Մի շարք հարցերի պատասխաններից է կախված խաղաղության և անվտանգության ժամանակակից մոդելի կառուցումը և ազգային ինքնիշխանության ծավալն ու որակը․ Արմեն Գևորգյան
2016 թվականից ի վեր բազմիցս հայտարարել և շարունակում եմ հաստատել, որ մեր հասարակության բարեկեցության երեք հիմնական մարտահրավերներն են՝ խաղաղությունը, կրթությունն ու արդարությունը։ Դրանք հատկապես արդիական դարձան 44-օրյա պատերազմից հետո։ Տարբերությունն այն է, թե ինչ նկատի ունենք, օրինակ, խաղաղություն ասելով 44-օրյա պատերազմից առաջ և դրանից հետո։
Հատկապես վերջին երեք տարիները ցույց տվեցին, թե որքան դեֆորմացված է մեր հասարակությունն իր ակնկալիքներով ու պատկերացումներով, որքան խորն են բացասական լատենտ տրամադրությունները և որքան են դրանք քայքայիչ մեր պետականության համար։ Այս երեք գործոններից, հատկապես խաղաղության գործոնը, վերածվել է անկախ հայկական պետության գոյության որոշիչ պայմանի։
Հանրային կարծիքի վերջին ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ անվտանգությունը դարձել է առաջնահերթ խնդիր Հայաստանի բնակչության մեծամասնության համար։ Բայց քչերը կարող են տալ իրենց սեփական բացատրությունը, թե ինչ է անվտանգությունը: Ակնհայտ է, որ անվտանգություն ասելով շատերը հասկանում են խաղաղությունը կամ պատերազմի բացակայությունը, և հակառակը: Ամենայն հավանականությամբ, բոլորս ունենք խաղաղության և անվտանգության մասին մեր անհատական պատկերացումները, որոնք համարում ենք միակ ճշմարիտը։ Բայց առայժմ համազգային ռեֆլեքսիա չեմ տեսնում այս թեմայով, չի ձեւավորվում միասնական հավաքական (ազգային) մտածողություն եւ համապատասխան վարքագիծ։
Սկսենք նրանից, որ մեզանից յուրաքանչյուրը պետք է ինքն իր համար որոշի, թե որն է անվտանգությունը կամ խաղաղությունը:
• Կարո՞ղ ենք, խոսելով խաղաղության մասին, այն հասկանալ որպես արդյունավետ հավաքական ազգային անվտանգության համակարգ, թե՞ դա անամպ ու երջանիկ անհատական կյանքի ըմբռնում է սեփական տան ցանկապատի շրջանակում, ուրիշների հաշվին։
• Արդյո՞ք խաղաղությունն ու անվտանգությունը ազգային մարտունակ զինված ուժեր ունենալու և հայրենիքը պաշտպանելու համար զինվորական ծառայության պատրաստակամությունն ու հնարավորությունն է, թե՞ որևէ կերպ զինծառայությունից խուսափելու ցանկությունը:
• Երբ մենք խոսում ենք խաղաղության կամ անվտանգության մասին, նկատի ունենք պետության անկախությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու մեր սեփական պատրաստակամությո՞ւնը, պաշտպանելով նրա լիակատար ինքնիշխանությունը, թե՞ ենթադրում ենք, որ դա պետք է անեն ուրիշները:
• Արդյո՞ք խաղաղությունը հակամարտություններից զերծ և հավասար հարաբերություններն են բոլոր հարևանների հետ, ներառյալ պատմական արդարությունը վերականգնելու ցանկությունից հրաժարվելը, բաց սահմաններն են և հաղորդակցությունները, թե՞ սեփական ազգային զարգացման օրակարգը առաջ տանելն է: Խաղաղությունը պաշտպանո՞ւմ է Արցախի շահերը, թե՞ մերժում դրանք։
• Արդյո՞ք խաղաղությունն ու անվտանգությունը ենթադրում են կայունություն ռազմավարական դաշնակիցների ընտրության և նրանց հետ հետևողական հարաբերությունների հարցում, թե՞ դա գլոբալ ազդեցության կենտրոնների միջև փոխզիջումների մշտական որոնումն է:
• Արդյո՞ք խաղաղությունն ու անվտանգությունը ողջ հայ ժողովրդի համախմբվածությունն է և նրա համար անկախ ու արժանի հայկական պետությունը պահպանելու մարտահրավեր, թե՞ դա անմիաբանություն է և ծառայում է գլոբալ տարբեր խաղացողների աշխարհաքաղաքական շահերի սպասարկմանը:
Այս և նմանատիպ հարցերի պատասխաններից ոչ միայն կկառուցվի խաղաղության և անվտանգության ժամանակակից մոդելը, այլև կորոշվի ազգային ինքնիշխանության ծավալն ու որակը։ Միայն ռազմավարական որոշում կայացնելով այս հարցում, հնարավոր կլինի քննարկել ներքաղաքական նշանակություն ունեցող մնացած հարցեր։ Մյուս բոլոր թեմաների համար ապագայի տեսակետից որոշիչ է ինքնիշխանության հարցը։ Վերոնշյալ հարցերի պատասխանները կորոշեն ամբողջ հայկական աշխարհի զարգացման ռազմավարությունը։ Ի վերջո, պետք է պարզ լինի.
-Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ինչպիսի՞ ամբողջականություն և որակ կարող ենք ունենալ։ Նախորդ հրապարակումներից մեկում ուրվագծեցի երեք սցենար. Պայմանականորեն դա՝ իսրայելականն է, չեզոքություն կամ ինտեգրացիա։ Ակնհայտ է, որ ինքնիշխանության մոդելը պայմանավորելու է ներքին քաղաքականության, մասնավորապես, տնտեսական զարգացման առանձնահատկությունները։
– Կկարողանա՞նք կասեցնել այն ընթացքը, երբ վերջին 100 տարիների ընթացքում հայկական անկախ հանրապետությունների (առաջին, երկրորդ և երրորդ) գոյության և գործունեության արդյունքում հայերի բնակության պատմական տարածքը Հարավային Կովկասում նեղանում է և նրանց թիվը անընդհատ նվազում է. Այսպիսով, Նախիջևանում հայերն արդեն իսպառ բացակայում են, Հադրութն ու Շուշին օկուպացված են, Վրաստանում հայկական սփյուռքը գնալով նվազում է։ Նույն հեռանկարը կարելի է տեսնել ամբողջ Արցախի և Սյունիքի համար։ Հայաստանից արտագաղթը չի դադարում:
-Ի՞նչ տեմպերով է տեղի ունենալու հայերի ուծացումը ժամանակակից աշխարհում, գլոբալիզացիայի դարաշրջանում և իրենց ժողովրդի ու ազգային պետության ժամանակակից հաջողություններով ու ձեռքբերումներով հպարտանալու օբյեկտիվ նախադրյալների բացակայության պայմաններում։
Ակնհայտ է, որ շատ քաղաքական ուժերի, հասարակական միավորումների և սոցիալական խմբերի համար Հայաստանի ինքնիշխանության մոդելը այն կարմիր գիծն է, որը կորոշի մոտ ապագայի նրանց քաղաքականությունը։ Ակնհայտ է նաև, որ շատերը կա՛մ դեռ չեն կողմնորոշվում այս հարցում, կա՛մ դեռ դադար են պահում դրա հրապարակման համար։ Գլխավորն այն է, որ մեր հայրենակիցների մեծամասնության մոտ մշտապես առկա թաքնված նյութապաշտությունը չբթացնի մեր զգոնությունը և չմթագնի մեր միտքը՝ իրավիճակի և մեր հնարավորությունների համարժեք գնահատման համար։ Չնայած, անկեղծ ասած, հիանալի հասկանում եմ, թե որքան դժվար է մտածել այս թեմաների շուրջ, երբ ամեն օր բախվում ես ներկայիս սոցիալ-տնտեսական դժվարություններին և գնաճին։
Արմեն Գևորգյան
ՀՀ ԱԺ Տարածաշրջանային և Եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ