Բաժիններ՝

Նվիրումը` անմահություն… Հարութ Պետրոսյան

2020 թվականին Ադրբեջանի սանձազերծած զավթողական պատերազմում հայրենիքի պաշտպանության զոհասեղանին իրենց կյանքն են դրել բազմաթիվ նվիրյալներ:

Նրանցից է Հարութ Պետրոսյանը: Այսօր նա կդառնար 29 տարեկան: Հարութ Օլեգի Պետրոսյանը ծնվել է 1993թ․ մարտի 4-ին, Ստեփանակերտ քաղաքում։ 2000թ․ ընդունվել և 2010թ․ ավարտել է Ստեփանակերտի Եղիշե Չարենցի անվան համար 7 դպրոցը։

«2011թ․ զորակոչվել է Արցախի ՊԲ, զորացրվել 2013 թվականին՝ որպես սերժանտ։ 2019թվականից ԱՀ Ազգային Անվտանգության ծառայության աշխատակից էր։ ԱՀ ԱԱ ծառայության ընթացքում իրեն դրսևորել է որպես կազմակերպված, զուսպ ու պատասխանատու ծառայող։ Հայրենասեր, ազնիվ ու քաղաքակիրթ էր։ Աշխատանքի ընթացքում և աշխատանքից դուրս մարդկանց հանդեպ ցուցաբերում էր հարգալից վերաբերմունք, վայելում էր բոլորի վստահությունն ու արժանանում վերադասի դրական գնահատականին։ Աշխատասեր էր, ճիշտ և ժամանակին կատարում էր ղեկավարության կողմից տրված հրամանները։ Հարութը վիրավորվել է 2020թ․ նոյեմբերին, ստացել գլխի պայթյունաբեկորային վնասվածք։ Արցախի պաշտպանության համար մղվող մարտերում ամուսինս նահատակվել է հերոսաբար` նոյեմբերի 11-ին։ Պատերազմի սկզբից կռվել է Եղնիկներում, այնուհետև Սղնախում»,- «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է հայրենիքի նվիրյալ Հարութի այրին` Լիլիթը:

Նրա խոսքով՝ ամուսինը բարության, սիրո, ազնվության, մաքրության, խիզախության, նպատակասլացության և այլ բազում դրական հատկանիշներ օրենքում ամփոփող կերպար էր։ «Հարութը հայ տղամարդու իդեալական կերպար է, նրա մասին խոսելիս չես կարողանում տխրել, միայն ժպիտով ենք խոսում։ Հարութի ծառայությունը գնահատում եմ ես, աղջիկս, հարազատները, ընկերները։ Նա պատերազմին մասնակցել է հայրենիքի ազատության, ընտանիքի անվտանգության համար։ Եվ ամենից մեծ գնահատականն այն է, որ չենք կոտրվում, շարունակում ենք նրա ու ընկերների գործը։ Հարութի հիշատակը հավերժացնում ենք ես ու աղջիկս՝ Ալեքսանդրան։ Մեծացնում եմ Հարութի երազանքների դստերը՝ հերոս հոր արժանապատիվ աղջկան», – անկեղծանում է մեր զրուցակիցը։

Հարութ Օլեգի Պետրոսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանով, «Արիության համար» և «Մարտական ծառայություն» մեդալներով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս