G7-ի ֆինանսների նախարարները չեն համաձայնեցրել ռուսաստանյան նավթի ներմուծման ստրատեգիան
«Մեծ յոթնյակի» երկրների ֆինանսների նախարարները եւ Կենտրոնական բանկերի ղեկավարները չեն կարողացել միասնական ստրատեգիա մշակել ռուսաստանյան նավթի ներմուծումից հրաժարվելու կամ այն կրճատելու վերաբերյալ:
Այդ մասին մայիսի 20-ին հայտնել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Ջանետ Յելլենը: Նա լրագրողներին ասել է, որ Գերմանիայում տեղի ունեցած նախարարական հանդիպմանը քննարկվել են Ռուսաստանի նավթային եկամուտների սահմանափակման կրկնակի պատժամիջոցները եւ մյուս միջոցները՝ էներգակիրների գների ազդեցության նվազարկմամբ:
Նրա խոսքով՝ «նպատակն այն է, որպեսզի պահպանվի ռուսական նավթի մի մասի մուտքը շուկա՝ համաշխարհային գները չբարձրանալու համար»: Դրա համար կարելի էր ստեղծել ռուսական նավթի «գնորդների կարտել», որը կորոշեր առավելագույն գինը, որը ենթակա է վճարման, նպատակ ունենալով սահմանափակել ՌԴ-ի եկամուտները: «Շատերը, ներառյալ ես, գտնում են, որ դա գրավիչ է ընդհանուր տնտեսական տեսակետից, բայց իրականում ստիպել, որ դա աշխատի, դժվար է, եւ այդ բոլոր հարցերը մշակված չեն եղել»,-հավելել է Յելլենը:
Ինչպես հաղորդել է Bloomberg-ը, ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը նավթի գների սահմանափակումը կդարձնի Ասիայում իր ուղեւորության գլխավոր թեման, քանի որ ԱՄՆ-ը եւ նրա դաշնակիցներն աշխատում են Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ժամանակ Ռուսաստանի եկամուտների հիմնական աղբյուրներից մեկի սահմանափակման վրա: Այս հարցին ծանոթ մարդկանցից մեկի խոսքով՝ ԵՄ-ի ղեկավարները կպաշտպանեն գների սահմանափակումը, երբ մայիսի վերջին կհավաքվեն Բրյուսելում Ուկրաինայի իրադրությունը քննարկելու համար, նշում է գործակալությունը: «Եվրոպացիները փորձում են հասկանալ, թե իրենք ինչ են պատրաստվում անել, եւ դա հիմնականում կախված է հենց իրենցից»,-ասել է Յելլենը: «Նրանց գլխավոր նպատակը ռուսական նավթի կախվածությունից ազատվելն է հաջորդ տարվա ընթացքում, եւ, ես կարծում եմ, նրանք պատրաստ են քննարկել Ռուսաստանի եկամուտների կրճատման միջոցները»,-ընդգթել է նա: