«5 պատճառ, թե ինչու եմ անիրատեսական համարում թուրքական աշխարհի հետ կոնֆլիկտի դադարեցումը կամ խաղաղության հաստատումը». Վահրամ Միրաքյան
Վահրամ Միրաքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «5 պատճառ, թե ինչու եմ անիրատեսական համարում թուրքական աշխարհի (Ադրբեջան, Թուրքիա) հետ կոնֆլիկտի դադարեցումը կամ խաղաղության հաստատումը:
1. Հայ-թուրքական կոնֆլիկտն էթնիկ կոնֆլիկտ է, որն արտահայտվում է կրոնական, տարածքային, մշակութային, պատմական, տնտեսական… ոլորտներում, հետևաբար դա անլուծելի է: Էստեղ միշտ հարցնում են, թե ո՞նց անլուծելի, բա ըդենց ոնց ենք ապրելու: Հենց ըդենց, կոնֆլիկտով էլ ապրելու ենք, ոնց որ Իսրայելն ու Պաղեստինը:
2. Ադրբեջանում դենացիֆիկացիա չի եղել, հետևաբար իրենք շարունակում են ատել մեզ, շարունակում են հերոսություն համարել հայի գլուխ կտրելը կամ հայ կնոջը բռնաբարելը, իսկ իրենց ամբողջ վերջին 40 տարիների գաղափարախոսությունը կառուցված է հային ոչնչացնելու սկզբունքների վրա՝ հետևաբար էդ ամեն ինչը չի կորելու, ուղղակի մենք ենք սկսելու ավելի թույլ կետից:
3. Թուրքիան երբեք չի փոշմանել Ցեղասպանության համար, երբեք չի ընդունել, նույնիսկ նախնիների սխալ չի համարել, էլ ուր մնաց զղջելը, հետևաբար Թուրքիան շարունակում է Ցեղասպանության քաղաքականությունը, նպատակը չի փոխվել, ուղղակի ժամանակավոր միջոցներն են փոխվել:
4. Աշխարհաքաղաքական շահերը մեր տարածաշրջանում նույնն են մնացել, ինչ 100-200 տարի առաջ: Մի կողմից Ռուսասատան, մյուս կողմից Թուրքիա, իր անգլոսաքսոնական հովանավորներով: Հետևաբար մեր տարածաշրջանի աշխարհաքաղաքական բախումն էլ թույլ չի տալու խաղաղություն հաստատվի:
5. Երբեք, ոչ մի դեպքում թույլը, պարտվածը խաղաղություն չի ստացել զուտ խաղաղություն խնդրելով: Շատերդ փողոցում մեծացած, ծեծված կամ ծեծած կլինեք, տեսե՞լ եք մի դեպք, որ ծեծվողը խաղաղություն խնդրի ու ստանա: Հա, կստանա, բայց մի պայմանով, որ դրանից հետո վազելու է ջուր բերելու կամ ծեծողի համար այլ «տասովկա» անելու:
Հա, հասկանում եմ, որ հաճելի է լսել, որ խաղաղություն է լինելու, անվտանգ է լինելու, տհաճ ու բարդ է մրցակցելը, պայքարելը, բայց հենց դա էլ թակարդն է, որին մեզ տանում են խաղաղության լոլոներով:
ՀԳ. Կարծում եմ կհամաձայնվեք, որ երեխաների սպանությունից ավելի ծանր հանցագործություն աշխարհում գոյություն չունի: Հայոց Ցեղասպանության ժամանակ մոտ 200 հազար հայ երեխա է սպանվել»: