«Արցախի համանուն գերատեսչությունը ևս չի փայլում նախաձեռնողականությամբ, իսկ պոպուլիզմը դարձել է աշխատանք…»․ Մետաքսե Հակոբյան

Մետաքսե Հակոբյանը։ ֆեյսբուքյան իր էջում գրում է. «2022 թ.-ի հունվարի 25-ին Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովում«Հանրակրթության մասին» օրենքի փոփոխությունների վերաբերյալ խորհրդարանական լսումներ էին: Այն, որ մեր կրթական համակարգը այնքան մաշված, խառը և ոչ արդիական է, դա անհերքելի է…Սակայն անհերքելի փաստ է. այն փոփոխությունները, որ այս իշխանությունները պատրաստվում են իրականացնել, ստեղծվել է թուրքերի հետ համատեղ աշխատանքի արդյունքում:

Ինչպես իր խոսքի վերջում 2 անգամ նշեց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալը, իրենց նպատակին հասնելու համար պետք է սկզբունքայնություն, կամք, համբերություն, հետևողականություն, շահեկիցների համախմբում և մասնակցային գործընթաց:

44-օրյա պատերազմի միջոցով այս քպ-ական խմբակը ապացուցեց, որ ունի վերոնշյալ բոլոր հատկությունները, ի շնորհիվ որոնց՝ ակտիվ կործանում է Հային ու Հայի Հայրենիքը: Եվ այն օղակը, որ գցել են մեր Հայրենիքի շուրջ, օր օրի սեղմվում է: Վստահ եմ, նույնիսկ նախագծի հեղինակները ինձ հետ կհամաձայնեն, որովհետև իրենք հենց այդ նպատակի համար են ստեղծվել: Իսկ իրենց պես չգործողներին, չմտածողներին և Հայրենիքը գնահատողներին, իրենք մի պատասխան ունեն. «Դուք ե՞րբ առաջարկ արեցիք, որ մենք էլ չընդունեցինք»:

Հիշեցում. 2021 թ.-ի դեկտեմբերի 4-ին և 5-ին Արցախի Հանրապետության Ազգային Ժողովում տեղի ունեցավ ՀՀ և ԱՀ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովների՝ թե՞ նիստ էր, թե՞ հանրային քննարկում, այդպես էլ չհասկացվեց: ՀՀ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի մշտական հանձնաժողովի նախագահին առաջարկեցի չանտեսել Արցախի գործընկերներին և քննարկումներին մասնակցության հրավեր ուղարկել: Առաջարկս «հուզելու» աստիճանի «ջերմ» ընդունվեց…

Հունվարի 25-ին ՀՀ խորհրդարանում տեղի ունեցող հանրային քննարկմանը Արցախի Հանրապետությունից ոչ ոք չկար և, ինչպես պարզեցի, տեղյակ էլ չէին: Ինչ խոսք, Արցախի համանուն գերատեսչությունը ևս չի փայլում նախաձեռնողականությամբ, իսկ պոպուլիզմը դարձել է աշխատանք… »։

Տեսանյութեր

Լրահոս