«Պետության անունից բանակցելիս առնվազն կարմիր գծերը պետք է ֆիքսեն, վախենում են՝ Ալիևին խոսք են տվել»
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը չի ասում, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, քանի որ դա նշանակում է բանակցությունների ընթացքում գիծ դնել ու ասել` սրանից հետո չենք խոսելու։ Խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հնչեցրած Ալեն Սիմոնյանի այս հայտարարությունների վերաբերյալ 168.am-ը լսել է ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանի գնահատականները:
ԱԺ փոխխոսնակը նման հայտարարությունները որակեց մանիպուլյացիա ու կեղծիք՝ շեշտելով. «Իշխանությունը, որը բանակցում է երկրի ու ժողովրդի անունից, պարտավո՞ր է հայտարարել այն կարմիր գծերը, որը երբեք չի անցնելու: Սա է մեր պահանջը. ասում ենք՝ դու մեր թիկունքում բանակցություն ես վարում՝ առանց կարմիր գիծ ունենալու, կամ ունի ինքը՝ հայտարարել է՝ նշաձողն իջեցնում է:
Մենք ի՞նչ ենք ասում. ասում ենք՝ դու ժողովրդի ու պետության անունից երբ բանակցություն ես վարում, առնվազն կարմիր գծերը պետք է ֆիքսես: Իրենք վախենում են, որովհետև Ալիևին խոսք են տվել: Վախենում են, որովհետև պատերազմից անցել է 1.5 տարի, միայն ներքին զորքերի ու ոստիկանության թիվն է ավելացել, իսկ բանակի թիվը կրճատվել է. սա է իրականությունը:
Մենք իրենց քաղաքական փակուղի ենք մտցրել. իրենք այլևս ասելիք չունեն: Ձևակերպել ենք այն նվազագույն պահանջները, որով հանդես պետք է գա ցանկացած իշխանություն: Իրենք փախչում են, որովհետև գնում են երկիր հանձնելու ճանապարհով»: