Բաժիններ՝

Ինչպիսի՞ տնտեսական «ձեռքբերումներով» է Կառավարությունն ամփոփել 2021 թվականը. Մաս-2

Շարունակելով մեր անդրադարձը ՀՀ կառավարության հնգամյա ծրագրի 2021 թվականի կատարման զեկույցի տնտեսական մասին՝ ներկայացնում ենք մշակող արդյունաբերության, արտահանման և գյուղատնտեսության ոլորտների վերաբերյալ զեկույցում տեղ գտած տարակուսելի և մանիպուլյատիվ արձանագրումները։

1Մշակող արդյունաբերություն

Կառավարությունն իր հնգամյա ծրագրով թիրախավորում է մշակող արդյունաբերության դերը ՀՆԱ-ի մեջ հասցնել առնվազն 15%-ի: Փաստացի, սակայն, մշակող արդյունաբերության կշիռը ՀՆԱ-ում 2021թ. կազմել է 11.3%` նախորդ տարվա համեմատ նվազելով 1.0 տոկոսային կետով: Ստացում է, որ ոլորտային ցուցանիշը հետընթաց է ապրել։

2. Արտահանում

Ինչ վերաբերում է արտահանմանը, ապա Կառավարության զեկույցի համաձայն ապրանքների և ծառայությունների արտահանումը ՀՆԱ-ի նկատմամբ կազմել է 35%, 2020 թվականի 29.8% և 2019 թվականի 41.4%-ի համեմատ, որը, ինչպես նշված է զեկույցում, փաստում է արտահանման ոլորտի վերականգնման մեկնարկի մասին:

Կառավարությունը վստահեցնում է, որ արտահանման ոլորտի վերականգնման գործընթացը մեկնարկել է, մինչդեռ իրական պատկերով արտահանման կշիռը ՀՆԱ-ում ավելի քան 6 տոկոսային կետով ցածր է մինչճգնաժամային մակարդակից:

Զեկույցում նշվում է նաև, որ ապրանքային արտահանումն առաջին անգամ գերազանցել է 3 մլրդ դոլարի շեմը՝ ոչ ճգնաժամային 2019 թվականի նկատմամբ արձանագրելով դոլարային արտահայտությամբ 14.1% աճ: Սակայն 3 մլրդ դոլարի գերազանցումն առաջին անգամը չէ: Այսպես, 2019թ. ապրանքների արտահանման ծավալը կազմել է 3.2 մլրդ ԱՄՆ դոլար։

3․Գյուղատնտեսություն

Զեկույցում բավական ծավալուն անդրադարձ է կատարվում գյուղատնտեսության ոլորտի բարեփոխումներին և իրականացված միջոցառումներին, որոնք հիմնականում ուղղված են 1․ ինտենսիվացմանը և արտադրողականության բարձրացմանը, 2․ հողային ռեսուրսների նպատակային և ջրային ռեսուրսների խնայողաբար ու արդյունավետ օգտագործմանը, 3․ գյուղատնտեսական տնտեսություններին և կազմակերպություններին արտոնյալ ֆինանսավորման հնարավորություններ ընձեռելուն։

Թղթին փոխանցված բառերից այն կողմ ուսումնասիրելով ոլորտի իրական պատկերը՝ պարզ է դառնում, որ գյուղատնտեսության ոլորտը տարիներ շարունակ անկում է ապրում: Ընդ որում, անկման տեմպը 2018-2021 թվականներին միջինում կազմել է 4.5%:

Շարունակելի…

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս