Հանրությանը պարտադրված թուրքական օրակարգ

Վերջին օրերին հայ հանրության ուշադրության կենտրոնում դարձյալ Արցախի շուրջ տեղի ունեցող զարգացումներն են, ինչի առիթը հանդիսացավ Նիկոլ Փաշինյանը՝ իր վերջին հարցազրույցի ժամանակ բաց տեքստով խոսելով Արցախի և Արցախի հետագա ճակատագրի մասին։ Վերջին երկու օրերի ընթացքում բավական ակտիվ տիրաժավորվեց և քննարկվեց Փաշինյանի հնչեցրած մտքերը, ուստի փորձենք հասկանալ, թե իրականում ի՞նչ էր փորձում ասել Փաշինյանը և ինչո՞ւ հենց այս տուրբուլենտ փուլում։

Պետք է նկատենք, որ իր ասուլիսում Փաշինյանը մի քանի վտանգավոր ու լուրջ ռիսկեր պարունակող թեզեր առաջ քաշեց, որոնք ունեն խորքային տողատակեր։ Մասնավորապես, Փաշինյանը նշել է․ «ԼՂ-ն միշտ դիտարկվել է ադրբեջանական և հայկական տարածք, եթե ինքնորոշման հարցը լուծվեր, բա Ադրբեջանի բնակիչը որտե՞ղ պետք է բնակվեր։ ԼՂԻՄ-ում ապրել է ադրբեջանցի բնակչություն: Ես համաձայն չեմ այն մտքի հետ, որ Արցախը պիտի լիներ հայկական։ Արցախն ունենալու էր և հայկական, և ադրբեջանական բնակչություն»։

Ուշադրություն, նման եզրույթներ բարձրաձայնում է մի երկրի փաստացի ղեկավար, ում իշխանության օրոք Ադրբեջանն օկուպացրել է Արցախի տարածքի 75 տոկոսը, պատճառել է միլիարդավոր դոլարների հասնող ֆինանսական վնաս և 5000-ից ավելի հայորդու զրկել կյանքից։ Ըստ էության՝ հնչեցրած պնդումները կազմում են փաշինյանական անհայրենիք պլանի մի մասը։ Ստեղծված իրավիճակում ունենք հետևյալը․ Նիկոլ Փաշինյանը ձեռքերը լվանում է Արցախից, նմանօրինակ քայլերով նա փաստացի փորձում է ազատվել Արցախի բեռից և առաջ է քաշում այդ օրակարգը։ Եթե փորձենք լակոնիկ ձևակերպում տալ երեքժամյա ասուլիսին, ապա Նիկոլի ասուլիսն այն մասին է, որ Ղարաբաղը գրեթե Ադրբեջան է։ Նման պառակտող հայտարարություններով մանիպուլյացիայի վարպետը փորձում է խաթարել Արցախի ներքաղաքական փխրուն կայունությունը։ Այլ կերպ՝ Արցախի ապագայի ու բանակցային գործընթացի մասին հնչեցրած Փաշինյանի հայտարարություններն օդից չէին ասված և տեղավորվում են նրա քաղաքական գլխավոր գծի մեջ։

Ունենք այնպիսի իրողություն, ըստ որի՝ Փաշինյանը ՀՀ տեղեկատվական սեգմենտում բացահայտ տիրաժավորում է Արցախի հետ կապված ադրբեջանական կողմի՝ տարիներ շարունակ առաջ քաշած ու տարբեր միջազգային հարթակներում բարձրաձայնած թեզերն ու պնդումները։ Միանշանակ է, որ Փաշինյանն այդ ամենն անում է Արցախում քաղաքական ճգնաժամ ստեղծելու համար, որպեսզի զրկի Արցախում ապրելու վերջին հույսից, իսկ արդեն դրանից հետո այդ ամենի մեղքը բարդի Արցախի քաղաքական ուժերի և ժողովրդի վրա՝ փաստացի զրկելով ինքնակազմակերպվելու և ինքնապաշտպանական կարողություններ ունենալու հնարավորություններից։

Փաշինյանի հակահայկական ասուլիսի վերաբերյալ Արցախից հնչած արձագանքները չուշացան և, ինչպես կանխատեսելի էր՝ դրանք բավական չոր էին և կոշտ, սակայն, միանշանակ ուշացած։ Սա այն դեպքն է, երբ անձրևից հետո սկսում են հովանոց օգտագործել։ Երեք ու կես տարի ՀՀ երկու նախագահները, ՀՀ ընդդիմադիր սեկտորի տարբեր ներկայացուցիչները բարձրաձայնում էին Փաշինյանի իշխանության հակաարցախյան լինելու մասին, սակայն Արցախից ոչ մի ադեկվատ ռեակցիա չէր հնչում։ Երբ ասվում էր, թե Նիկոլ Փաշինյանը եկել է Արցախը հանձնելու և այդ խնդիրը վերջնականապես փակելու համար, իշխանական քարոզչամեքենան ամեն ինչ անում էր հարցը մանիպուլյացնելու և այլ տիրույթում ձևախեղելու համար, այսօր արդեն բախվում ենք դառն իրականության հետ։  Ավելին՝ 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո ՀՀ-ում տեղի ունեցող գործընթացներին Արցախի իշխանությունները նայում էին անտարբեր և փորձում կրավորական կեցվածք ընդունել և կոնֆորմիստի նման ծառայել փաշինյանական ռեժիմին, և միայն, երբ նա բացահայտ խոսեց իր հետագա անելիքների և քայլերի հաջորդականության մասին, նոր միայն արցախյան սեկտորում հասկացան, թե ում կրակի վրա են տաքացրել իրենց ձեռքերը։

Այսօր արդեն Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում փորձեց արդարանալ և մեկնաբանել ասուլիսի ժամանակ արված հայտարարությունները՝ դրանք մատուցելով հանրությանը «հաճելի» սոուսով։ Ակնհայտ է, որ նա իր բնավորությանն ու գործելաոճին բնորոշ՝ հերթական անգամ փորձում է մեկնաբանել ու հղկել հենց իր կողմից արված հայտարարությունները։ Ընդհանրապես այս իշխանություններն իրենց գործունեության երեք ու կես տարիների ընթացքում աշխատում են հետևյալ սխեմայով․ նախ՝ «լյապերի» ու «կիքսերի» շարք են տալիս, որոնք հենց այն է, ինչն իրենք ցանկանում են ասել, հետո այդ ասվածի վերաբերյալ հավելյալ մեկնաբանություն են տարածում, թե իրենց ասվածը տարընթերցում է եղել, կամ, ասենք, շրջանառության մեջ է դրվել կոնտեքստից կտրված։

Փաստացի Փաշինյանը փորձում է ամեն կերպ ազատվել Արցախից ու այն «գցել» ռուսական կողմի գրպանը՝ փաստացի հարցականի տակ դնելով նաև Արցախի անկախության հռչակագիրը։ Այն մարդը, ով կոչված է սպասարկելու մեր պետության շահը բանակցային սեղանի շուրջ, պատրաստ է սեփական անկարողության արդարացման համար շրջանառության մեջ դնել վտանգավոր և պետության շահերին հակասող թեզեր։ Չի բացառվում, որ Նիկոլի կառուցողական բարեկամն առաջիկա օրերին Բաքվից կհոխորտա, որ «Զանգեզուրը, Սևանն ու Երևանը հին ադրբեջանական հողեր են»։

Փաստացի ստացվում է, որ Փաշինյանն իր ֆեյսբուքյան մամուլի ասուլիսով «խթանում» է Հայաստանի քաղաքական ղեկավարության հանդեպ Արցախի քաղաքական ղեկավարության և ուժերի ընդվզում:

Հ․Գ․ Այսօր Արցախի խորհրդարանն իր հատուկ նիստում անդրադարձել է Փաշինյանի կողմից հնչած թեզերին և հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ հանգամանալից տալիս են այն դրույթները, որոնք առկա են արցախյան օրակարգում։ Ըստ էության՝ Արցախը պաշտոնապես արձանագրեց, որ ՀՀ իշխանություններն ապազգային են, հակաարցախյան և բացառապես սպասարկում են հակառակորդի շահերը:

Արմեն Հովասափյան

Տեսանյութեր

Լրահոս