Նիկոլ Փաշինյանի ռազմական անհիմն գաղտնապահության պատճառները

Նոյեմբերի 23-ին տեղի ունեցած առցանց ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անպատասխան թողեց հարցը՝ արդյո՞ք Հայաստանը պլանավորում է զենքի նոր խմբաքանակ ձեռք բերել ՌԴ-ից կամ այլ երկրից:

«Ես կարծում եմ, որ այդ թեմաներին չարժի հրապարակային անդրադառնալ»,- նշել էր նա:

Հետաքրքիր է, որ Նիկոլ Փաշինյանը պետական գաղտնիքի տարրեր պարունակող տեղեկություններ հայտնելուց չի խորշել, անգամ, երբ խոսքը վերաբերել է սպառազինությանը:

Մասնավորապես, 2020-ի ապրիլի 7-ին Նիկոլ Փաշինյանը, ուղիղ եթերում պատասխանելով օգտատերերի հարցերին, հայտարարել էր.

«Ուզում եմ ակնարկել մի նորության մասին, որն իրականում գաղտնիք է: Մի քանի օր առաջ ինձ ցուցադրվել է Հայաստանի ռազմաարդյունաբերական համալիրի արտադրանքի մի նմուշ, որի գոյությունը վկայում է, որ Հայաստանում ռազմաարդյունաբերական համալիրը նոր մակարդակի է դուրս գալիս: Այդ նմուշի ամենակարևոր առանձնահատկությունը ոչ միայն այն է, որ ինքը գերժամանակակից արտադրանք է, այլ ինքը զրոյից հավաքվել է Հայաստանում»:

Ըստ այդմ՝ առաջին հերթին Նիկոլ Փաշինյանի այս «գաղտնապահությունը» վկայում է, որ գոյություն չունի կարիքների գնահատում, չկա վերլուծություն, տեսլական, թե ինչ է մեզ պետք, շարունակելու ենք միայն պաշտպանվե՞լ, թե՞…, ուստի զարմանալի չէ, որ պրոֆեսիոնալ բանակ ունենալու մասին միայն առիթից առիթ լսում ենք, բայց թե ինչ տեսակ պրոֆեսիոնալ բանակի մասին է խոսքը, փաշինյանական իշխանությունը պատկերացում չունի:

Երկրորդ՝ Նիկոլ Փաշինյանի այս «գաղտնապահությունը» գուցե հուշում է, որ սպառազինության մատակարարման հետ կապված խնդիրներ կան: Ի վերջո, պետական գաղտնիքի խնդիր չկար, եթե ասվեր, որ նախատեսվում է ՌԴ-ից զենքի մատակարարում, հատկապես, երբ օգոստոսի 11-ին ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի հետ հանդիպման ավարտին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն նրան դաշույն է նվիրել և հայտարարել․

«Կարող ենք համարել, որ Հայաստանին սպառազինության մատակարարման գործընթացը մեկնարկած է»:

Ավելին, օգոստոսի վերջերին Արշակ Կարապետյանը լրագրողների հետ զրույցում հստակեցրել էր այս առումով տեսլականը, որ պլանավորում են ունենալ որակով սպառազինություն։

«Պլանավորում ենք ունենալ նոր սպառազինություն։ Մենք հրաժարվել ենք հին սպառազինություն ձեռք բերելուց։ Դա մեր քաղաքականությունն է։ Ավելի լավ է ունենանք քիչ, բայց որակով, ու հստակ իմանանք, որ այդ սպառազինությունը գործելու է»,- ընդգծել էր Կարապետյանը:

Եթե անգամ Կարապետյանի հայտարարությունները զուտ խոսակցության մակարդակում են, բայց այդ խոսակցությունը, այսպես ասած, շարունակել է պետք, որպեսզի այն վերածվի գործի: Այլապես հեշտ է՝ նախկինների օրոք բանակցված և կնքված պայմանագրերի շրջանակում սպառազինությունների մատակարարման փառքի դափնիները վայելելը, ինչից հեռու չէ Նիկոլ Փաշինյանը:

168.am-ն անդրադարձել էր Փաշինյանի «ռազմական» մանիպուլյացիաներին:

Նիկոլ Փաշինյանն Արմավիրի մարզ կատարած նախընտրական այցի շրջանակում հայտարարել է՝ իբրև թե բանակի 10 տարվա ընթացքում ձեռք բերված զինամթերքի 75-80 տոկոսն իր կառավարության օրոք է արվել:

Ավելի վաղ նա հայտնել էր, որ 2020-ի բյուջեում Պաշտպանության նախարարությանը հատկացվել է 307 միլիարդ դրամ, որը 2018-ի փաստացի ցուցանիշը գերազանցում է 28 տոկոսով կամ 66 միլիարդ դրամով, իսկ 2017-ի փաստացիի համեմատ՝ ավելի է մոտ 4.5 տոկոսով:

Այսինքն, 2018-ի մայիսից ի վեր Հայաստանը տեսանելի ժամանակահատվածի համեմատ զենք-զինամթերքի աննախադեպ գնումներ է կատարել՝ քանակական և ծախսված միջոցների չափի առումով, այն է՝ «ՍՈՒ-30ՍՄ» բազմաֆունկցիոնալ ինքնաթիռներ, «ՏՈՐ-Մ2ԿՄ» և «Օսա-ԱԿ» հակաօդային պաշտպանության համալիրներ:

«Кавказский узел» պարբերականը հոդված էր հրապարակել, որտեղ պնդել էր, որ Փաշինյանը մարդկանց մոլորեցնելու համար մանիպուլյացիայի է դիմում, ստում է՝ հատկապես սպառազինության վրա ծախսված միջոցների առումով:

Օրինակ, արդեն 2015-ի վերջին Հայաստանում կային «Իսկանդերներ», որոնք ցուցադրվել են 2016-ի շքերթին, իսկ դրանց շուրջ բանակցություններն ընթացքի մեջ էին 2015 թվականից, երբ նախկին իշխանությունների օրոք ռուսական վարկով 200 միլիոն դոլարի սպառազինության մատակարարման մասին համաձայնագիր էր ստորագրվել, որը հետագայում ընդլայնվել էր:

Մասնավորապես, միայն С-300-ի շուկայական արժեքը 250 մլն դոլար է, «Իսկանդերներն» էլ ավելի թանկ են և չունեն շուկայական արժեք:

«Զենքի մատակարարման վերաբերյալ բոլոր պայմանագրերը կնքվել են մինչև 2018 թվականը, որից հետո դրանք միայն կատարվել են, այն էլ ոչ ամբողջությամբ՝ խիստ կրճատված և աղավաղված: Մասնավորապես, ըստ Ստոկհոլմի միջազգային խաղաղության խնդիրների ուսումնասիրության ինստիտուտի՝ 2019 թվականի ծախսերի մեծ մասը՝ 190 միլիոն դոլար, ուղղվել է ավիացիային, այսինքն՝ հենց այն Սու-30-ների գնմանը, որոնք մատակարարվել էին առանց զինամթերքի և չէին ներգրավվել պատերազմին: Եթե սրանք չհաշվենք, ապա Փաշինյանի պաշտոնավարման ժամանակաշրջանին ՀՕՊ-ի և հրթիռների համար բաժին է ընկնում ընդամենը 58 միլիոն դոլար, ընդ որում, ՀՕՊ-ից ավելի վաղ նախատեսված ТОР-երի գնումները, ինչպես նաև Հորդանանից ձեռք բերված անպետք «Օսա-ԱԿ»-ները, որոնք ոչնչացվել են առաջին իսկ օրը»,- մանրամասնել էր հոդվածագիրը:

Հավելենք, որ դեռևս նախորդ տարի մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, որ Հայաստանի կողմից «ՕՍԱ-ԱԿ» հակաօդային համակարգերի ձեռքբերման պայմանագիրը 2018 թվականին վերակնքվել է, իսկ բուն գործարքը տեղի է ունեցել 2010-ին, որը, սակայն, կյանքի չի կոչվել սուբյեկտիվ և օբյեկտիվ պատճառներով: Ավելին, վերակնքված պայմանագրի գինն առավել նվազ է եղել:

Երրորդ՝ արձագանքելով ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի՝ Արշակ Կարապետյանին տված խոստմանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ ՌԴ-ի կողմից Հայաստանին զենք մատակարարելու մասին հայտարարություններն անտրամաբանական են:

«Մենք ակնկալում ենք, որ Ռուսաստանը չի զինի Հայաստանին: Մենք այդ հարցը հասցրել ենք ռուսական կողմին: Դա մեզ անհանգստացնում է»,- ասել էր նա CNN Turk-ին տված հարցազրույցում՝ հավելելով, որ պատերազմն ավարտվել է, և իր կարծիքով` հայ ժողովուրդն ու իշխանությունը հաշտվել են պարտության հետ, ինչը, ըստ Ալիևի, ցույց տվեցին խորհրդարանական վերջին ընտրություններն ու ներկայիս իշխանության հաղթանակը:

«Այս դեպքում, իհարկե, Հայաստանի զինումը չի տեղավորվում որևէ տրամաբանության մեջ»,- շարունակել էր Ալիևը:

Գուցե Նիկոլ Փաշինյանը ևս համաձայն է Ալիևի հետ, ուստի կատարում է անտրամաբանական նշանակումներ՝ տորպեդահարելով բանակի զարգացման և արդիականացման աշխատանքները:

Տեսանյութեր

Լրահոս