Բաժիններ՝

Բացահայտել և ավելի լավ հասկանալ ֆիզիկան՝ հայ աշակերտների ստեղծած խաղով

Այս շաբաթ տեղի ունեցավ DigiCode կիրառական ծրագրավորման պատանեկան ամենամյա մրցույթի հանրապետական փուլը: Մրցույթին մասնակցեց 72 պատանի Հայաստանի բոլոր մարզերից, ներառյալ՝ Արցախից, ինչպես նաև՝ Ջավախքից և Հնդկաստանից։

Այս տարի DigiCode մրցույթն իրականացվել է նաև մարզային փուլերով ՀՀ հինգ քաղաքներում՝ Գյումրիում, Վանաձորում, Իջևանում, Գորիսում և Երևանում։ Մասնակցության հայտ են ներկայացրել 942 թիմ (1000-ից ավելի աշակերտ) ՀՀ բոլոր մարզերի, այդ թվում՝ Արցախի, Ջավախքի ընդհանուր թվով 400 դպրոցներից։ Եզրափակիչ փուլում իրենց աշխատանքները ներկայացրել են 60 թիմեր (72 աշակերտ)։

Մասնակիցները մրցել են 10-13 տարեկան և 13 տարեկանից բարձր տարիքային խմբերով՝ «Վիրտուալ աշխատանոցներ` STEM առարկաների թեմաներով», «Համակարգչային խաղեր», «Լավագույն ալգորիթմական լուծում» Կրիայ ծրագրով օլիմպիադա և «Սարքերի ինտեգրում» անվանակարգերում։ Մրցույթում ներկայացված աշխատանքներն իրականացվել են Աղուէս (Scratch), Կրիայ (KTurtle) ծրագրերով և Python ծրագրավորման լեզվով։

 «Համակարգչային խաղեր» անվանակարգում հաղթող ճանաչվեցին Մարիա Նգոյանը Դիլիջանի ավագ դպրոցից՝ Black Platformer խաղով (10-13 տարեկան) և Անուշ Հակոբյանն ու Գայանե Բաղդասարյանը Էջմիածնի ինովացիոն էթնիկ մարզային կենտրոնից՝ «Կորած կղզին» խաղով (13 տարեկանից բարձր)։

«Pythօn ծրագրով սարքերի ինտեգրում» անվանակարգում 10-13 տարեկան տարիքային խմբում ունեցանք երկու հաղթող՝ Արթուր Մկրտիչյանը Մասիսի թիվ 4 հիմնական դպրոցից՝ «Սննդի խելացի ապարատ» նախագծով, և Ավետ Դունամալյանն ու Հովհաննես Կարապետյանը Շենավանի հիմնական դպրոցից՝ «Hawk Hunters» նախագծով։ Նույն անվանակարգում 13 տարեկանից բարձր տարիքային խմբում հաղթող են ճանաչվել Թորգոմ Միսակյանն ու Ատոմ Հակոբյանը Գանձակի թիվ 1 միջնակարգ դպրոցից՝ «Smart Aquarium» նախագծով։

«Վիրտուլ աշխատանոց» անվանակարգում հաղթեցին Մանե Հարությունյանն ու Էդուարդ Հարությունյանը Նորատուսի թիվ 1 միջնակարգ դպրոցից՝ «Բացահայտենք Ֆիզիկան միասին» խաղով (10-13 տարեկան), և Հովիկ Մարտիրոսյանը Վանաձորի թիվ 2 հիմնական դպրոցից՝ STEM Lab խաղով (13 տարեկանից բարձր)։

Մանե Հարությունյանն ու Էդուարդ Հարությունյանը ներկայացրին խաղ, որը իրենց հասակակիցներին օգնելու է ավելի լավ հասկանալ ֆիզիկան։

«Մենք ներկայացնում ենք Նորատուսի թիվ մեկ միջնակարգ դպրոցի «Արմաթ» ինժեներական լաբորատորիան։ Ստեղծել ենք նախագիծ, որը կոչվում է «Միասին բացահայտենք ֆիզիկան» ։ Այս նախագծի ստեղծման հիմք է հանդիսացել սերը դեպի ֆիզիկան և հետազոտությունները, ինչպես նաև այն, որ մեր ընկերներից շատերը դժվարանում են ֆիզիկա սովորելիս։ Երբեմն լաբորատոր աշխատանքներ կատարելիս բացակայում են որոշ սարքեր, այդ իսկ պատճառով մեր նախագիծը կարող է օգնել ֆիզիկա ուսումնասիրողներին ավելի հեշտ և հետաքրքիր ընկալել այն»,- 168.am-ի հետ զրույցում նշում է Էդուարդ Հարությունյանը։

«Մեր խաղը բաղկացած է մի քանի բաժիններից։ «Լաբորատորիա» բաժնում կան մի շարք լաբորատոր փորձեր, որոնք կատարելիս ծրագիրը ներկայացնում է եզրակացությունը և թեմայի համապատասխան կանոնը: «Գաղտնի սենյակ» բաժնում ունենք մի քանի սենյակներ, սենյակներից դուրս գալու գաղտնաբառը գտնելու համար անհրաժեշտ է ֆիզիկայի գիտելիքների կիրառում։ «Ստուգիր գիտելիքներդ» բաժնում ներառել ենք թեստային հարցեր, որոնց ճիշտ պատասխանելիս մենք կստանանք միավորներ, իսկ սխալ պատասխանելիս՝ կկորցնենք դրանք։ Իսկ վերջում կախված մեր հավաքած միավորներից ծրագիրը կներկայացնի ֆիզիկայից մեր գիտելիքների մասին որոշակի եզրակացություն»,- պատմում է Մանեն։

Մանե Հարությունյանի խոսքով՝ Dicicod-ը մեծ հնարավորություն է տալիս այն պատանիներին, ովքեր ունեն ոչ միայն մեծ սեր խաղերի նկատմամբ, այլ նաև խաղ ստեղծելու, հատկապես այնպիսի թեմաների վերաբերյալ, որոնք հենց իրենց տարիքային երեխաներին մեծ գիտելիքներ կտան։

«Այսպիսի նախագիծ, որում ներառված կլինի ուսումնական պաշար և խաղ, ինքս շատ եմ փնտրել, բայց չեմ գտել, այդ իսկ պատճառով որոշեցինք լինել առաջինը, ստեղծել այնպիսի նախագիծ, որտեղ մեր տարիքի երեխաները ժամանակը միայն անտեղի խաղեր խաղալով չեն անցկացնի, այլ նաև նոր և օգտակար գիտելիքներ կստանան։ Dicicod-ի շնորհիվ սովորեցի հանրության առջև ավելի վստահ ելույթ ունենալ, չվախենալ ժյուրիներից և նրանց տված հարցերից, ձեռք բերեցի նոր ընկերներ, որոնց հետ կապը մշտապես լինելու է, ինչպես նաև ունեցա նոր գաղափարներ»։

Էդուարդ Հարությունյանը նշում է, որ այսպիսի խաղ ստեղծելու գաղափարը կար շուտվանից, սակայն իրենց Dicicod-ին մասնակցելու գաղափարը զուգակցել են այս մտքի հետ և արդյունքում ստեղծել խաղը։

«Dicicod-ը ինձ հնարավորություն տվեց փորձելու ուժերս ծրագրավորման այս ասպարեզում։ Digicod-ին մասնակցելով՝ մենք ձեռք ենք բերել որոշակի փորձ հանրության առջև ելույթ ունենալու համար։ Ինչպես նաև խաղը բազմիցս անգամ խաղացել են մեր խմբակի աշակերտները և ունեցել են դրական կարծիքներ խաղի մասին»։

Մանեն և Էդուարդը 13 տարեկան են և արդեն 3 տարի հաճախում են «Արմաթ»։

«Այս ընթացքում մասնակցել եմ մի քանի ցուցահանդեսների և մրցույթների, հիմա պատրաստվում ենք ստեղծել նախագծեր, որոնք կաշխատեն արհեստական բանականությամբ։ «Արմաթում» սովորել եմ մի շարք ծրագրեր` Scratch, Arduino, Python, Կրիա, եռաչափ մոդելավորում ու տպում, կայքերի և հավելվածների պատրաստում, ձեռք եմ բերել բազմաթիվ այլ հմտություններ»,- նշում է Մանեն։

Էդուարդը համայնքում «Արմաթի» առաջին ներկայացուցիչներից է եղել։

«Այս տարիների ընթացքում հասցրել եմ սովորել aghues, k-turtl, Scratch, arduino, python, html, css և այլն։ Հաճախելով «Արմաթ»՝ ես ստացել եմ բազմաթիվ հնարավորություններ՝ մասնակցելու տարբեր մրցումների, ցուցահանդեսների և արդեն երկրորդ անգամ ունեմ հնարավորություն գնալու տեխնոճամբար»։

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս