ սխալ են այն գնահատականները, թե այս իշխանությունը փորձում է արժեզրկել բոլոր հերոսների անցած ուղին։
Ինչ վերաբերում է ընդդիմության այն հայտարարություններին, թե Կառավարության անդամները վախենում են ասել, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, ԱԻ նախարարը խուսափեց արտասանել ընդդիմության առաջարկած նախադասությունը, պարզապես ասաց, որ իր դիրքորոշումն արտահայտված է կառավարության ծրագրում։
«Ես ամբողջությամբ կիսում եմ Կառավարության կողմից տարվող բանակցությունները, սա է իմ անձնական դիրքորոշումը։ Կարծում եմ՝ ԱԻՆ-ը և ԱԻ նախարարն իրավասու չեն նման գնահատական տալ, ես ընդամենը կասեմ, որ կառավարության որդեգրած յուրաքանչյուր կետ համարում եմ իմը։ Ես այդ հարցին պատասխանեցի, չեմ ուզում…»,- շեշտեց նա։
Միաժամանակ նա նշեց, որ Ադրբեջանի հետ սահմանազատման ու սահմանագծման հանձնաժողովում ԱԻՆ-ից որևէ ներկայացուցիչ ներկայացված չէ։
Անդրադառնալով մամուլի այն հրապարակումներին, որ ԱԻՆ-ում նախարարի կարգավիճակ ավելի շատ ունի Արմեն Գասպարյանը, քան ինքը, գործող նախարար Փամբուխչյանն արձագանքեց, որ ԱԻՆ-ում նախարարի կարգավիճակ ունի մեկ հոգի, իսկ մնացած բոլոր ծառայությունները կարևոր են, իսկ Փրկարար ծառայությունը ԱԻՆ-ի ողնաշարն է։
«Մենք սերտ համագործակցություն ունենք Փրկարար ծառայության տնօրենի հետ, որը կազմում է ԱԻՆ-ի աշխատակիցների գրեթե 90 տոկոսը, ըստ այդմ կարող է նման տպավորություն ստեղծվել։ Ես գնդապետ Գասպարյանի հետ ունեմ մտերմիկ հարաբերություններ, այդ թվում՝ նաև իր նշանակման հետ կապված՝ ունեցել եմ իմ ներդրումը»,- նշեց նախարարը։
Հարցին՝ Սյունիքում ստեղծված իրավիճակով պայմանավորված, երբ մարդիկ շատ են դիմում ԱԻՆ-ին, նախարարությունում աշխատանքային որևէ փոփոխություն եղե՞լ է, Արմեն Փամբուխչյանը պատասխանեց, որ այդ առումով կան փոփոխություններ, սակայն զերծ կմնա հրապարակային պատասխանելուց։