Բաժիններ՝

Ուկրաինական փաստաթղթերով Հայաստան է եկել շուրջ 6000 անձ. նրանց մեծ մասը հայեր են

Ռուս-ուկրաինական բարդ իրավիճակով պայմանավորված՝ ակտիվացել է Ուկրաինայից, Ռուսաստանից Հայաստան ներգաղթի գործընթացը:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսին ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ռազմավարությունների մշակման բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանը նշեց, որ մեծ թվով հայեր հետաքրքրվում են Հայաստանում քաղաքացիություն ձեռք բերելու, կացության տարբեր կարգավիճակներ ստանալու հարցերով:

«Առաջին եռամսյակի տվյալներով՝ ուկրաինական փաստաթղթերով շուրջ 6 հազար սահմանահատում կա Հայաստան, այսինքն՝ ուկրաինական փաստաթղթերով մուտք են գործել մեր երկիր: Նրանց մեծ մասը հայեր են: Իրավիճակի սրացմամբ պայմանավորված՝ ՀՀ կառավարությունը մշակել էր արևմտյան սահմանով ԵՄ երկրներ՝ Լեհաստան, Սլովակիա, Հունգարիա, Ռումինիա դուրս գալու անցակետերի վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն, ինչը օգնել է մեր հայրենակիցներից շատերին դուրս գալ Ուկրաինայից: Դրանից բացի, համախմբել ենք ԵՄ այդ 4 երկրներում հայկական համայնքներին, որոնք կարողացել են կանգառի կայաններ ստեղծել մեր հայրենակիցների համար, մի քանի օր կանգ առնելու, Հայրենիք վերադարձը կազմակերպելու համար: Հայկական համայնքները զգալի օժանդակություն են ցուցաբերել մարդկանց տեղավորելու, փաստաթղթերը կարգի բերելու, ֆինանսապես աջակցելու, նրանց ճանապարհելու հարցում, ինչի համար շնորհակալ ենք»,-ասաց Հովհաննես Ալեքսանյանը:

Այն մեր հայրենակիցներին, որոնք երկրից դուրս գալու ֆինանսական հնարավորություն չեն ունեցել, Հայաստանը որոշակի օժանդակություն է ցուցաբերել, տոմսեր են ձեռք բերվել, որ կարողանան վերադառնալ: Հովհաննես Ալեքսանյանի խոսքով՝ եղավ մի պահ, երբ Ուկրաինայից դուրս եկած հայերին ընդունող եվրոպական երկրների հայ համայնքները, հատկապես Լեհաստանի հայ համայնքը, աշխատում էր ծանրաբեռնված, հնարավորությունները սեղմ էին: Հանձնակատարի գրասենյակը կառավարությանն ուղղված գրություն է պատրաստել դեսպանությունների ֆինանսական հնարավորություններն ընդլայնելու համար, որպեսզի քաղաքացիներին ուղված աջակցությունը շարունակվի:

«Իհարկե, չեղավ օդանավով հատուկ չվերթի կազմակերպում, բայց այլ ձևաչափով աջակցություն կա, և այն ընտանիքնեըը, որոնք դիմում են դեսպանություն, կարողանում են այդ հնարավորությունից օգտվել: Ասեմ, որ Գերմանիայի կառավարությունը ֆինանսավորում է վերադարձի ծրագիրը: Նրանք, ովքեր ՀՀ քաղաքացիներ են և Ուկրաինայից դուրս գալուց հետո ժամանակավորապես գտնվում են Գերմանիայի տարածքում, կարող են դիմել Գերմանիայի կառավարությանը ստանալ ֆինանսական աջակցություն»,-ասաց Հովհաննես Ալեքսանյանը:

Ուկրաինայից դուրս եկող հայերին ուղղված աջակցության հաջորդ փուլն իրականացվում է արդեն Հայաստանում: Սփյուռքի հանձնակատարի գրասենյակը ներկայում Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության հետ իրականացնում է մի ծրագիր, որն ունի 4 բաղադրիչ: Առաջին բաղադրիչը բնակվարձի սուբսիդավորումն է՝ մինչև 70 հազար դրամի չափով: Երկրորդ բաղադրիչը կրթական է. կան Ուկրաինայից ընտանիքներ, որոնց երեխաները սովորում են ՀՀ բուհերում: Եթե նրանք համապատասխան փաստաթղթերը ներկայացնեն, ապա կարող են ուսման վարձի սուբսիդավորում ստանալ: Երրորդ բաղադրիչը առողջապահական հարցերին է վերաբերում, 4-րդը՝ միանվագ աջակցությունն է: Ծրագրի տարբեր բաղադրիչներից օգտվելու համար գրասենյակին արդեն դիմել է Ուկրաինայից Հայաստան տեղափոխված շուրջ 80 ընտանիք:

Ուկրաինայի հայ համայնքը մեծությամբ 4-րդն է աշխարհում, ունի շուրջ 400 հազար հայ բնակչություն: Հովհաննես Ալեքսանյանը նկատեց, որ մեր բազմահազար հայրենակիցներ չեն պատրաստվում Ուկրաինայից դուրս գալ: Նրանք ունեն զինապարտ որդիներ, ամուսիններ, գույք ու չեն ցանկանում թողնել երկիրը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս