Դատարանը օրենքով հնարավորություն չունի պարզաբանելու Ռոբերտ Քոչարյանին և Արմեն Գևորգյանին առաջադրված մեղադրանքը. պաշտպանները պնդում են՝ դատարանը պետք է դիմի ՍԴ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, այսպես կոչված, Սիլվա Համբարձումյանի գործով՝ տևական ընդմիջումից հետո շարունակեց քննել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի՝ Սահմանադրական դատարան (ՍԴ) դիմելու միջնորդությունը։

Հիշեցնենք, որ Հայկ Ալումյանը միջնորդել է դիմել Սահմանադրական դատարան՝ պնդելով, որ այն, որ դատարանն օրենքով հնարավորություն չունի պարզաբանելու Ռ․ Քոչարյանին և Արմեն Գևորգյանին առաջադրված մեղադրանքը, հակասում է Սահմանադրության 67-րդ հոդվածի 1 կետին և 63 հոդվածի 1 մասին։
2-րդ նախագահի պաշտպան Արամ Օրբելյանն ասաց, որ դատավարության շրջանակներում լրջագույն խնդիր է առաջանում, երբ որ ներկայացված մեղադրանքը կառուցված է որոշակի ընդհանրական ձևակերպումների հիման վրա։ Նախորդ նիստերին դատարանը հստակ արձանագրել է, որ մեղադրանքի պարզաբանման գործիք չունի, առաջարկել է դա անել դատախազներին, բայց վերջիններս հրաժարվել են։

Օրբելյանը հիշեցրեց, որ մեղադրանքի պարզաբանված լինելու իրավունքը մարդու հիմնարար իրավունքներից է, և Սահմանադրությամբ ամրագրված է, որ պետք է լինեն նաև այդ իրավունքների իրացման կառուցակարգեր։

«Եթե դատարանը ցանկանում է իրացնել այդ իրավունքը, բայց չունի կառուցակարգ և արձանագրում է, որ դրա բացակայությունը խոչընդոտում է դատարանին, ուրեմն առկա է իրավունքի բաց։ Տվյալ դեպքում հարց է առաջանում՝ արդյո՞ք Սահմանադրությանը համապատասխանում է այն իրավիճակը, երբ դատարանը նման իրավունք չունի»,- նշեց պաշտպանը։

Արամ Օրբելյանը նույնպես միացավ Հայկ Ալումյանի միջնորդությանը՝ պնդելով, որ դատարանը պետք է դիմի ՍԴ։ Պաշտպանն ավելացրեց, որ դատարանի համապատասխան որոշման դեպքում կարելի է նաև խնդրել ՍԴ-ին գործի քննությունն իրականացնել ավելի սեղմ ժամկետներում։
Միջնորդության քննությունն ավարտվեց։ Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ դատական ակտ կայացնելու, որը կհրապարակվի մարտի 2-ին՝ ժամը 13։00-ին։

Հիշեցնենք նաև, որ այսօր Աննա Դանիբեկյանը մերժեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի միջնորդությունը՝ թույլ տալ բացակայել ՀՀ տարածքից։

Նախկին փոխվարչապետը տեղեկացրել էր դատարանին, որ ս․թ․ մարտի 14-15-ին տեղի են ունենալու ԵԽԽՎ արտահերթ լիագումար նիստեր՝ կապված Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հետ։ Գևորգյանը խնդրել էր դատավորին հերթական դատական նիստը նշանակելիս հաշվի առնել, որ այդ օրերին նա մասնակցելու է ԵԽԽՎ նիստերին և չի կարող ներկայանալ դատարան։

Դատարանը գտավ, որ ընդդիմադիր պատգամավորը կարող է առցանց մասնակցել այդ նիստերին, և թույլ չտվեց նրան մեկնել Ստրասբուրգ։

Տեսանյութեր

Լրահոս