Ռուս-ուկրաինական հակամարտության ազդեցությունը՝ ՀՀ առևտրային հարաբերությունների վրա․ Հայտնի են առաջին արդյունքները
Ռուս-ուկրաինական հակամարտությունը, ինչպես և սպասվում էր, բացասական է ազդել այդ երկրների հետ Հայաստանի ունեցած առևտրային հարաբերություններ վրա։ Հակամարտության սկզբնական շրջանում նվազել են առևտրի ծավալները՝ ինչպես Ռուսաստանի, այնպես էլ՝ Ուկրաինայի հետ։
Տուժել է և՛ արտահանումը, և՛ ներմուծումը։ Մարտին ծավալները կտրուկ կրճատվել են։
Դա առավել ցայտուն է արտահայտվել հատկապես Ուկրաինայի պարագայում։
Մարտին այդ երկիր Հայաստանից արտահանումը գրեթե իսպառ դադարել է։ Այն կազմել է ընդամենը 115 հազար դոլար։
Ուկրաինա առաքումները, իհարկե, մեր արտահանման կառուցվածքում նախկինում էլ մեծ չեն եղել, տարեկան 20-25 մլն դոլարի շրջանակներում, բայց հակամարտությունից հետո դա էլ գրեթե կանգնել է։
Հունվարին այս երկիր էր մատակարարվել՝ 1,1 միլիոնի, փետրվարին՝ 2 մլն դոլարի ապրանք։ Արտահանումն այդ երկու ամիսներին 53 տոկոսով ավելացել էր։
Արդեն տարեսկզբի 3 ամիսների տվյալներով՝ ունեցանք արտահանման բավական խորը անկում։ Նախորդ տարվա համեմատ՝ գրեթե 17-18 տոկոսով։
Հայաստանից առաջին եռամսյակում Ուկրաինա է առաքվել ընդամենը 3,3 մլն դոլարի ապրանք՝ նախորդ տարվա գրեթե 4 միլիոնի փոխարեն։
Ռուս-ուկրաինական հակամարտությունից հետո նվազել են նաև ներմուծումներն Ուկրաինայից։ Մարտին, նախորդ ամսվա համեմատ, դրանք կրկնակի կրճատվել են։ Թեև շարունակել են էապես գերազանցել արտահանմանը։
Ընդհանրապես Ուկրաինան Հայաստանի այն առևտրային գործընկերներից է, որի հետ միշտ էլ ունեցել ենք առևտրի բացասական հաշվեկշիռ։ Մինչև հակամարտությունն էլ այդ երկրից ներմուծումը մի քանի անգամ գերազանցում էր արտահանմանը։
Պատկերացնելու համար ասենք, որ արտահանման 25 միլիոնի դիմաց, անցած տարի ներմուծվել էր 143 մլն դոլարի ապրանք։ Առևտրի բացասական հաշվեկշիռը հասնում էր գրեթե 6 անգամի։
Այս տարվա սկզբին էլ իրավիճակը պահպանվում էր։ Հունվար-փետրվարին արտահանվել էր շուրջ 3,2 միլիոնի, ներմուծվել՝ 17 միլիոնի ապրանք։
Հակամարտությունը թեև ազդել է՝ ինչպես արտահանման, այնպես էլ՝ ներմուծման ծավալների վրա, այնուհանդերձ պաշտոնական վիճակագրության հրապարակած տվյալները վկայում են, որ ավելի շատ տուժել է հատկապես արտահանումը։ Մարտին արտահանումը գրեթե զրոյացվել է, իսկ ներմուծումը կիսով չափ կրճատվելով հանդերձ, դեռևս պահպանվել է։
Հունվար-փետրվարին այն եղել է միջին ամսական 8-9 մլն դոլարի սահմաններում, մարտին իջել է 4,1 միլիոնի։
Ապրիլի տվյալները դեռ չկան, բայց ենթադրվում է, որ այդ ամսին ավելի տխուր պատկեր կունենանք։ Ընդ որում, ոչ միայն արտահանման, այլև ներմուծման առումով։
Ուկրաինան Հայաստանի խոշոր առևտրային գործընկերներից չէ, բայց մինչև հակամարտությունն այս երկրից բավական մեծ քանակությամբ ապրանքներ էին ներմուծվում։ Որոշ ապրանքների տեսակարար կշիռը ներմուծման կառուցվածքում զգալի էր։
Ուկրաինայից ներմուծվող ապրանքների առավել խոշոր խմբաքանակներից են թռչնի միսը, շաքարը, շոկոլադը, հրուշակեղենը, կարագը, ծխախոտը, երկաթյա գլանվածքները։ Ներմուծման ապրանքային կառուցվածքում հատկապես մեծ էր թռնի մսի տեսարակար կշիռը։ Առանձին տարիներին Հայաստան ներմուծվող թռչնի մսի 30-35 տոկոսը բաժին էր ընկնում ուկրաինական արտադրանքին։
Հայկական ապրանքների արտահանման մեջ համեմատաբար մեծ կշիռ են ունեցել ծխախոտն ու կոնյակը։ Բայց հիմա դրանց առաքումն էլ է դադարեցվել։
Ռուս-ուկրինական հակամարտությունն ազդել է նաև Հայաստանի և Ռուսաստանի առևտրային հարաբերությունների վրա։ Մարտին արձանագրվել է արտահանման և ներմուծման կրճատում։
Առաջին եռամսյակում Հայաստանից Ռուսաստան է մատակարարվել 186 մլն դոլարի ապրանք։ Բայց դրա մեծ մասը եղել է տարեսկզբի 2 ամիսներին։ Հունվար-փետրվարին արտահանվել էր գրեթե 148 մլն դոլարի ապրանք. 67,5 միլիոն՝ հունվարին, 80,3 միլիոն՝ փետրվարին։
Մարտին արտահանումը կազմել է ընդամենը 39 մլն դոլար։ Կրկնակի քիչ, քան փետրվարին։
Արտահանման ծավալների նման կտրուկ նվազումը պայմանավորված է առաջին հերթին ռուսական ռուբլու արժեզրկմամբ, որը տեղի ունեցավ հակամարտության սկզբնական շրջանում։ Մի պահ ռուբլին կանգնած էր խորտակման եզրին։ Դոլարի նկատմամբ ռուսական արժույթի արժեզրկումը կարճ ժամանակահատվածում հասավ 30-40 տոկոսի։
Այս հանգամանքն էլ իր ազդեցությունն է ունեցել արտահանման վրա։ Ռուբլու արժեզրկման և Ռուսաստանի ֆինանսական շուկայում ձևավորված բարձր անկայունության հետևանքով, մատակարարումները Հայաստանից մի պահ գրեթե դադարել էին։
Արտահանման ծավալների վրա բացասական ազդեցություն է թողել նաև ռուսական շուկայում սպառողական պահանջարկի կրճատումը։ Ու եթե ռուբլու թուլացման հետևանքներն առաքումների վրա վերջին շրջանում վերացել են՝ ռուսական արժույթի ուժեղացման, նույնիսկ ավելի խորը ամրապնդման արդյունքում, ապա սպառողական շուկայից թելադրված ազդեցությունները դեռ երկար կարող են պահպանվել։ Ռուսաստանում տնտեսական իրավիճակի վատացումը բերել է սպառողական պահանջարկի կրճատման։ Սպասվում է, որ պահանջարկի կրճատումը կխորանա՝ տնտեսական զարգացումների դանդաղելուն զուգահեռ։
Հիշեցնենք, որ տարբեր գնահատումներով, այս տարի Ռուսաստանում տնտեսական անկումը կարող է հասնել ընդհուպ 10-12 տոկոսի։
Ռուս-ուկրաինական հակամարտությունը ազդել է նաև Ռուսաստանից Հայաստան ներմուծումների վրա։ Ներմուծումների ծավալը տարեսկզբի 2 ամիսների համեմատ մարտին բավական ցածր է եղել։
Հունվարին ներմուծումը կազմել էր 152 միլիոն, փետրվարին՝ 175 միլիոն։ Մարտին այն իջել է 121 մլն դոլարի։
Չնայած ռուս-ուկրաինական հակամարտությունից հետո ի հայտ եկած խնդիրներին ու Ռուսաստանի նկատմամբ կիրառված համատարած պատժամիջոցներին, այդ երկիրը Հայաստանի առևտրային հարաբերություններում շարունակել է պահպանել իր դիրքերը։ Ինչպես նախկինում, այնպես էլ այս փուլում արտաքին առևտրի 30 տոկոսը բաժին է ընկնում Ռուսաստանին։
Իհարկե, դրա մեծ մասը ներմուծումն է։ Ռուսաստան մատակարարումները մեր արտահանման տեսակարար կշռում այս տարվա առաջին եռամսյակում նույնիսկ 0,8 տոկոսային կետով նվազել են։ Առաջիկայում ևս հավանաբար դեռ կշարունակեն նվազել՝ կապված ռուսական շուկայում ի հայտ եկած իրացման դժվարությունների հետ։ Այս փուլում դրանք թուլացել են, բայց իսպառ վերացման մասին դեռ վաղ է խոսել։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ