
Մեզ խեղդեց Պորտուգալիայի որակը. Եղիշե Մելիքյան
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը Պորտուգալիայից կրած պարտությունը կապում է թիմերի որակական տարբերության հետ:
«Շնորհակալություն բոլորին, երկրպագուներին: Շնորհակալություն, որ մինչև վերջ մնացիք թիմի կողքին: Ասել էի, որ ունենք պլան, բայց ամեն ինչ չէ, որ կարող է մեզ մոտ ստացվել և, գուցե, չստացվեց մեզ մոտ, քանի որ Պորտուգալիան ուժեղ մրցակից է: Մեզ համար դժվար էր պլաններն իրագործել: Բայց տեսա ֆուտբոլիստների նվիրվածությունը: Պորտուգալիայից գնդակ խլելը դժվար էր մեզ համար: Մեզ խեղդեց Պորտուգալիայի որակը: Ներողություն եմ խնդրում 0:5 հաշվի համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հետխաղային մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Մելիքյանը:
Մելիքյանն ընդգծեց, որ Հայաստանի հավաքականը դեռևս պատրաստ չէ պրեսինգով գործել այնպիսի մրցակցի հետ խաղում, ինչպիսին Պորտուգալիան է:
«Պորտուգալիան մեկը մեկի դեմ խաղում ուժեղ էր: Նրանք գնդակով արագ էին տեղաշարժվում: Եթե պարտվել ենք 0:5, ապա սխալներ արել ենք բոլորս, հատկապես ես: Ինձ մի քիչ ժամանակ է պետք մեր ազգին ուրախացնելու համար»,-ասաց նա:
Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի մեկնարկային տուրում Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը, Երևանում ընդունելով Պորտուգալիայի հավաքականին, պարտվեց խոշոր՝ 0:5 հաշվով: