Կապանի օդանավակայանն ամբողջովին վերակառուցված է, բայց ադրբեջանցիներն ընդամենը 100-120 մետր հեռավորության վրա են գտնվում օդանավակայանից. Հակոբ Ճաղարյան
Օրերս հայտնի դարձավ, որ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն «Նովէյր» ավիաընկերությունից ստացել է համապատասխան հայտ Երևան-Կապան-Երևան կանոնավոր չվերթ իրականացնելու նպատակով։ Մեկնարկը նախատեսվում է 2022 թվականի հունվարի 20-ից՝ շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ։
Կառավարության նոյեմբերի 11-ի նիստի օրակարգում ընդգրկված էր Կապանի Սյունիք օդանավակայանին 49,508,722 դրամ հատկացնելու հարցը։
Հիմնավորման մեջ նշված է, որ ներկա պահին ժամանակավորապես դադարեցված է Կապանի «Սյունիք» օդանավակայանի ֆինանսավորումը, ինչի հետևանքով կարող է վտանգվել օդանավակայանի հետագա շահագործումը։
168.am-ն ավիացիայի հարցերի փորձառու մասնագետ, Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանից հետաքրքրվեց, թե որքանո՞վ է իրատեսական Երևան-Կապան-Երևան կանոնավոր չվերթերի վերսկսումը, արդյո՞ք օդանավակայանը համապատասխան կահավորանք ունի, և, որ ամենակարևորն է, հաշվի առնելով ադրբեջանցիների տեղակայումը օդանավակայանի հարակից հատվածում, արդյոք անվտանգային խնդիրներ չե՞ն առաջանա։
«Կապանի օդանավակայանն ամբողջովին վերակառուցված է և ի վիճակի է ընդունել նման օդանավեր, բայց օդանավակայանը միայն շինությունը չէ, դա միայն շենքը չէ, որով ուղևորներն անցնում են, ամենակարևորը նրա մոտեցման և նրանից դուրս գալու ճանապարհներն են։ Ես այդ օդանավակայան հարյուրավոր թռիչքներ եմ կատարել որպես հրամանատար «ՅԱԿ 40»-ի վրա, բայց «ՅԱԿ 40» օդանավն ունի իր դինամիկան, շարժիչների հզորությունը, քաշը և այլն։ Այն ժամանակ մենք ստիպված էինք վերթիռից հետո մտնել ձորով բարձրություն հավաքել, իսկ այդ ձորն այսօր Ադրբեջանի վերահսկողության տակ է, թույլ կտա՞ն ադրբեջանցիներն այդ ձորը մտնել, ես չգիտեմ։
Երկրորդ՝ այս օդանավը, որով որ պետք է թռիչքները կատարվեն, «ԷԼ 410» օդանավն է, մինչև 18 ուղևոր է տանում, ես այդ օդանավին ծանոթ չեմ՝ ոչ որպես օդաչու, ոչ որպես գործարար, ես իմ ավիաընկերությունում այդ օդանավը չեմ օգտագործել, ես նրա տակտիկատեխնիկական հնարավորությունները չգիտեմ։ Կապանի օդանավակայանից թռիչք կատարվում է ընդամենը մեկ ուղղությամբ, և ես չգիտեմ՝ այդ օդանավը համաձայն միջազգային անվտանգային պահանջների ի վիճակի՞ է ապահովելու անվտանգ բարձրություններ և մի շարժիչի խափանման դեպքում անվտանգ վայրէջք հետադարձ ուղղությամբ․․․»։
Երևանից Կապան թռիչքներ իրականացվել են դեռևս 1980-ական թվականներից, մեզ հետ զրույցում ասաց Հակոբ Ճաղարյանը.
«Այն ժամանակ «ՅԱԿ 40» օդանավը Կապան գնում էր մոտ 35 րոպեում, գնալ-գալով՝ 1 ժամ 10-15 րոպե էր տևում։ Թռիչքները սկսվել են 80-ական թվականներին, ես Հայաստանում աշխատել եմ 1984 թվականի վերջից, երբ ավարտեցի ուսումնարանը։ Թռիչքներ կատարվել են 1990-ական թվականների առաջին կեսին․․․»։
Իսկ այսօր Կապանի օդանավակայանից թռիչքներ իրականացնելու վտանգների առումով Ճաղարյանը կրկին շեշտեց, որ Ադրբեջանի ներկա սահմանը, որտեղ նրանց զորքն այս պահին տեղակայված է, օդանավակայանից ընդամենը 100-120 մետր հեռավորության վրա է․
«Ինչքա՞ն է դրա վտանգավորության աստիճանը, այնտեղ կկանգնեցնեն խաղաղապահներ, թե ինչ կանեն, դա քաղաքական հարց է, որին ես չեմ տիրապետում։ Ադրբեջանցիներն ընդամենը 100-120 մետր հեռավորության վրա են գտնվում օդանավակայանից, ատրճանակի կրակոցի հեռավորության․․»։
Եթե այնուամենայնիվ հունվարին իրականացվեն Երևան-Կապան-Երևան թռիչքները, որքա՞ն կարժենա տոմսը, արդյո՞ք շարքային քաղաքացիները կարող են օգտվել այս թռիչքներից, Ճաղարյանը պատասխանեց․
«Ընդհանրապես օդանավով տեղափոխություններն աշխարհի ամենաթանկ տեղափոխություններն են, ավիացիոն տրանսպորտն ամենաթանկ տրանսպորտային միջոցն է։ Եվ օդանավի տոմսի արժեքն ավելի էժան է, երբ դու ավելի հեռու ես թռիչք կատարում, այսինքն՝ ամեն ինչ համեմատության մեջ է, դոլար-կիլոմետր հարաբերությունը պակասում է թռիչքի երկարությունից, ինչքան հեռու, այնքան էժան։ Տեղական ավիաուղիները կամ ռազմավարական նշանակություն ունեցող ավիաուղիները հաճախ սուբսիդավորվում են կառավարության կողմից, շատ հաճախ․․․ Եթե Կապանի օդանավակայանի թռիչքը դառնա հնարավոր, և դա իրականում ռազմավարական է, որովհետև ճանապարհների փակվելու, տարբեր եղանակային պայմաններում կապը Կապանի հետ կկտրվի, այդ դեպքում ես կարծում եմ, որ կառավարությունը պետք է, որ սուբսիդավորի այդ թռիչքն իրագործող ավիաընկերությանը։ Այն ժամանակ այդ ուղղությամբ թռիչքները, եթե չեմ սխալվում, մոտ 17 ռուբլի էր, բայց ամեն դեպքում դա ոչ մի տրամաբանական կապ չի կարող ունենալ այսօրվա գների հետ, մանավանդ, որ ուրիշ օդանավով է թռիչքը կատարվում, այս օդանավը հերմետիկ չէ, այն 4000 մետրից բարձր չի գնալու, գնալու է միայն լավ եղանակին, ավելի դանդաղ է գնում, ավելի քիչ ուղևոր է տանում, ավելի քիչ նավթ է ծախսում, իսկ ես մեր խոսակցության սկզբում ասացի, որ այդ օդանավին ծանոթ չեմ․․․»։