Գործից հասկացողների մուտքն առաջնագիծ խստիվ արգելվում է. ՊՆ-ին և ԳՇ-ին հրամայված է լռել

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի մշտական անդամ Տիգրան Աբրահամյանի այցն առաջնագիծ ՀՀ պաշտպանության նախարարը նպատակահարմար չէր համարել՝ ի պատասխան պատգամավորի՝ ԳՇ պետին ուղղված գրությանը:

Նշենք, որ Տիգրան Աբրահամյանը դիմել էր ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանին` որպես ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի մշտական անդամ՝ սահմանագծի Սոթք-Խոզնավար հատված գնալու և տիրող իրադրությանը ծանոթանալու համար։ ԳՇ պետը չէր արձագանքել գրությանը։

Երկար տարիներ բանակի խնդիրներին քաջատեղյակ ընդդիմադիր պատգամավորն այն կարծիքին է, որ իշխանության վերին օղակները հրահանգել են արգելել ընդդիմադիրների մուտքն առաջնագիծ՝ քողարկելու համապատասխան մարմինների, իշխանությունների անփառունակ գործունեությունը և ծառայության նկատմամբ ոչ հարիր կեցվածքը:

Քաղաքական հրահանգի վարկածը հաստատում է այն, որ օրերս Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, նույն հանձնաժողովի անդամ Գուրգեն Մելքոնյանը, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանն այցելել են ՀՀ արևելյան սահմանների պաշտպանական դիրքեր։ Այսինքն, իշխանական պատգամավորներին կարելի է տեղում ծանոթանալ պաշտպանական դիրքերի ինժեներական կառույցներին, ձմռան նախապատրաստական աշխատանքներին, ծառայության պայմաններին և այլն:

Ո՞վ գիտի՝ գուցե հրապարակման ոչ ենթակա սահմանային նման այցեր է՞լ են կատարվում իշխանության ներկայացուցիչների կողմից:

Անդրանիկ Քոչարյանի դեպքում, օրինակ, եղել է, երբ նա չհրապարակվող այցեր է կատարել ռազմաարդյունաբերական գործարաններ, մասնավորապես, «Գառնի Լեռ» գիտաարտադրական միավորում և «Արսենալ» ռազմաարդյունաբերական նորաստեղծ գործարան:

Ի դեպ, ՀՀ ԱԺ պատգամավորների կողմից պետական գաղտնիքին մուտքի թույլտվության հարցն իշխանության կողմից ևս դարձել է ընդդիմության գործունեությանը խոչընդոտելու գործիք:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր.

«Այս առումով հարկ եմ համարում արձանագրել, որ ՀՀ ԱԺ-ն ՄԻԱԿ պետական ինստիտուտն է, որ օժտված է առաջնային մանդատով, ներկայացնում է ՀՀ ողջ ժողովրդին և իրավունքի ուժով արդեն իսկ օժտված է պետական գաղտնիքին մուտքի թույլտվության իրավունքով:

ՀՀ ԱԺ պատգամավորի կողմից պետական գաղտնիքին տիրապետելու իրավունքը պարտադիր պայման է ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով իր գործառույթներն արդյունավետ իրականացնելու համար:

ՀՀ ԱԱԾ-ն ՊԱՐՏԱՎՈՐ Է ՀՀ ԱԺ պատգամավորներին տրամադրել պետական գաղտնիքին ամբողջական հասանելիություն, եթե առկա չեն մերժման բավարար հիմքեր: Նման հիմքերի առկայության պարագայում ՀՀ ԱԱԾ-ն պետք է պատշաճ կարգով իրազեկի ՀՀ ԱԺ նախագահին, սակայն դա պետք է լինի ընդհանուր կանոնից բացառություն:

ՀՀ ԱԺ-ի պատգամավորը չպետք է դիմի ՀՀ ԱԱԾ-ին և ներկայացնի իր մասին տեղեկություններ, քանի որ այդ տեղեկություններն արդեն իսկ պետք է առկա լինեն ՀՀ ԱԱԾ-ում:

Իսկ եթե այդ տեղեկություններն ԱԱԾ-ում առկա չեն, և ԱԱԾ-ն սպասում է ԱԺ պատգամավորերի կողմից դրանց ներկայացմանը, նշանակում է՝ Հայաստանի Հանրապետությունը ՉՈՒՆԻ Ազգային անվտանգության ծառայություն:

Հ.Գ. Իրավիճակի աբսուրդը պատկերացնելու համար պատկերացրեք, որ ընտրված ՀՀ Նախագահը, կամ ՀՀ վարչապետը, ՊՆ նախարարը, ԱԳ նախարարն ու այլ պաշտոնյաները դիմում են ՀՀ ԱԱԾ-ին՝ պետական գաղտնիքին մուտքի թույլտվության, իսկ վերջինս էլ 3 ամիս քննարկելուց հետո որոշում է՝ ընդունե՞լ, թե՞ մերժել այդ դիմումները…»:

Եվ սա՝ այն դեպքում, երբ Ապրիլյան հանձնաժողովի շրջանակում ռազմական գործից հեռու և պատահական մարդիկ դարձան պետական գաղտնիքի կրող, և լրագրողները, հասարակությունը նույնիսկ թույլատրելիի սահմանում չիմացան, թե ի վերջո ինչ թերացումներ են եղել, ինչ հետևություններ են արվել, և այլն: Այս տեսակ գաղտնիությունը բազմաթիվ հարցեր է առաջացնում, նաև՝ ինչ-ինչ կասկածներ:

Ի դեպ, ամեն առիթի ռազմական գաղտնիքը չխախտելու հորդորներ տվող Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը երեկ ԱԺ-ում հայտարարել է, որ ընդլայնված սահմաններում զինված ուժերը միայնակ չեն կարողանում ծառայություն իրականացնել:

«Զինված ուժերը միայնակ չի կարող էդ ծավալի աշխատանքի մեջ և՛ ծառայություն տանի, և՛ ինժեներական կառույցներում աշխատանք տանի: Կարծում եմ` մեր հասարակության ինչ-որ շերտեր` ուսանողներ և այլն, որ ասում են՝ բանակի կողքին ենք, լավ կլինի, որ դա լինի առարկայական: Վերցնենք գործիքներ ու գնանք, մասնակցենք որոշակի ինժեներական աշխատանքների, որ մեր զինծառայողները կարողանան իրենց առջև դրված մարտական խնդրի վրա կենտրոնանան»,- ասել է Քոչարյանը:

Արդյո՞ք ճիշտ է՝ հրապարակայնացնել զինված ուժերի կարողությունը կամ ինչ-ինչ հարցում անկարողությունը: Իհարկե՝ ոչ, եթե անգամ դա օրենքով խախտում չհամարվի:

Նշենք, որ մայիս ամսին Նիկոլ Փաշինյանը գլուխ էր գովում, թե Զինված ուժերը համալրվել են 1343 նոր ավտոմոբիլային տեխնիկայով և 33 միավոր ինժեներական տեխնիկայով:

Ինչ վերաբերում է իշխանությունների գողեգող պահվածքին, ապա կասկած չկա՝ առաջնագծում թաքցնելու բան ունեն, ուստի գործից հասկացողների մուտքը խստիվ արգելվում է:

Դե, ՊՆ-ին և ԳՇ-ին էլ, թերևս, հրամայված է լռել, այլապես ինչպե՞ս հասկանալ ԳՇ ներկայացուցիչների՝ լրագրողների հարցերին չպատասխանելը, կամ պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանի պատասխանը, որ ինքը կոմպետենտ չէ սահմանային իրավիճակի մասին խոսել, և, բնավ էական չէ, որ նա տնտեսական և գնումների հարցերով է զբաղվում:

Տեսանյութեր

Լրահոս