«Վիրավորելու համար անձին չպետք է կալանավորել՝ ՍԴ-ն միանշանակ ունի հնարավորություն հակասահմանադրական ճանաչելու օրենքի նորմը». Արա Ղազարյան
Այլընտրանքային նախագծեր խմբի կազմակերպած «Դեպի բռնապետություն. Հետընթաց իրավունքներից» պանելային քննարկման ժամանակ Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանն ասաց, որ 137.1-ին հոդվածն ինքնին քրեականացնելը նահանջ է ժողովրդավարությունից, սակայն այն դեռ չի հակասում եվրոպական կարգին, թեև դեռ 2007 թվականին ԵԽԽՎ-ն ընդունել է բանաձև, որը քաղաքական փաստաթուղթ է, որի վերնագիրն էր վիրավորանքի և զրպարտության ապաքրեականացում։
«Այսինքն՝ 2007 թվականին Եվրոպայում սկսվեց այդ տենդենցը, և 2010 թվականին մենք այն ամբողջությամբ ապաքրեականացրեցինք։ Այս փաստաթղթում նշվում է, որ նախևառաջ պետք է վերացնել այն նորմերը, որոնք վիրավորանքի համար սահմանում են կալանավորում։ 137.1 հոդվածի 3-րդ մասը, որը ծանրացնող հանգամանք է, ստանում է կալանավորում, այսինքն՝ այս իմաստով նման սահմանումը միանշանակ հակասում է եվրոպական հանրային կարգին, դիտմամբ եմ ասում, շեշտելու համար, որ սա եվրոպական մտածելակերպ է, եվրոպական սահմանադրության դրույթ, որ վիրավորելու համար անձին չպետք է կալանավորել։ Այս իմաստով ՍԴ-ն միանշանակ ունի հնարավորություն հակասահմանադրական ճանաչելու, որովհետև մենք Եվրոպայի առջև ունենք միջազգային պարտավորություն»,- նշեց Արա Ղազարյանը։
Միջազգային իրավունքի մասնագետի խոսքով՝ պաշտոնատար անձանց համար տարբերակված պաշտպանական միջոց սահմանելու դրույթը նույնպես հակասում է եվրոպական կարգին, այսինքն՝ ավելի բարձր ու խիստ պատիժ սահմանելը, քան սովորական քաղաքացիների համար։
«Պաշտոնատար անձին վիրավորելու համար չպետք է պատժի ավելի խիստ միջոց սահմանվի, քան սովորական քաղաքացիների համար։ Այս իմաստով ՍԴ-ն պարտավոր է այդ օրենքը հակասահմանադրական ճանաչել»,- հավելեց Արա Ղազարյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում