Բաժիններ՝

1.2% աճ` 4.8%-ի փոխարեն. Համաշխարհային բանկը նվազեցրել է 2022թ. ՀՀ տնտեսական աճի սպասումները

Երեկ` ապրիլի 11-ին, Համաշխարհային բանկի (ՀԲ) կողմից հրապարակվել է Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի տնտեսական զարգացումների վերաբերյալ զեկույցը, որում ՀԲ կողմից ներկայացվել են նոր կանխատեսումներ` այդ թվում Հայաստանի տնտեսության մասով:

Այսպես, համաձայն ՀԲ վերջին կանխատեսումների` 2022 թվականին Հայաստանում տնտեսական աճը կնվազի և կկազմի 1.2%` 2022թ. հունվարին արված 4.8% կանխատեսման փոխարեն: Այլ կերպ ասած, ՀՀ տնտեսական աճն այս տարի կդանդաղի 3.6 տոկոսային կետով, ինչը հիմնականում պայմանավորված է ռուս-ուկրաինական ռազմական հակամարտությամբ և ՌԴ դեմ կիրառվող պատժամիջոցներով` հաշվի առնելով Ռուսաստանի տնտեսությունից հայաստանյան տնտեսության կախվածության բարձր մակարդակը: Ընդ որում, 2023 թվականի տնտեսական աճի սպասումները ևս նվազեցվել են` այս անգամ կազմելով 4.6%` հունվարի 5.4% կանխատեսման փոխարեն:

Տնտեսական ցածր աճի միջավայրում ՀԲ կանխատեսումներով 2022թ. կկրճատվեն մասնավոր տրանսֆերտները և իրական աշխատավարձերը, ինչի արդյունքում մասնավոր սպառումը կնվազի մինչև -1.3%: Անորոշությունների աճի պայմաններում ներդրումները ևս կկրճատվեն` գրանցելով -0.9% անկում: Ապրանքների և ծառայությունների արտահանման, ինչպես նաև ներմուծման ծավալները նույնպես կլինեն անկումային` համապատասխանաբար -8.5% և -12.0%` հաշվի առնելով ՌԴ տնտեսությունում սպասվող կրճատումները:

Մյուս կողմից, ՀԲ կանխատեսումների համաձայն գյուղատնտեսության ոլորտը կշարունակի ճնշվել կառուցվածքային խնդիրների առկայության պատճառով, ինչի արդյունքում ոլորտում 2022թ. ակնկալվում է ընդամենը 0.2% աճ: Արդյունաբերության ճյուղը ևս զգալիորեն կտուժի առկա անորոշությունների բարձր մակարդակից` կրճատվելով մինչև -1.1%: Ծառայությունների ճյուղը` սպառման կրճատման ֆոնին կաճի համեստ տեմպով` գրանցելով ընդամենը 2.6% աճ:

Տնտեսական աճի դանդաղմանը համընթաց ՀԲ կանխատեսումներով պետական եկամուտները ևս կկրճատվեն` կազմելով ՀՆԱ-ի 24.0%-ը: Դրան զուգահեռ` պետությունը հարկադրված է լինելու ընդլայնել ծախսերը` հատկապես սոցիալական աջակցության ծրագրերի միջոցով, ինչի արդյունքում պետական ծախսերը կաճեն և կկազմեն ՀՆԱ-ի 29.7%-ը: Եկամուտների կրճատման և ծախսերի ավելացման շրջանակներում հարկաբյուջետային կոնսոլիդացիան կհետաձգվի, ինչի արդյունքում պետական պարտքի կշիռը ՀՆԱ-ում 2022թ. տարեվերջին կաճի` կազմելով մոտ 67%:

Հանքահումքային ապրանքների շուկայում գների աճը կնպաստի գնաճային ճնշումների ավելացմանը, ինչի արդյունքում 2022 թվականին գնաճը Հայաստանում կկազմի 9.8%: Սակայն, ակնկալվում է, որ ՀՀ ԿԲ կողմից գնաճի թիրախավորման շրջանակներում միջնաժամկետ հորիզոնում գնաճային սպասումները կհաջողվի խարսխել` արտաքին աշխարհից եկող ճնշումների թուլացմանը զուգահեռ:

Նշենք նաև, որ ՀԲ կանխատեսումներով 2022 թվականին աղքատության մակարդակը (նկատի է առնվում 2011թ. գներով, գնողունակության պարիտետով ճշգրտված 5.5$-ի շեմը) Հայաստանում կկազմի 39.6%: Ընդ որում, ռուս-ուկրաինական պատերազմի տեղի չունենալու պարագայում այս ցուցանիշը ակնկալվում էր 36.6%-ի մակարդակում: ՀԲ զեկույցում նաև նշվում է, որ մասնավոր տրանսֆերտների կրճատման, կոմունալ վճարների թանկացման և սննդամթերքի գների բարձրացման պայմաններում կաճի բնակչության խոցելիությունը:

ՀԲ հրապարակումը հասանելի է այստեղ․

«Լույս» հիմնադրամի Telegram-յան ալիք

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս