Զգետնված բարոյականություն՝ խորհրդարանում

Հայերը ստի նկատմամբ ունեն երկակի վերաբերմունք՝ հիմնականում սիրում են ստել, բայց անհանդուրժող են ստողի նկատմամբ։ Բայց դա տեղին է առավելապես կենցաղային հարաբերություններում, հարևանի խորդանոցի տանիքի առաջխաղացման կամ նարդու հաշվի մեջ խաբողի պարագային։ Պետական սուտը ոչ միայն ներվում է, այլ ըստ ամենայնի մարսվում է հաճելիորեն։ Հայերս, որպես մասշտաբայնություն սիրող ժողովուրդ, գլոբալ ստախոսներին ոչ միայն չենք պատժում, այլ կարող ենք արժանացնել դափնիների։ Եվ շարունակել ապրել ստի պայմաներում։

Դրա լավագույն ու դասական օրինակն Արծրուն Հովհաննիսյանի գոյությունն է։ Ոչ թե ֆիզիկապես, այլ հանրային-քարոզչական տիրույթում։ Մարդը ուղիղ 44 օր խաբել է մի ամբողջ ժողովրդի, հաղթանակի հույս է տվել արդեն իրենց որդիներին կորցրած ծնողներին, հազարավորներին դրդել է շտապել սահման՝ հայրենիքը պաշտպանելու, այն դեպքում, երբ այդ պահին իմացել է՝ հայրենիքի այդ հատվածն արդեն հանձնված է։

Դա արել է սեփական նախաձեռնությա՞մբ, թե՞ վերադասի ցուցումով, կարևոր, բայց միանգամայն այլ քննարկման նյութ է։ Ինչպես որ տվյալ դեպքում տեղին չէ նրան հանդիմանել պատերազմում կրած պարտության համար։ Բայց նա՝ անուն-ազգանուն, զինվորական կոչում ունեցող մարդը, ուղիղ 44 օր խաբել է մի ամբողջ ժողովրդի և դրանից հետո ոչ միայն որևէ քրեաիրավական պատասխանատվություն չի կրել, ոչ միայն չի արժանացել հանրային դատապարտման ու մերժման, այլ այսօր կրկին հայտնվել է ռազմաքարոզչական ասպարեզում և իր գրած հիմարությունների համար արժանանում է հազարավոր հավանումների։

Նիկոլ Փաշինյանը հիմա էլ Արծրուն Հովհաննիսյանին գործուղել է Ազգային ժողով. նա նշանակվել է ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի փորձագետ, կընդգրկվի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հետ աշխատելու: Հարցին՝ արդյո՞ք հնարավոր կլինի արդյունավետ աշխատել՝ հաշվի առնելով, որ որոշ պատգամավորներ պատերազմից հետո իրեն չեն վստահում, նա ասել է. «Ես մասնագետ եմ, ով նայելու է իրադարձություններին, դեպքերին, նյութերին, փաստաթղթերին ու տա իր գնահատականը»։

Փաստորեն նա անարգել մուտք է գործում խորհրդարանի շենք, որտեղ միջանցքներում հանդիպում է նաև պատերազմի ընթացքում ժողովրդին մոլորեցրած իշխանությանը հանրահավաքային ելույթներում նզովող ընդդիմադիրներին։ Հանդիպում, գուցե բարևում է կամ անբարև սուրում է իր աշխատասենյակ՝ կատարելու փորձագետի իր՝ պետականորեն վճարվող աշխատանքն այն մասին, թե ինչպես պետք է խաբել հասարակությանը պատերազմական ու ոչ միայն պատերազմական օրերին։ Հիմա արդեն նա ունի նոր առաքելություն՝ դատապարտել գերիներին ու հերոսացնել նահատակներին, ոչ թե վերջիններիս հիշատակը հարգելու, այլ նրանց մահը գերիների կյանքին հակադրելու նողկալի մղումով։ Կամ ցուցումով։

Բայց Արծրուն Հովհաննիսյանի գոյությունը մերձիշխանական երկնակամարում ունի մեկ այլ խորքային շերտ, որն արդեն վկայում է 44-օրյա արյունալի պատերազմի նկատմամբ Նիկոլ Փաշինյանի վերաբերմունքի մասին։

Կա՛մ Արծրունը 44 օր շարունակ «հաղթելու ենք» ասելով՝ խաբել է բոլորին, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանին, կամ նա բոլորին խաբել է Նիկոլ Փաշինյանի հրահանգով։ Եթե տեղի ունի առաջին դեպքը, նշանակում է՝ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն չի պատժում նաև իրեն խաբողին, այլ նաև խրախուսում է։

Բայց դա անհավանական տարբերակ է, քանի որ Նիկոլ Փաշինյանի անձնային որակները վկայում են, որ նա պատժում է անգամ ամենաաննշան հարցերում իրեն խաբողներին կամ ճշմարտությունը չասողներին։ Դա էլ իր հերթին նշանակում է, որ Արծրունը 44 օր շարունակ ստել է Նիկոլ Փաշինյանի ցուցումով։ Կամ գուցե չի ստել և ընդամենը չի մասնավորեցրել, թե պատերազմող երկրներից հատկապես ո՞ր մեկի հաղթանակը նկատի ուներ՝ «հաղթելու ենք» ասելով։

Որևէ առողջ հասարակությունում Արծրուն Հովհաննիսյանն այդ մասշտաբի խաբեության համար կարժանանար հանրային այնպիսի վերաբերմունքի, որպիսին իր կեղտոտ քարզոչությամբ հենց այս պահին փորձ է անում ձևավորել գերիների նկատմամբ։ Բայց Հայաստանում նա հանգիստ շրջում է ոչ միայն փողոցում, այլ նաև խորհրդարանի միջանցքներում։

Որովհետև պատերազմում խաբված լինելը հարևանի առաջ տված խորդանոցի տանիք չէ, որի համար չներեն։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս