Հայաստանին անհրաժեշտ է մաքրվել, և չկա ավելի արդյունավետ ճանապարհ, քան պատերազմը․ Միկա Բադալյան

Բլոգեր Միկա Բադալյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․

Արդյո՞ք կլինի պատերազմ: 

Ես կարծում եմ, որ պատերազմ կլինի։ Այն լինելու է Հայաստանի և Արցախի ողջ տարածքում։ Այն կլինի ոչ թե 44-օրյա պատերազմի պես, երբ Երևանում պատերազմն առանձնապես չէր էլ զգացվում, բացառությամբ նրա, որ ամբողջ քաղաքով մեկ օգնություն էին հավաքում: Ամեն ինչ շատ ավելի լուրջ կլինի, և դրան պետք է պատրաստ լինել։ Պատրաստ լինելու մասին խոսելիս՝ ես նկատի ունեմ մարդկանց, որովհետև դավաճանական իշխանությունը միայն ողորմություն է խնդրելու, դե այսինքն ՝ խաղաղության պայմանագիր է խնդրելու, այդպես էլ չգիտակցելով, որ թուլություն զգալով՝ թուրքը կգնա մինչև վերջ։

Մեզ պատերազմ պե՞տք է։

Հայաստանին  անհրաժեշտ է մաքրվել, և չկա ավելի արդյունավետ ճանապարհ, քան պատերազմը։ Իհարկե, այդ պատերազմը տանուլ տալու ռիսկեր կան, ինչի առումով ես անկեղծորեն կասկածում եմ, բայց դրանից փախչել չի կարելի։ Ամբողջ սյուրն այն է, որ եթե պատերազմ չլինի, մենք որպես ազգ միևնույն է կմեռնենք, միայն թե դա կլինի դանդաղ, ցավոտ և մաքսիմալ խայտառակ կերպով։ Այսօր ապրող հայերի սերունդը պատմության մեջ կմտնի որպես ամենախայտառակ սերունդ, որպես մի սերունդ, որը ծեծվել էր թուրքերի կողմից, իսկ հետո այդ նույն թուրքի առաջ ամբողջությամբ ծնկի իջել և դավաճանել միանգամայն այն ամենը, ինչը սուրբ է իրական հայերի համար՝ գործի դնելով հայոց պետականության վերջնական ոչնչացման մեխանիզմը։ Հավատացեք ինձ, պատմությունը կջնջի բոլոր այդ անարդյունք բողոքները, ակցիաները ու առաջնորդներին, որոնց վրա մենք հույս էինք դրել, թողնելով միայն Փաշինյանին ու ամոթալի հայ ժողովրդին, որը ենթարկվեց դավաճանին։

Ե՞րբ կլինի պատերազմ։

Տեխնիկական տեսանկյունից Ադրբեջանը պատրաստ է հարված հասցնել ցանկացած պահի։ Այս հարվածը Նախիջևանի կողմից կլինի Արցախի, Սյունիքի և Երասխի ուղղությամբ: Դա կլինի առաջին փուլը, ապա անպայման կշարժվեն նաև Տավուշ ու Վարդենիս։ Չնայած թշնամու ամբողջական պատրաստվածությանը՝ հարվածը կախված է աշխարհաքաղաքական գործոններից։ Որքան վատ լինի Ուկրաինայի վիճակը, այնքան ավելի մոտ կլինի պատերազմը մեզ համար։ Իմ կարծիքով, դա առավելագույնը երեք-չորս շաբաթվա հարց է, բայց կրկնում եմ, այն կարող է սկսվել հենց հիմա, ու այս շաբաթները վերջնաժամկետ են:

Արդյո՞ք Ռուսաստանը պատերազմելու է մեզ հետ։

Սա, թերևս, շատերին առավել հետաքրքրող հարց է: Դուք բոլորդ լավ գիտեք իմ դիրքորոշումը, և ես դրանում բացարձակապես չեմ կասկածում։ Ահա միայն կա մի կարևոր ԲԱՅՑ. նրանք կռվելու են մեզ հետ միասին, այլ ոչ թե մեր փոխարեն, ինչպես ուզում են շատերը: Մենք՝ հայերս, պետք է պաշտպանենք մեր Հայրենիքը, իսկ նրանք մեզ դրանում կօգնեն։ Ի դեպ, ի հեճուկս  ռուսական զորակազմը Ուկրաինա տեղափոխելու մասին ապատեղեկատվությանը, որը տարածում են ադրբեջանական և ուկրաինական լրատվամիջոցները, իրականում ամեն ինչ ճիշտ հակառակն է, և առաջիկայում ռուսական խաղաղապահ զորակազմին Արցախում սպասվում է զգալի ուժեղացում:

Տեսանյութեր

Լրահոս