Դավաճանական սիրավեպ
Դավաճանությունը, որ արդեն մեկ տարուց ավելի դարձել է հայկական քաղաքական բառամթերքի ամենաշատ կիրառվող արտահայտությունը, այդուհանդերձ, մեկնաբանության կարիք ունի։
Խոսքը բառարանային մեկնաբանության մասին չէ, այլ երևույթի խորքային ընկալման ու դրանից բխող հետևանքների։ Կամայական մեկը մեղադրվում է հարենիքին դավաճանության մեջ։ Դա քրեական հանցագործություն է և պատժվում է օրենքի ողջ խստությամբ։
Բայց երևույթը պետք է ունենա ոչ միայն քրեադատավարական, այլ աշխարհայացքային ու գոյաբանական մեկնաբանություն։ Դավաճանում են ինչ-որ մեկին կամ ինչ-որ երևույթի, եթե նրա նկատմամբ հոգևոր կամ որևէ այլ բնույթի կապ են զգում։ Ինչպես որ կնոջ կամ ամուսնու դավաճանության պարագային կատարվողը բովանդակորեն դավաճանություն է միայն սիրելու դեպքում։ Սիրո բացակայությամբ դավաճանությունը պայմանագրային, օրինակ՝ ամուսնական պարտականություններից շեղման մեխանիկական ակտ է։
Առանձնահատկություններով հանդերձ, նույնը այդուամենայնիվ վերաբերում է նաև հայրենիքին։ Իսկ գուցե առաջին հերթին՝ հայրենիքին։ Որևէ մեկին ոչ թե դատարանում, այլ թեկուզ մտքում հայրենիքի դավաճանության մեջ մեղադրելու համար պետք է նախ պարզել նրա ու հայրենիքի հարաբերությունները, նրա վերաբերմունքն առ հայրենիք։ Իսկ ի՞նչ, եթե դավաճանվող տարածքը կամայական մեկի համար ոչ թե հայրենիք է՝ բառի ընդգրկուն ու զգացմունքայնություն ենթադրող իմաստով, այլ հաստատություն, որն ընդամենը քաղաքականությամբ զբաղվելու համար անհրաժեշտ քաղաքացիություն ու անձնագիր է տալիս։
Այդ դեպքում հայրենիքի դավաճանություն որակվող արարքն իրականում տվյալ հաստատության հետ խիստ պայմանագրային հարաբերությունների խախտում է, ինչպես քարտուղարուհու հետ սիրախաղը՝ անսեր կնոջ ամուսնու պարագային։ Սա կարևոր հոգեբանական շերտ է, որը հստակորեն պարզելը հնարավորություն կտա գնահատելու՝ ինչպե՞ս է վերաբերվում կամայական հայրենադավաճանը սեփական արարքին։
Իսկ ի՞նչ, եթե երբևէ երդվյալ ատենակալների հարցերին պատասխանելիս, այդ կամայականը հայտարարի, որ իր համար հայրենիքը ոչ թե Հայաստանն է, այլ երկրի հակառակ կողմը, հետևաբար՝ ինքը հայրենիքին ոչ միայն չի դավաճանել, այլև այն ավելի է մոտեցրել երկրի հակառակ կողմին։
Հայրենիքը միայն քարտեզներով որոշվող կատեգորիա չէ, առավել ևս, որ քարտեզների վրա նշվում են ոչ թե հույների, թաթարների կամ հայերի հայրենիքները, այլ այդ ժողովուրդների կազմավորած պետությունների անունները։
Հայրենիքն առաջին հերթին, իսկ գուցե առավելապես զգայական ապրում է, հողի, տարածքայնության ու ժամանակի հետ մարդու էմոցիոնալ հարաբերությունների այնպիսի համախումբ, որը երկրագնդի վրա հատկապես ու հաստատապես այդ տարածքն է նրա համար դարձնում հայրենիք։ Առանց այդ ապրումի պետությունն ընդամենը աշխարհագրական տարածք է, դրա նկատմամբ կատարվող ոտնձգություններն էլ՝ տարածքի մեծացմանը կամ փոքրացմանն ուղղված գործողություններ, որոնք գուցե խիստ նպաստավոր են այն տարածքի համար, որը կամայական մեկն իր հոգևոր աշխարհում հայրենիք է համարում։
Այնպես որ, դավաճանությունը՝ որպես ամենաթրենդային մեղադրանք հղելուց առաջ արժե ճշտել՝ ինչպե՞ս է վերաբերվում հասցեատերը նրան, ինչը դավաճանելու համար գամվում է անարգանքի սյունին։
Չէ՞ որ կարող է պարզվել, որ սյունն իրականում գտնվում է երկրի հակառակ կողմում։
Հարություն Ավետիսյան