Հանուն իշխանության
Ղազախստանում տեղի ունեցող իրադարաձությունների և գնահատականների վերաբերյալ տարբեր կարծիքներ են հնչում։ Փորձեմ նաև իմ կարծիքը հայտնել։
Հասարակության մեջ ամենաշատ հնչող բացասական գնահատականները կապված են Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ի կազմում զորախումբ ուղարկելու հետ։
Վարչապետ կոչեցյալին քննադատում են մի քանի ուղղություններով։
Իհարկե, ամենազավեշտալին այն է, որ մի շարք ՀԿ-ներ, «սուր» քննադատության արժանացնելով վարչապետ կոչեցյալի որոշումը, հայտարարում են․ «2018-ին Հայաստանի ժողովուրդը մերժել է բռնապետությունը և ժողովրդավարության ամրապնդման ուղի ընտրել»։
Իսկապե՞ս, փաստորեն շուրջ չորս տարի է՝ ապրում ենք ժողովրդավարության ամրապնդման փուլում։ Ամրապնդվել է խոսքի ազատությունը, քանի որ ընդունվել են այնպիսի փայլուն օրենքներ, որոնց կնախանձեին աշխարհի ամենաժողովրդավարական երկրները, այլևս որևէ խտրականություն, բռնություններ լրագրողների հանդեպ չեն կիրառվում։ Մարդիկ ազատորեն օգտվում են խաղաղ հավաքների իրավունքից, նրանց հանդեպ ոստիկանությունը որևէ բռնություն չի կիրառում։ Վերջապես Հայաստանում վերացած է խոշտանգման, վատ վերաբերմունքի երևույթը։
Օրինակ, Շուռնուխի գյուղապետի եղբորը շատ քաղաքավարի ձևով ուղեկցում էին ոստիկանական բաժանմունք։ Վերջապես Հայաստանում ընտրությունները չեն կեղծվում, չեն կիրառվում վարչական ռեսուրսներ։ 2021թ․ հունիսի 20-ի ընտրություններին վարչապետը բացարձակապես չկիրառեց վարչական ռեսուրսներ։ Նա գտնվում էր արձակուրդում և նախընտրական հանդիպումներին գնում էր ընդամենը մեկ մեքենայի ուղեկցությամբ, նա ավտոբուսներով չէր տեղափոխում իր աջակիցներին մարզից մարզ, հանդիպումներին ներկա չէին դպրոցականներ և ուսուցիչներ։ Առաջին անգամ զինվորականները քվեարկեցին իրենց կամքով, որևէ փաստ չգրանցվեց զինվորականների ուղղորդված քվեարկության մասին։ Հատկապես ժողովրդավարական անցան ՏԻՄ ընտրությունները, չի գրանցվել որևէ բռնության, ոստիկանության միջամտման, կալանավորման դեպք։
Վերջապես, Հայաստանում գործում է անկախ դատական համակարգը, ՍԴ-ն բարեփոխվեց սահմանադրության տառին համապատասխան, ԲԴԽ-ն համալրվեց բարձրակարգ մասնագետ-գիտնականներով, դատական գործերը բաշխվում են ամենապատահական ընտրությամբ, և վերջապես կալանքը կիրառվում է ամենածայրահեղ դեպքերում։
Հայաստանում վերջակետ է դրված քաղաքական հետապնդումներին, այլևս չկան քաղաքական բանտարկյալներ։
Եվ ամենակարևորը՝ Հայաստանում արմատախիլ է արված կոռուպցիան։ Պետական բյուջեն այլևս չի մսխվում, պետական գնումներն արվում են բաց, թափանցիկ ձևով, որևէ պետական պաշտոնյա, պատգամավոր, նրանց հարազատները չունեն արտոնություններ, չեն մասնակցում պետական գնումների մրցույթներին։ Շարքը կարելի է շարունակել։
Տպավորություն է ստեղծվում, որ շատերը զարմացած են՝ ո՞նց կարելի էր փողոցով գալ իշխանության և նույն փողոցի դեմ զորք ուղարկել։ Նրանցից ոմանք հիշում են նաև, թե ինչպես վարչապետ կոչեցյալը շնորհավորեց նույն փողոցային ընդվզումը ճնշած Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին։
Վրդովմունքով հիշեցնում են նաև Ղազախստանի նախագահ Տոկաևի շնորհավորհանքը Ադրբեջանի նախագահին արցախյան հաղթանակի առիթով։ Եվ, իհարկե, արդարացիորեն զուգահեռներ անցկացնում 2008թ․ մարտի 1-ի դեպքերի և ղազախական իրադարձությունների միջև։
Այս բոլորին ես մեկ պատասխան ունեմ։
Լավ, հարգելի վրդովված գործիչներ, մի՞թե մինչև հիմա չեք հասկացել, որ վարչապետ կոչեցյալ անձնավորությունը ոչ մի սկզբունք, գաղափարախոսություն՝ լինի ազգային, համամարդկային, աշխարհաքաղաքական թե այլ, չունի, բացի ժամանակին ամեն գնով, այդ թվում՝ մարդկային զոհերի գնով, իշխանության հասնելուց, այժմ էլ այն, նույնպես ամեն գնով, այդ թվում՝ և՛ մարդկային զոհերի, և՛ Արցախի ու Հայաստանի տարածքները զիջելու, պահելու մոլուցքից։
Նա իր ողջ քաղաքական գործունեությունը կառուցել է ստի և կեղծիքի վրա։ Որպես ընդդիմադիր՝ հասարակության արևմտամետ ընդդիմադիր հատվածի համակրանքը շահելու համար, փրփուրը բերանին հայհոյում էր ՀԱՊԿ-ը և ԵԱՏՄ-ն, ժողովրդին հաճոյանալու համար՝ տեսախցիկներն ու «կարմիր գծերը», «պադավատապետությունը», պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացումը․․․ իսկ իշխանության գալուց հետո, չշարունակենք։
2018թ․ ստի և կեղծիքի հեղափոխության ժամանակ նա չխորշեց օգտագործել Աբաջյանի կեղծ պապիկին, հետագայում նույնպես կեղծ տատիկ-պապիկներին։ Արևմուտքի տերերին հաճոյանալու համար տարավ ընդգծված հակառուսական քաղաքականություն, հանուն իր իշխանության, աղետի հասցնելով Արցախն ու Հայաստանի Հանրապետությունը՝ այս անգամ էլ դառնալով թուրք-ադրբեջանական տանդեմի հպատակ։ Այժմ էլ, հանուն իր իշխանության պահպանման, գտել է նոր տեր՝ հանձին Ռուսաստանի։
Նրան բացարձակապես չի հետաքրքրում Հայաստանի շահը, նա զուրկ է մարդկային և ազգային արժանապատվության զգացումներից և, նորից եմ կրկնում՝ հանուն իր իշխանության՝ պատրաստ է ամեն ինչ զոհաբերելու և տերեր փոխելու։ Սակայն, համոզված եմ, որ նրա և՛ նախկին և՛ այսօրվա բոլոր տերերը նրան չեն վստահում և, ցավոք, այդ անվստահությունը նաև ողջ Հայաստանի և հայ ժողովրդի վրա է անդրադառնում։ Այնպես որ, բացարձակապես ավելորդ եմ համարում քննարկել և քննադատել վարչապետ կոչեցյալի որոշումները։
․․․Այնուամենայնիվ, ի՞նչ է կատարվում Ղազախստանում, և պե՞տք էր, արդյոք, որ Հայաստանի զորախումբը ՀԱՊԿ-ի կազմում մեկներ Ղազախստան։
Իմ համոզմամբ, հետխորհրդային երկրներում տեղի ունեցած, այսպես կոչված, «գունավոր հեղափոխություններից» ոչ մեկն ուղղված չէր հանուն ժողովրդավարության գաղափարին, թերևս, բացառությամբ Բելառուսի։
Այդ բոլոր հեղափոխությունները «հանուն ժողովրդավարության» անվան տակ պայքարներ էին՝ հանուն իշխանության։ Օրինակ, 2008թ․, Հայաստանում չկայացած հեղափոխությունը արդյո՞ք հանուն ժողովրդավարության էր։ Այո՛, իհա՛րկե, մինչև 1998թ․ Հայաստանում գործում էր անկախ դատական համակարգը, ընտրություններն անցնում էին ազատ, արդար, թափանցիկ, չկային քաղաքական բանտարկյալներ, պատվերով քաղաքական սպանություններ և այլն։
Ինչ վերաբերում է Ղազախստանին, ապա այն շատ ավելի բարդ երկիր է, քան պատկերացնում են մեր գերազանցիկ ժողովրդավարները։ Այնտեղ մշտապես քաղաքական, տնտեսական ոլորտների համար պայքար է գնացել ավանդական ղազախական ժուզերի (կլան) միջև։ Նուրսուլթան Նազարբաևը մեծ դժվարությամբ կարողանում էր հավասարակշռություն պահպանել։
Իսկ այժմ ինչ է կատարվում Ղազախստանում՝ շատ բարդ է ասել, այնտեղ բախվում են տարբեր աշխարհաքաղաքական շահեր։ Սակայն հաստատ այդ ամենը որևէ աղերս չունի ժողովրդավարության հետ։
Լավ, իսկ Հայաստանը, լինելով ՀԱՊԿ-ի անդամ, առավել ևս՝ նախագահող երկիր, անկախ այն բանից, թե ով է Հայաստանի ղեկավարը, ինչպե՞ս պետք է վարվեր այս իրավիճակում։
Հայտնի է, որ ՀԱՊԿ-ում դոմինանտ դերը Ռուսաստանինն է, ինչպես ՆԱՏՕ-ում՝ ԱՄՆ-ինը։ Չեմ կարծում, թե Հայասատանի որևէ ղեկավար կարող էր հակառակվել ՀԱՊԿ-ի, այն է՝ Ռուսաստանի որոշմանը։ Սակայն Հայաստանի ղեկավարը, լինելով ՀԱՊԿ նախագահող երկրի վարչապետ, պետք է ձեռնպահ մնար իր անունից ՀԱՊԿ որոշումը հրապարակելուց։ ՀԱՊԿ որոշումը կարող էր լինել հենց ՀԱՊԿ հայտարարություն, և վերջ։
Հայաստանի ղեկավարն ընդհանուր համաձայնություն տալուց հետո կարող էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին բացատրել, որ Հայաստանի այս իրավիճակում ճիշտ չի հասկացվի Ղազախստան զորախումբ ուղարկելը։ Եվ համոզված եմ, որ այս առաջարկն ըմբռնումով կընդունվեր։
Իսկ ինչ արեց վարչապետ կոչեցյալը։ Չդիմանալով գայթակղությանը, իրեն զգալով աշխարհի մեծերից, շտապեց իր անունից հայտարարություն կատարել։ Իհարկե, ողջ աշխարհը հասկանում է, որ որոշում կայացնողը նա չի եղել, բայց մեր հակառակորդներն ու թշնամիներն այս հայտարարությունն ու Հայաստանից զորախումբ ուղարկելը հմտորեն կօգտագործեն։
Այսպիսով, վարչապետ կոչեցյալը հերթական անգամ ցուցադրեց իր թքողական վերաբերմունքն ազգային շահերի նկատմամբ, նրան չի հետաքրքրում, որ ազգայնականորեն տրամադրված ղազախներն ինչեր կարող են անել Ղազախստանի հայերի հանդեպ։
Հ․Գ․ Ի դեպ, ժամանակին ես դեմ էի նաև Իրաք հայկական զորախումբ ուղարկելուն՝ հաշվի առնելով արաբական երկրներում ապրող մեր հայրենակիցներին։