Ֆրանսիան շահագրգռված է Թուրքիայի միջուկային նախագծերում

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ֆրանսիան շահագրգռված է Թուրքիայի միջուկային նախագծերում: Այս մասին թուրք լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ֆրանսիայի արտաքին առևտրի նախարար Նիկոլ Բրիկը.

«Մենք շահագրգռված ենք Թուրքիայի միջուկային նախագծերում: Մենք ցանկանում ենք վերստին ամրապնդել Թուրքիայի հետ մեր հարաբերությունները: Ֆրանսիայի ու Թուրքիայի առևտրային հարաբերությունները կարող են թուլացնել երկու երկրների քաղաքական հարաբերությունների լարվածությունը:

Երկու երկրների միջև հարաբերությունները հենված են տնտեսական գործընկերության վրա: Թուրքիան անհրաժեշտ է մեզ, և ես կարծում եմ, որ Թուրքիան նույնպես կարիք ունի այնպիսի խոշոր գործընկերոջ, ինչպիսին որ Ֆրանսիան է: Երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալը կազմում է 15 միլիարդ եվրո: Իմ այս այցն ուղղված է այդ ցուցանիշի բարձրացմանը»:

Ֆրանսիացի նախարարը հավելել է, որ այսօր հանդիպելու է իր թուրք գործընկերոջ և Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզի հետ:

Հիշեցնենք, որ ընդհանուր առմամբ, Թուրքիան պլանավորել է կառուցել երեք ատոմակայան: Թուրքիայում առաջին ատոմակայանը, որը գտնվելու է միջերկրածովյան Մերսին նահանգի Աքքույու վայրում, կառուցելու է Ռուսաստանը: Այն ունենալու է չորս էներգաբլոկ, որոնցից յուրաքանչյուրի հզորությունը կազմելու է 1200 մեգավատտ, ընդհանուր` 4800 մեգավատտ: Նախագիծը գնահատվում է 20 միլիարդ դոլար:

Երկրորդ ատոմակայանն էլ կառուցվելու է սևծովյան Սինոպում: Այս ատոմակայանը կառուցողի անունը դեռ հայտնի չէ: Դրա համար պայքարում են Չինաստանը, Կանադան, Ճապոնիան, Հարավային Կորեան: Ենթադրվում է, որ երրորդ ատոմակայանն էլ կառուցվելու է Թուրքիայի եվրոպական հատվածում գտնվող Իղնեադա վայրում` Բուլղարիայի սահմանից ոչ հեռու:
Ավելի վաղ Թաներ Յըլդըզը հայտարարել էր, որ թուրքական ատոմակայաններն էլեկտրաէներգիա են արտադրելու մինչև 2019 թվականը, իսկ մինչև 2023 թվականը (Թուրքիայի Հանրապետության հիմնադրման հարյուրամյակ) Թուրքիան մտադիր է կառուցել ևս մեկ ատոմակայան:

Տեսանյութեր

Լրահոս