«Իշխանությունն առաջարկելու է «ընտրություններ»: Ընդդիմությունը պետք է պահանջի ԼԻԱԿԱՏԱՐ ԿԱՊԻՏՈւԼՅԱՑԻԱ»․ Վլադիմիր Մարտիրոսյան

Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Հերթականությամբ

1. Որքան մեծանա ճնշումը, այդքան գործող իշխանությունը մտնելու է իր վարչական, բյուրոկրատական, կուսակցական և մարդկային ռեսուրսի հավատարմության և ամրության փորձարկման ռեժիմի մեջ: Մարտավարական առումով շատ կարևոր է հասնել վերը թվարկվածների լոյալությանը:

2. Վերջին չորս տարիներին իշխողների կողմից միկրո և միջին համակարգերում ստեղծված առասպելներն ու բևեռային մտածողության հիմքով ձևավորված միֆերը սկսելու են սննկանալ, քանի որ հենց այդ համակարգերում այդ միֆերն այլևս ռելեվանտ չեն: Դրա համար անհրաժեշտ է հենց իշխանության աջակիցների շրջանակներում կոտրել նրանց ճշմարիտ և մաքուր լինելու միֆը, ցույց տալով հակառակ կողմը, որտեղ վստահ եմ կան և՛ քողարկված թալանի, և՛ համակարգված կոռուպցիայի, և հենց «ժողովրդի» հետ արժեքային և բարոյական խզման բազմաթիվ օրինակներ:

3. Որքան մեծանա ճնշումը, այդքան էլ տեսանելի է դառնալու իշխանական համակարգի անկատարությունն ու հեղհեղուկությունը: Կադրային քաղաքականության արդյունքում ձախողված ոլորտների օրինակները բազմաթիվ են, դրանք պետք է դառնան դրոշակ:

4. Արժանի ճնշման դեպքում թուլանալու է իշխողների նյութատեխնիկական, ուժային և հոգեբանական դիմադրողականությունը: Հատկապես ողջ բյուրոկրատական և քաղծառայողական բլոկը ծայրաստիճան հոգնած և շահագործված է: Այս ռեսուրսը ևս կիրառման ենթակա է:

5. Իշխանության հիմքերի սասանումը հանգեցնելու է թե՛ հասարարակական և թե՛ վարչական օժանդակության կտրուկ նեղացման, ինչն իր հերթին նշանակելու է, որ այլևս հասել են այնպիսի հանգրվանի, որ դիմադրողականության ռեսուրսները սպառվել են և չկա ոչ՛ հորիզոնական և ո՛չ էլ ուղղահայաց լեգիտիմություն: Սա պետք է ցուցադրվի անընդհատ:

6. Ինքնին լեգիտիմության նվազումն ու թուլացումը դառնալու է ազդակ հատկապես իշխանության ընտրազանգվածի մոտ, որ հեղափոխական էլիտան այլևս անկարող է հասարակական լայն զանգվածներին համոզել, որ ընտրված քաղաքական ուղին ճիշտ է, ինչպես նաև անկարող են լինելու մշակել այնպիսի քաղաքական բանաձևեր որոնց կրկին հնարավոր կլինի հավատալ:

7. Իշխանական ապալեգիտիմացումը անխուսափելիորեն հանգեցնելու է ռեսուրսների քայքայման, թե ներսից, թե դրսից, թ՛ե մարդկային և թ՛ե կադրային մակարդակներում: Սկսվելու է կառավարման խորը ճգնաժամ:

8. Վճռական ճնշման և գրագետ պրոտեստի կազմակերպման վերջին և որոշիչ փուլը լինելու է ուժային կառույցների՝ «ոստիկանություն, դատախազություն, քննչական և հատուկ ծառայություններ) իշխանապաշտպան գործունեության արդյունավետության բացարձակ անկումը:

9. Իշխանական շարքերում քաղաքական անվտանգային սնանկացումը բերելու է նրան, որ ոչ ուժային, ոչ հանրային և ոչ էլ քաղաքական առումով որևէ բուֆեր այլևս չի ունենալու:

10. Սկսվելու է իրավիճակի լիցքաթափման և քաղաքական ճգնաժամի հանգուցալուծման փնտրտուք: Իշխանությունն առաջարկելու է «ընտրություններ»: Ընդդիմությունը պետք է պահանջի ԼԻԱԿԱՏԱՐ ԿԱՊԻՏՈւԼՅԱՑԻԱ: Առհասարակ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՊԻՏՈւԼՅԱՑԻԱՆ պետք է լինի միակ և աներկբա քաղաքական պահանջն ընդդիմության կողմից:

11. Դիմադրությունը, պրոտեստը, ընդվզելն ու չհամաձայնվելը ամեն կերպ պետք է դառնա մոդա, trend, mainstream, brand եթե կուզեք:

12. Պրոտեստի գրագետ, տեխնոլոգիապես ճկուն, քաղաքականապես համակարգված դիմադրության արդյունքում իշխանության ապալեգիտիմացումն ու ուժազրկումը, որի պարագայում նա կունենա

❗️հանրային անէական աջակցություն

❗️ուժային ճնշման անհասանելի գործիքներ

❗️սեփական քաղաքական և կադրային ռեսուրսի ամուլություն և փախուստ, կարող է դառնալ օրերի հարց:

Հ.Գ. Որքան կդիմադրենք, այդքան էլ կիջեցնենք նրանց դիմադրողականությունն առերեսելով նրանց՝ հենց իրենց օրգանական սնանկ բնույթին և կարգավիճակին»:

Տեսանյութեր

Լրահոս