«Իրավունք չունեմ հիմա այդ հարցին բարձրաձայն պատասխանել»․ Ալեն Սիմոնյանը խուսափել է պատասխանել Արցախի մասին օգտատիրոջ հարցին
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր «Ազատության» եթերում պատասխանել է ֆեյսբուքյան օգտատերերի հարցերին։
Օգտատերերից մեկն ԱԺ նախագահին հարցրել է, թե արդյոք Արցախը համարո՞ւմ է Ադրբեջանի ամբողջականության մաս, ու պե՞տք է գտնվի Ադրբեջանի կազմում: Հարցի հեղինակին հետաքրքրում էր ԱԺ նախագահի կոնկրետ պատասխանը՝ այո կամ ոչ։
«Ես իրավունք չունեմ հիմա այդ հարցին բարձրաձայն պատասխանել, որովհետև մենք բանակցությունների մեջ ենք և բանակցությունների մեջ ենք մտնում: Այսպես ասած, և պառլամենտական երկրի Ազգային ժողովի նախագահի կողմից կոնկրետ դիրքորոշում դնելը և գնալ բանակցությունների՝ կարող է ազդեցություն ունենալ բանակցությունների բուն բովանդակության վրա, իսկ հարցին, եթե շատ է ուզում օգտատերը պատասխան գտնի և բավարարված չի իմ այսօրվա պատասխանով, ինքը կարող է հետևել գործողություններին։ Օրինակ՝ ի՞նչ ենք անում մենք, ի՞նչ է անում իշխանությունն Արցախի համար․․․»։
Սակայն մեկ այլ օգտատիրոջ հարցին պատասխանելիս, որը վերաբերում էր Ադրբեջանի ներկայացրած 5 կետից բաղկացած առաջարկին, Ալեն Սիմոնյանը, այդուամենայնիվ, որոշ փակագծեր բացեց.
«Վստահեցնում եմ, մոտակա 2-3 օրվա ընթացքում դուք շատ ու շատ մանրամասներ կիմանաք՝ թե 5 կետերի վերաբերյալ, թե Արցախում և մեր երկրի շուրջ տիրող իրավիճակի վերաբերյալ։ Ընդամենը 1-2 օր, խնդրում եմ, սպասեք և կիմանաք»:
Ավանդույթի համաձայն, բոլոր կարևոր հարցերի պատասխանները թողնում են, որ տա բացառապես Նիկոլ Փաշինյանը: Ուստի կարելի է ենթադրել, որ Ալեն Սիմոնյանի ասած 2-3 կամ 1-2 օրերը կարող են վերաբերել կամ չորեքշաբթի օրը խորհրդարանում հերթական նստաշրջանի ընթացքում կառավարության հետ հարցուպատասխանին, որի ժամանակ, ասենք, իշխանական թևի պատգամավորներից մեկի հարցին Նիկոլ Փաշինյանի պատասխանով հանրությանը իրազեկում է այն, ինչի մասին ակնարկում է ԱԺ նախագահը: Մեկ այլ հնարավոր տարբերակ է հինգշաբթի կառավարության հերթական նիստը, որի մեկնարկից առաջ, կրկին ավանդույթի ուժով՝ Նիկոլ Փաշինյանն իր նախաբան ելույթով է տեղեկացնում կարևոր լուրերը: