Բաժիններ՝

Միլիոնների անհամապատասխանություններ, թեստերի արդյունքներ, որոնք համակարգում են հայտնվել հանձնելուց առաջ. ՀՊ-ն՝ Covid 19-ի կանխարգելման մասին

168.am-ը մի քանի հրապարակմամբ անդրադարձել է Հաշվեքննիչ պալատի՝ Առողջապահության նախարարության 2021թ. հաշվեքննության տարեկան արդյունքների ուշագրավ դրվագներին։

Այս հրապարակմամբ ներկայացնում ենք Առողջապահության նախարարությունում նոր կորոնավիրուսային համավարակով պայմանավորված բյուջետային ծախսերի իրականացման վերաբերյալ ՀՊ հաշվետվության արդյունքները. hաշվեքննությունն ընդգրկել է 2020թ. հունվարի 1-ից մինչև 2020թ. դեկտեմբերի 31-ը ժամանակահատվածը և իրականացվել է 2021թ. փետրվարի 10-ից մինչև 2022թ. մարտի 31-ը ներառյալ:

Հաշվեքննիչ պալատը տեղեկացնում է՝ նախարարությունը հայցված տեղեկատվությունը հաճախ տրամադրել է ոչ լիարժեք և ոչ ամբողջական

– չի տրամադրել վերապրոֆիլավորված և դեպքով (քեյս) ֆինանսավորվող ԲԿ-ների ընտրության չափորոշիչներն ու հիմնավորումները,

– չի տրամադրել թեստավորման կենտրոնների ընտրության չափորոշիչներն ու հիմնավորումները,

– հիվանդանոցային դեպքերի բուժման տվյալների բազայում չի տրամադրել շահառուների նույնականացման տվյալները, ինչը սահմանափակել է տվյալների համադրման և վերլուծության հնարավորությունը,

– չի տրամադրել դրական թեստավորում ունեցող պացիենտների հոսպիտալացման վերաբերյալ տվյալները, ինչը սահմանափակել է թեստավորում-հոսպիտալացում-վճարում շղթայի ամբողջական վերլուծության հնարավորությունը։ 

Հաշվեքննիչ պալատը՝ Ֆինանսական միջոցների ծախսման արդյունավետության մասին

Կառավարությունը համավարակի կանխարգելման, վերահսկման և բուժման նպատակով 2020թ. պետական բյուջեից հատկացրել է 26 միլիարդ 491 միլիոն 923 հազար դրամ։ Հաշվեքննությունն արձանագրում է, սակայն, որ համավարակի նպատակով հատկացված ֆինանսական միջոցները նպատակային և ծախսարդյունավետ ձևով չեն օգտագործվել.

– 974 միլիոն դրամի չափով աշխատավարձ և պարգևավճար է հատկացվել ԱՆ ենթակայության կազմակերպությունների, որոնք որևէ իրավական ակտով ներառված չեն եղել Covid 19-ի բժշկական օգնության և սպասարկման կազմակերպությունների ցանկում։

– 58 միլիոն 562 հազար դրամի չափով պարգևավճար է հատկացվել դեպքով ֆինանսավորվող ԲԿ-ներին:

– 148 միլիոն 248 հազար դրամ պարգևավճար է հատկացվել թվով 7 բժշկական կառույցների՝ այն դեպքում, երբ վերջիններս որևէ իրավական ակտով չեն համարվել համապատասխան ծառայություններ իրականացնողներ։

– 1 միլիարդ 826 միլիոն 135 հազար դրամ շինարարության և գույքի ձեռքբերման նպատակով հատկացվել է կազմակերպությունների, որոնք ոչ պահպանման, ոչ էլ առանձին դեպքերով ֆինանսավորվող կազմակերպությունների ցանկում ընդգրկված չեն եղել։

– 448 միլիոն 472 հազար դրամի չափով միջոցներ են հատկացվել նաև ԱՆ համակարգից դուրս այլ կազմակերպությունների:

Այսպիսով, ՀՊ-ն արձանագրում է՝ հատկացված միջոցներից 3 միլիարդ 455 միլիոն 436 հազար դրամ օգտագործվել է ոչ թե հիվանդության կանխարգելման ու բուժման, այլ նախարարության ու նրա ենթակայության ԲԿ-ներին, ՊՈԱԿ-ներին, ՓԲԸ-ներին աշխատավարձ ու պարգևավճար վճարելու, այդ կազմակերպություններում շինարարություն իրականացնելու, դրանց նյութատեխնիկական բազան համալրելու նպատակով:

Ներքին ընթացիկ հսկողական համակարգերի բացակայության հետևանքով հաջորդ կարևոր արձանագրումը, որ արել են հաշվեքննողները, վերապրոֆիլավորված ԲԿ-ներին հատկացված փաստացի կատարված աշխատավարձի ծախսերից 152 միլիոն 169 հազար դրամով ավելի փոխհատուցումն է: Իսկ դեպքով ֆինանսավորվող ԲԿ-ներում, օրինակ, վերհանվել են մեկ պացիենտի մեկ համակարգչային տոմոգրաֆիայի դիմաց բազմակի վճարման դեպքեր։

Նախարարությունը կատարված ծախսերի վերաբերյալ հաշվետվություններ չի ստացել

Ծախսային արդյունավետության գնահատման նպատակով իրականացվել է մեկ պացիենտի բուժման միջին արժեքի հաշվարկ, որը վերապրոֆիլավորված ԲԿ-ներում կազմել է 378.000 դրամ, իսկ դեպքով ֆինանսավորվող ԲԿ-ներում՝ 173.000 դրամ։ Մեկ պացիենտի բուժման միջին տևողությունը վերապրոֆիլավորված ԲԿ-ներում կազմել է 9 օր, իսկ դեպքով (քեյս) ֆինանսավորվող ԲԿ-ներում՝ 5 օր։

Հաշվեքննությունը տեղեկացնում է, որ տարբերությունները ոչ միայն այս դրվագով են, այլև՝ մեկ պացիենտի համար կատարված մասնագիտական անձնակազմի վարձատրության և դեղորայքային ու բժշկական նշանակության ապրանքների ծախսերի առնչությամբ:

Թեստավորման մասին

Հաշվեքննիչ պալատն արձանագրել է, որ ԱՆ կողմից թեստավորվածների վերաբերյալ ոչ ամբողջական և ոչ հավաստի տեղեկատվության տրամադրման հետևանքով սահմանափակվել է գործընթացի նկատմամբ հաշվեքննության շրջանակը. «մասնավորապես, հոսպիտալացվածների վերաբերյալ Հանրային ծառայության համարանիշ չտրամադրելու հետևանքով սահմանափակվել է շահառուների տվյալների համադրման հնարավորությունը, հնարավոր չի եղել՝ գնահատել հոսպիտալացվածների թեստավորման արդյունքները (դրական, թե բացասական), ուսումնասիրել թեստ հանձնելու և հոսպիտալացվելու ժամանակային համաչափությունը։

Թվով 2371 դեպքում թեստի արդյունքները համակարգ մուտքագրվել են մի քանի րոպեից մինչև մի քանի օր ավելի շուտ, քան թեստի հանձնման ժամկետն է եղել»:

Բուժման գործընթաց, մահճակալային ֆոնդ 

Մահճակալային ֆոնդի գերծանրաբեռնվածություն է եղել 2020թ. մայիս-հուլիս ամիսներին, երբ ստացիոնար բաժանմունքում փաստացի բուժում ստացող պացիենտների թիվը գերազանցել է մահճակալային ֆոնդը։

2020թ. օգոստոս-սեպտեմբեր և նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին եղել է մահճակալային ֆոնդի թերծանրաբեռնվածություն։ Մասնավորապես, առանձին օրերի չզբաղեցրած մահճակալների թիվը գերազանցել է ֆոնդի 50%-ը՝ գերազանցելով 1000-ը։ Նշված ժամանակահատվածում մահճակալային ֆոնդի ծանրաբեռնվածությունը եղել է ոչ լիարժեք։

Պարզվել է, որ 2020թ. նոր կորոնավիրուսային հիվանդության բուժման նպատակով վերապրոֆիլավորված բ/կ-ների ստացիոնար բաժանմունքի մահճակալային ֆոնդի ծանրաբեռնվածությունր կազմել է 69%։ Ամենացածր ծանրաբեռնվածությունն ունեցել են «Կապանի ԲԿ», «Սպիտակի ԲԿ» և «Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց» ՓԲԸ-ները, իսկ ամենաբարձրը՝ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» և «Մարտունու ԲԿ» ՓԲԸ-ները։

ՀՊ-ն չի ընդունել ԱՆ այն դիրքորոշումն առ այն, որ եթե հաշվարկների հիմքում ընկած է միջին թվաբանականի հաշվարկը, ապա մահճակալային ֆոնդի ծանրաբեռնվածության ցուցանիշը ոչ ճշգրիտ է: Նախարարությունից վստահեցրել են՝ թերծանրաբեռնված ամսվա ընթացքում մահճակալային ֆոնդի ծանրաբեռնվածությունը պակաս է եղել 50 տոկոսից, միջին ծանրաբեռնված ամսվա ընթացքում՝ ծանրաբեռնվածությունը եղել է 50-80 տոկոս, լիարժեք ծանրաբեռնված ամսվա ընթացքում՝ գերազանցել է 80 տոկոսը:

ՀՊ-ն մասնավորապես արձագանքել է, որ ստացիոնար մահճակալային ֆոնդի ծանրաբեռնվածությունը հաշվարկելիս հաշվեքննողները հիմնվել են ԱՆ կողմից տրամադրված պաշտոնական տեղեկատվության վրա, իսկ դիրքորոշումը չի ընդունվել, քանի որ հաշվարկի կատարման համար հաշվեքննողներին տրամադրվել է տարեկան ամփոփ ցուցանիշները, իսկ նախարարությունն իր դիրքորոշման հիմքում դրել է ամսական ցուցանիշների միջինացման սկզբունքը։

Տեղեկանում ենք, որ համանման պատկեր է արձանագրվել նաև վերակենդանացման բաժանմունքում մահճակալային ֆոնդի ծանրաբեռվածության առումով։

Ծախսերի կառուցվածքը

Ծախսերի գերակշիռ մասը բաժին է ընկել աշխատանքի վարձատրությանը՝ շուրջ 57%, որին հաջորդում է բժշկական նշանակության ապրանքների ձեռքբերման համար կատարված ծախսերը՝ 27%, այնուհետև՝ վերանորոգման ծախսերը՝ 4%։ Մնացած ծախսային ուղղությունների տեսակարար կշիռը փոքր է եղել 4%-ից:

Նախարարությունը չի պահպանել գնումների ոլորտը կարգավորող օրենսդրության պահանջները, որի հետևանքով առաջացել են մի շարք անհամապատասխանություններ և խեղաթյուրումներ

Օրինակ, հաշվեքննությամբ արձանագրվել է, որ 2020թ. սեպտեմբերի 11-27-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում սահմանված չի եղել ոչ արտակարգ իրավիճակ, և ոչ էլ ռազմական դրություն, սակայն բոլոր գնումներն այդ ժամանակահատվածում իրականացվել են մեկ անձից գնման միջոցով։

Ի դեպ, ՀՊ-ն նշում է 6 մլրդ 990 մլն 719 դրամի անհամապատասխանության մասին, որը ստացվել է «Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի և Առողջապահության նախարարության կողմից նոր կորոնավիրուսային համավարակի շրջանակներում վարվող պահեստների շարժի համադրման արդյունքում: ԱՆ և ՊՈԱԿ-ը պատշաճ հաշվապահական հաշվառում չեն վարել։

Հաշվեքննության վերջում Հաշվեքննիչ պալատը Առողջապահության նախարարությանն ու կառավարությանն ուղղված մի քանի առաջարկներով է հանդես գալիս՝ օրինակ, մշակել և ներդնել հաշվետվողականության մեխանիզմներ համավարակով պայմանավորված բյուջետային ծախսերի իրականացման շրջանակներում ԲԿ-ների կողմից կատարված ծախսերի և մատուցված ծառայությունների արժանահավատությունր գնահատելու նպատակով, հսկողական մեխանիզմներ, որոնք կբացառեն ներկայացված փաստացի ծախսերի դիմաց ավելի փոխհատուցման հնարավորությունները, Covid 19-ով պայմանավորված՝ բյուջետային ծախսերի նկատմամբ միջոցառման ֆինանսավորման համար սահմանել ծախսային ուղղություններ և արդյունքային ցուցանիշներ, ապահովել համավարակի շրջանակներում գնման գործընթացները մրցութային ձևով կազմակերպելու գործընթացը, և այլն:

Ի դեպ, այս հաշվեքննությանն անդրադարձել է նաև իշխանական պատգամավոր Արսեն Թորոսյանը. վերը նշված ժամանակահատվածում հենց նա էր Առողջապահության նախարարը:

Ըստ նրա՝ «Առողջապահության նախարարությունը զարմանալիորեն պատշաճ տվյալներ չի տրամադրել հաշվեքննություն իրականացնելու համար։

Հաշվեքննիչ պալատի կողմից ներկայացրած հաշվեքննության մեջ միտում եմ տեսնում։ Ակնհայտ երևում է ոչ մասնագիտական մոտեցում, և արձանագրություններն ընթերցելիս որևէ դրական նախադասություն չկա։

Ստացվում է, որ կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի շրջանակներում մենք որևէ ճիշտ բան չենք արել։

Բազմաթիվ երկրներ չեն կարողացել պատշաճ ֆինանսավորել կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարը և ունեցել են վատ արդյունքներ։ Մենք ունեցել ենք աշխարհում միջինից լավ արդյունքներ՝ բոլոր առումներով»:

Հիշեցնենք՝ 2020 թվականի հուլիս ամսին նախարար Թորոսյանն անդրադարձել էր Covid 19-ի կանխարգելմանն ու բուժմանն առնչվող՝ հանրությանը հուզող մի քանի հարցերի։

«Covid 19-ի համար նախատեսված գումարները ծախսվել են բուժական և այլ միջոցառումների համար սարքավորումներ ձեռք բերելու, բժշկական ծառայությունների համար վճարելու, բուժանձնակազմին վարձատրելու, կարանտինային վայրերում նրանց խնամքն ապահովելու համար, իսկ հաշվետվություն բազմիցս տարբեր առիթներով, տարբեր, այդ թվում՝ գրավոր հարցումներին պատասխանվել է, և այդ հաշվետվությունը չի կարող լինել վերջնական, որովհետև ծախսերը դեռ չեն ավարտվել և շարունակաբար տեղի են ունենում»,- հայտարարել էր նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս