Այդ ամբողջը մեկ նպատակ ունի՝ Նիկոլ Փաշինյանին մաքրել 44-օրյա պատերազմի արյունից. Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը  տխմարություն որակեց այն հայտարարությունները, թե իշխանություններն են շահագրգռված 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի ստեղծմամբ, որովհետև ցանկանում են բացահայտել ճշմարտությունը:

«Այսինքն՝ մեխը՝ ձեռքդ, մուրճը՝ ձեռքդ, ԿԳԲ-ն, Գենշտաբը, ՊՆ-ն, ամբողջ պետական ապարատը՝ ձեռքդ, քեզ հանձնաժողով է պետք խորհրդարանում, որ դու ճշմարտությունն իմանա՞ս: Խաշած հավի ծիծաղը գալիս է, չէ՞.  Պարզ է, որ այդ հանձնաժողովի ստեղծման աշխատանքները, իրենց արտախորհրդարանական խամաճիկային դերակատարների ներգրավումը, մի շարք մեղավորների ներգրավումը հանձնաժողովի աշխատանքներում՝ այդ ամբողջը մեկ նպատակ ունի՝ Նիկոլ Փաշինյանին մաքրել 44-օրյա պատերազմի արյունից՝ նշանակելով այլ մեղավորներ (տեսնում ենք դա. Գենշտաբի վրա են գլորում, այլ ուղղություններով, Օնիկի Գասպարյան և այլն)»,- նշեց Արմեն Աշոտյանը:

ՀՀԿ փոխնախագահը նաև այս միջազգային շփումներում մեր իշխանությունների աշխատանքների արդյունավետությանն անդրադարձավ՝ մի քանի դրվագներ բացահայտելով.

«Սիրելի՛ ժողովուրդ, այս մարդիկ, որոնք մինչև պատերազմն էլ սիրում էին շրջագայել ձեր հաշվին, անկապ գործուղումներ՝ ճոխ և այլն, հիմա էլ՝ այս պատերազմից հետո, գնում են գործուղումների, ու մեր երեխաների, ձեր երեխաների  շահը չեն ներկայացնում:

Ալեն Սիմոնյան կոչվող էակը, որը զբաղեցնում է ԱԺ նախագահի պաշտոնը, իր վերջին շրջագայությունը ԵԽԽՎ  սպիկերների գագաթաժողովն էր, որտեղ ինչ-որ սեկցիայում ինքը ելույթ ուներ: Սեկցիայի անունն էր՝ «Ընդհանուր ապագա եվրոպական քաղաքացիների համար». Սրանից ավելի լավ առի՞թ՝ խոսելու մեր ռազմագերիների ապագայի, ճակատագրի, խնդիրների մասին՝ որպես Եվրոպայի քաղաքացիների: ԱԺ նախագահի աթոռը զբաղեցնող երևույթը չի արտաբերել մի հատ ծպտուն՝ ռազմագերիների արձակման խնդրի հետ կապված, ադրբեջանական ագրեսիայի հետ կապված.  մի այնպիսի ելույթ էր ունենում՝ կարծես թե Լյուքսեմբուրգի կամ Շվեյցարիայի ԱԺ նախագահն է խոսում.  բացարձակ ոչ մի կապ մեր երեխաների դարդուցավի, ադրբեջանական ագրեսիայի ու բազմաթիվ այլ խնդիրների հետ»:

Մեկ  այլ օրինակով էլ Ա. Աշոտյանը տեղեկացրեց, որ ԵԵԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի զեկուցողների հետ  վերջին օրերի հանդիպումների ընթացքում, ընդդիմադիր պատգամավորներից բացի՝ ոչ ոք չի խոսել այն մասին, որ ադրբեջանական ագրեսիան պետք է պատժվի, որ Եվրոպայի խորհրդի առջև Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների խախտման մասին պետք չէ ուղղակի ասել, այլ պետք էր պրոցես սկսել՝ պահանջելով հետաքննիչ հանձնաժողով:

Տեսանյութեր

Լրահոս