«Ադրբեջանը մեզ ինքնակամ ոչինչ չի տա, եթե այսպես շարունակվի՝ մեզ շատ դառը ճակատագիր է սպասվում». Հենրիկ Քոչարյան

Դեկտեմբերի 9-ին Կապանում լրագրողների հետ զրույցի ժամանակ Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանն ասել էր, որ իրենք գերադասում են և նաև պատկերացնում են, որ դեմարկացիոն և դելիմիտացիոն գործընթացը տեղի կունենա մինչև 1929 թվականի քարտեզներով։

«1929 թվականին ԽՍՀՄ տարիներին Կապանի շրջանի 21 հայկական գյուղ նվիրաբերվեց Ադրբեջանին, և հենց այդ օրվանից մեզ մոտ առաջացավ այն հիմնական խնդիրը, որը ներկայումս ունենք։ Օդանավակայանի անմիջական հարևանությամբ թշնամու առկայությունը, ճանապարհների խնդիրը։ Այսինքն՝ եթե առաջնորդվենք մինչև 1929 թվականի քարտեզներով, բավականին լուրջ տարածքներ հայկական տարածքներ են։

Հիմա մենք պետք է խուսափենք առհասարակ ասել՝ հայկական կամ ադրբեջանական տարածքներ են՝ ցանկացած քարտեզով, ինչո՞ւ, որովհետև քանի դեռ չեն իրականացրել դեմարկացիա և դելիմիտացիա, պարզ չէ՝ դա ադրբեջանակա՞ն է, թե՞ հայկական է։ Նույնը վերաբերում է է Մ-2 և Մ-17-ին, նույնը՝ նաև այն տարածքներին, որոնք կոչվում են, այսպես կոչված, «ադրբեջանական»»,- ասել էր Գևորգ Փարսյանը։

168.am-ի հետ զրույցում Հայաստանի առաջին՝ 1990-1998թթ ՀՀ տրանսպորտի և կապի նախարար, հասարակական-պետական գործիչ Հենրիկ Քոչինյանն ասաց, որ կոնկրետ 1929 թվականի քարտեզները չի տեսել, չի կարող ասել՝ դրանք պահպանվո՞ւմ են Հայաստանի Ազգային արխիվում, թե՞ ոչ։

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, որ Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածում թշնամու մաքսակետերը ՀՀ տարածքում չեն, այլ գտնվում են Ադրբեջանի տարածքում, Հենրիկ Քոչինյանը հակադարձեց՝ սխալ է նման հայտարարություն անելը։

«Ճիշտն այն կլինի, որ մինչև սահմանազատում ու սահմանագծում հստակ չլինի, որևէ մեկը՝ ո՛չ ամենաբարձր պաշտոնյան, ո՛չ էլ հասարակ քաղաքացին, չպետք է փորձի որևէ կարծիք հայտնել կամ հայտարարություն անել, որովհետև, ի վերջո, եթե կա մի բան, որը վերջնական է, ապա դրա մասին խոսելը կդառնա անիմաստ։ Հիմա եթե Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածը, Կապան-Ճակատեն հատվածն այդպես տվել են թշնամուն, ապա եթե Հայաստանում իշխանափոխություն լինի, առանց լուրջ ճնշումների Ադրբեջանը դրանք Հայաստանին չի վերադարձնի։ Այդ ճնշումները կարող են լինել միջազգային կառույցների կողմից, եթե փաստերը, իհարկե, դեմ տանք, կամ էլ ուժով պետք է վերցնենք։ Այլ տարբերակ չկա, Ադրբեջանը մեզ ինքնակամ ոչինչ չի տա»,- նշեց Հենրիկ Քոչինյանը։

Նա դժվարացավ ասել՝ Հայաստանի համար 90-ականների՞ն էր ավելի դժվար, թե՞ այսօր, բայց մեկ բան հստակ է, որ 90-ականներին Հայաստանն ու Արցախն էին իրենց խնդիրները լուծում։ Իսկ այսօր, նրա կարծիքով՝ Հայաստանի խնդիրների լուծողը Հայաստանը չէ։

«Իրավիճակից դուրս գալու ճանապարհը մեկն է՝ յուրաքանչյուր հայ մարդ պետք է անի առավելագույնը, որպեսզի օր առաջ Հայաստանն ավելի ուժեղ լինի, քան երեկ էր։ Եթե մենք մնանք խնդրողի, աղաչողի, Աստծո հույսին, վատ բան եմ ասում, բայց այդպես է, ապա շատ վատ է լինելու։ Եթե ձեռքներս քշտենք մեծ ու փոքրով, իշխավոր ու ոչ իշխանավոր՝ լծվենք գործի, որ հայրենիքը ուժեղացնենք, մեր բանակի նախկին մարտունակությունը վերականգնվի, տնտեսությունը տեղից շարժվի։ Պարզ բան եմ ասում, եթե հայերով սկսենք իրար սիրել, կկարողանանք մեր ճակատագրի հարցերը լուծել, եթե այսպես շարունակվի, ապա մեզ շատ դառը ճակատագիր է սպասվում»,- եզրափակեց Հենրիկ Քոչինյանը։

Տեսանյութեր

Լրահոս