«Պետք է լուծվի Արցախի ԱԺ նախագահի հարցը, որը կունենա քաղաքական հենարան, հակառակ դեպքում անհնարին է  լինելու օրակարգում պահել Արցախի հարցը». Մետաքսե Հակոբյան

Արդեն երկու ամիս է՝ Արցախի խորհրդարանը նախագահ չունի. հուլիսի 2-ին ԱԺ նախագահ Աշոտ Դանիելյանը հրաժարական էր ներկայացրել՝ հայտարարելով, որ նման որոշում կայացնելն իր համար հեշտ չի եղել։

Նշենք, որ Արցախի նախագահն իրականացնում էր նաև Արցախի նախագահի պարտականությունները։

Արդյոք Արցախի խորհրդարանը չունի՞ նախագահի թեկնածու, ե՞րբ է նախատեսվում նոր նախագահի ընտրությունը։

Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն ասաց, որ մոտ 20 օր առաջ հանդիպել են Արցախի ԱԺ խմբակցությունների ղեկավարներն ու ԱԺ փոխնախագահը, քննարկել են իրավիճակից դուրս գալու ելքերը։

Կարդացեք նաև

«Իհարկե, առաջարկներ եղան, որպեսզի ընտրենք Արցախի նախագահ, որը երկար քննարկումներից հետո չդիտարկվեց որպես խելամիտ տարբերակ, քանի որ պետք է մտածեինք տարբերակներ, որտեղ Արցախի նախագահին կընտրի ժողովուրդը։ Այսինքն՝ սա ևս պետք է լինի լեգիտիմ։ Այսօր գոյություն ունեցող միակ լեգիտիմ կառույցը, որն իրավունք ունի ներկայանալ որպես Արցախի ժողովրդի շահերը ներկայանող կառույց՝ Արցախի խորհրդարանն է։ Հետևաբար՝ անթույլատրելի է, որ այսքան երկար ժամանակ չունենանք ԱԺ նախագահ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Մետաքսե Հակոբյանը։

Նա հայտնեց, որ հանդիպման ընթացքում տարբեր կարծիքներ են հնչել, ցավոք, հնչել են նաև մեղադրանքներ, սակայն կարողացել են քննարկումները բերել աշխատանքային, կառուցողական դաշտ՝ առաջարկելով մի կողմ դնել միմյանց հանդեպ ունեցած նեղացածությունն ու որոշում կայացնել։

«Քննարկումների արդյունքում որոշում ենք կայացրել, որ մինչև օգոստոսի 19-ը ժամանակ տրվի քաղաքական ուժերին, որպեսզի կարողանան քննարկումներ անել ու որոշումներ կայացնել, որովհետև այն պահանջը, որ ԱԺ մեծամասնությունը պետք է թեկնածու առաջադրի՝ այլևս չի կատարվում։ Նաև կա գիտակցումը, որ եթե նույնիսկ ԱԺ փոքրամասնությունից թեկնածու առաջադրվի, նրան միայն ընտրելը բավական չէ, քանի որ ընտրված թեկնածուն պետք է ունենա առնվազն 17 հոգուց բաղկացած քաղաքական հենարան։

Եթե մեզ մնա, մենք մտածում ենք, որ այս գործընթացը շատ արագ պետք է տեղի ունենա։ Առաջիկայում պետք է կրկին հանդիպենք, և յուրաքանչյուր կողմ պետք է հանդես գա իր առաջարկով։ ԱԺ փոխնախագահը դեռևս չի խոսել հերթական հանդիպման մասին, մենք դեռևս սպասում ենք, հետո արդեն հանդես կգանք նախաձեռնությամբ, կարծում եմ՝ այս հարցին պետք է միանշանակ լուծում տրվի, հակառակ պարագայում անհնարին է լինելու օրակարգում պահել Արցախի հարցը»,- հավելեց Մետաքսե Հակոբյանը։

Հարցին՝ «Արդարություն» խմբակցությունից իր կամ Դավիթ Գալստյանի թեկնածությունն առաջադրվելո՞ւ է, Մետաքսե Հակոբյանը պատասխանեց՝ որևէ խնդիր չունեն, պատասխանատվությունից չեն խուսափում, չունեն որևէ կաշկանդվածություն, սակայն կարևոր է այն հանգամանքը, որ ունենան առնվազն 17 հոգուց բաղկացած քաղաքական հենարան։

«Պետք է երկու բան՝ ռազմավարություն և քաղաքական հենարան, այսինքն՝ նախագահի թեկնածուն պետք է ունենա հստակ ծրագիր»,- ընդգծեց Մետաքսե Հակոբյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31