Բաժիններ՝

Ոչինչ դժվար չէ, եթե դրանում սեր կա. Աննա Հեքեքյան

Շատ տարիներ առաջ, երբ ես սովորում էի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում և երգում էի նաև դպրոցի երգչախմբում, մի մեծ համերգի շրջանակներում ինձ բախտ վիճակվեց միևնույն բեմում գտնվելու մի շարք անվանի մարդկանց հետ։ Նրանցից մեկն Աննա Հեքեքյանն էր։ Այդ ժամանակ չէի կարող պատկերացնել, որ մի օր նրա աշխատասենյակում կզրուցենք իր անցած ուղուց և իր այսօրից, սիրելի մարդկանցից և կյանքի մյուս ամենակարևոր բաղադրիչներից։ Սա անվերջ սպասված զրույց էր ինձ համար։ Այսօր այդ զրույցը ներկայացնում եմ ընթերցողին․

Երբ ես ծնվեցի, հայրս հենց այդ օրը թողեց և՛ ծխելը, և՛ խմելը։ Նա նախկին զինվորական էր և շատ թունդ ծխող։ Ծննդյանս օրը գնում է մի շիշ օղի և մի տուփ ծխախոտ, դնում է դրանք պահարանի գլխին ու ասում՝ քանի որ ունեմ երեխա և պարտականություն՝ նրա առաջ, այլևս չպիտի ծխեմ և խմեմ։ Իհարկե, ինքս սա չեմ հիշում․ ինձ սա պատմվել է, բայց կամային լինելը հայրիկիցս ստացած առաջին և լավագույն դասերից է։

Մեր ընտանիքում միշտ սեր է եղել, միշտ սիրված եմ եղել, և դա շատ կարևոր ազդեցություն է ունեցել իմ ներաշխարհի և կայացման գործում։ Ծնողներս անընդհատ զբաղվել են իմ և եղբորս դաստիարակությամբ, մեր հոգին կրթելով, մեր արժեհամակարգը ձևավորելով։ Տանը սերմանվում էր ազնվություն, արդարություն, ընթերցանության հանդեպ սեր։ Ահռելի գրադարան ունենք, և մեզ անընդհատ մղում էին կարդալուն։

Թեև մեր բնակարանը երկու սենյականոց էր՝ քիչ կահույքով, միայն անհրաժեշտ իրերով և տարբեր, այն ժամանակվա համար թանկարժեք խաղալիքներով, այստեղ հաճախ էին մեծ տոնակատարություններ կազմակերպվում։ Հայրս բազմատեսակ խաղեր էր հորինում մեզ և մեր ընկերների համար․ այսօր նրան կրեատիվ մարդ կանվանեին։ Ամեն ինչում ստեղծագործ էր՝ հյուրեր ընդունելուց սկսած։ Հայրս նաև ծայրահեղ խիստ մարդ էր. մեզնից զինվորական կարգապահություն էր ակնկալվում։ Եվ, այնուամենայնիվ, մեր մանկությունը տոն էր։

Աթեիստական շրջանում եմ մեծացել․ մեր տանն Աստծո մասին չէին խոսում, բայց պահվում էին բոլոր պատվիրանները`ոչ խոսքով, այլ ապրելակերպով։ Ծնողներս փոքուց սովորեցրել են, որ խղճի խայթն ամենացավոտն է: Տարիների ընթացքում հասկացա, որ կյանքը բումերանգ է, «լավություն արա, ջուրը գցիր» խորհուրդը՝ ճշմարիտ: Ես միշտ էլ զգացել եմ, որ կա մի զորավոր ուժ, որի առաջ մենք պատասխան ենք տալիս մեր արաքների համար․․․

Ամեն մարդ ուրույն ճանապարհով է գնում դեպի Աստված։ Եվ ինձ թվում է՝ Աստված ինքն է մարդու ձեռքից բռնած բերում և այդ ճանապարհին կանգնեցնում։ Ես այդ ճանապարհին հաստատապես կանգնեցի 2000-ականներին, երբ սկսեցի որպես հաղորդավար աշխատել «Վեմ» ռադիոյում։ Հենց այստեղ խորությամբ ծանոթացա Սուրբ Գրքին և մեր հոգևոր հայրերի ժառանգությանը։ Կարդացածս խորացրեց գիտելիքներս, լայնացրեց մտահորիզոնս, բայց ապրելակերպումս որևէ բան չփոխվեց, որովհետև այդ ամենը՝ որպես դաստիարակություն, արդեն ստացել էի ծնողներիցս։

Երբեք չեմ վախեցել Աստծուց, Նա Հայր է և Սեր․ ես երբեք չեմ վախեցել հորիցս, որին սիրել եմ, ակնածել և չեմ ուզել տխրեցնել նրան որևէ անվայել արարքով։ Նույն կերպ՝ Աստծո հետ հարաբերություններում․ վստահ եմ՝ Աստված ինձ սիրում է, ներողամիտ է, և անպայման կհասկանա, կների սխալս՝ եթե ինքս գիտակցեմ այն։ Կարևոր է սխալի գիտակցումն ու չկրկնելու կամքը:

Ուսուցիչներ ունեցել եմ միշտ և ամենուր՝ տանը, գրականության մեջ։ Ես բոլորից և անընդհատ սովորում եմ՝ մանկահասակ զարմիկներիցս, ինձնից տարիքով մեծերից, գրողներից, պոետներից, իմ ուսանողներից․․․ Ի՞նչ է նշանակում սովորել․ սովորել նշանակում է տեսնել, գնահատել, ապա վերցնել կամ վանել, կիրառել կամ հեռու մղել։

Իմ ամբողջ կյանքում հայրենիքը եղել է մեծագույն սեր, պաշտամունքի պես մի բան։ Մեր տանը չէին ասում՝ Աստված, ասում էին՝ Հայրենիք։ Հետագայում ամուսնուս հետ նույնպես այդպես էինք ապրում և զգում․ Հայրենիքն էր մեր մեծագույն սերը, մեր նվիրումը։ Մենք պատրաստ էինք նույնիսկ կյանքը զոհել հանուն դրա։ Ընտանիքս՝ ծնողներս, եղբայրս, իմ երեխաները, եղբորս երեխաները, և… աշխատանքը կյանքիս մյուս հիմնաքարերն են։

Իմ աշխատանքը հիմնված է սիրո և նվիրումի վրա։ Սիրում եմ ուսանողներիս, սիրել և սիրում եմ նրանց հետ աշխատելը, իսկ երբ սիրում ես, նույնիսկ մինչև գիշերվա երկուսը փորձ անելը, քնատ տուն հասնելն ու նորից աշխատանքի գալը հեշտ է տրվում։

Ոչինչ դժվար չէ, եթե դրանում սեր կա։

Եվ, այնուամենայնիվ, կյանքում պիտի՛ լինեն դժվարություններ։ Կյանքիս մեծագույն դժվարությունը հաղթահարելիս, սովորեցի, որ կյանքը պայքար է, և պիտի հաղթահարել քո առջև ծառացած յուրաքանչյուր խնդիր։ Բայց այս հարցում իմ ամենամեծ դասը ստացել եմ Տաթևացուց․ իր երկերից մեկում նա մի շքեղ համեմատություն է անում․ ասում է՝ երբ երեխան թելի խճճված կծիկը չի կարողանում քանդել, գցում է մոր փեշի մեջ, որ մայրն այն քանդի, այնպես էլ մենք, երբ չենք կարողանում մի խնդիր լուծել, պիտի թողնենք այն Աստծո հույսին, և անպայման մի լավ բան կլինի, Աստված կօգնի: Ինքս էլ, երբ գալիս հասնում եմ մի կետի, երբ հասկանում եմ՝ դիմացս պատ է, և ինքս այլևս ոչինչ անել չեմ կարող, թողնում եմ դա Աստծուն։

Մի անգամ՝ 90-ականներին, եղբայրս երկրում չէր, մայրս հիվանդանոց էր ընկել, դեղորայք էին պահանջում, իսկ ես գումար չունեի ու չգիտեի՝ ինչ պիտի անեմ, խենթանում էի։ Այդ ժամանակ Հանրային ռադիոյում ձայնագրում էինք «Երգիծանք և հումոր» հաղորդաշարը։ Հերթական ձայնագրման ժամանակ ներս է մտնում դերասաններից մեկն ու ասում, որ նոր է վերադարձել Բեյրութից և իրեն խնդրել են ինձ նամակ փոխանցել։ Բացում եմ նամակն ու միջից հիսուն դոլար է ընկնում․ այն ժամանակ դա գումար էր։ Տարիներ առաջ ավարտած ուսանողիցս էր, ով որոշել էր նվեր անել ինձ։ Ուսանողներիս ուսանելու տարիներին մշտապես արգելել և արգելում եմ ինձ որևէ բան նվիրել, բայց ավարտելուց հետո ձեռքերը չես բռնի։ Նամակում շնորհակալական խոսք էր և ներողություն՝ գումարի չափի համար։ Բայց դրանով ես շատ հարցեր լուծեցի։ Աստված մշտապես օգնել է ինձ ամենադժվար պահին և ա՛յն մարդկանց միջոցով, ումից բոլորովին չեմ սպասել (ժպտում է,-հեղ․)։

Կյանքը լիարժեք է, երբ սիրում ես ու սիրված ես, երբ նվիրվում ես մարդկանց, գործիդ և գնահատված ես քեզ զգում։

Հուսահատվելիս զայրանում եմ։ Զայրանում եմ ինձ վրա, անարդարություն գործողի վրա։ Հուսահատվում եմ արտագաղթի մեծ ալիքը տեսնելիս, երկրի ներսի խնդիրները տեսնելիս։ Երբեք չեմ հուսահատվել մանր-կենցաղային խնդիրներից, բայց անձնական ցավ եմ զգում հայրենիքիս հանդեպ անարդար վարմունք տեսնելիս։ Այս թեմայով շատ եմ խոսել, հուսահատվել եմ, լաց եմ եղել, ըմբոստացել եմ, բայց այսօր հասկացել եմ, որ իմ լուծելիք հարցը չէ։ Հիմա սպասում եմ․ Աստված իմ հայրենիքի համար մի դուռ կբացի։

Մարդը սկսում է մահանալ, երբ դադարում է հիանալ և զարմանալ։ Երբ չկա հիացմունք ու զարմանք, ամեն ինչ մութ է, վատ է, այդժամ մարդը սկսում է մահանալ։ Բայց ինձ թվում է՝ միշտ կա մի կետ, որտեղից մարդը կարող է վեր հառնել, վերածնվել, կրկին զարմանալ ու հիանալ։

Հենց զգամ՝ վաղուց որևէ բանով չեմ հիացել, կբացեմ Չարենցի որևէ բանաստեղծություն, կկարդամ և կհիանամ (ժպտում է,-հեղ․)։

Իմ կյանքի գլխավոր ձեռքբերումը զավակներս են և ուսանողներս, գլխավոր կորուստը՝ կյանքից հեռացած հարազատներս․ մինչև հիմա չեմ հաշտվում տատիկիս, հորս, ամուսնուս կորստի հետ․․․

Եթե Քրիստոս հիմա գար աշխարհ, և ես հանդիպեի Նրան՝ իմ մահացած հարազատներից կհարցնեի՝ ինչպե՞ս են, ո՞ւր են (հուզված ժպտում է,-հեղ․)։ Ինձ անընդհատ տանջում են այս հարցերը․․․ Ի՞նչ կլինի Հայաստանի հետ։

Երկիր մոլորակը պտտում է մարդու ոգին, ամեն մարդու Ոգին։ Ոգին է շարժում ամեն ինչ։

Քրիստոսից երկու հազար տարի անց, մարդիկ դեռ մեղքի մեջ են ապրում։ Ինձ համար զարմանալի է, որ հավատացյալ մարդիկ, եկեղեցի գնալով, պահք պահելով, շարունակում են ստել, նախանձել իրար, չարիք գործել այն դեպքում, երբ սրանք հաղթահարելի թուլություններ են։ Դեռ մանուկ հասակում պիտի արմատախիլ արվեն մարդու ներսից՝ հետո բաց ճակատով ապրելու համար։

Տաղանդների մասին առակն եմ ինձ համար առանձնացնում Աստվածաշնչից։ Դա մեծագույն խորհուրդ ունի։ Իմ ուսանողներին էլ մշտապես ասում եմ, որ Աստված նրանցից յուրաքանչյուրին տվել է տաղանդ, որ բազմապատկեն այն և վերադարձնեն մարդկանց։ Դա է Աստծո խորհուրդը՝ այն ինչ տրվել է, պիտի վերադարձնել մարդկությանը տասնապատիկով։ Իսկ մեզ տրվում է տաղանդ, շնորհ, սեր, բազում դրական հատկանիշներ, որոնք ծնվելու պահին դրվում են մեր մեջ։ Պիտի խնամել դրանք, աշխատասիրություն ու ջանք ներդնել, ապա վերադարձնել աշխարհին։

Դրախտն իմ պատկերացմամբ այն Հայաստանն է, որտեղ կա արդարություն, և որտեղ մարդիկ ապրում են իրար հետ սիրով ու համերաշխությամբ, արդար են, չարիք չեն գործում, չեն նախանձում իրար և առողջ են։ Այսպիսին է իմ պատկերացրած դրախտը (ժպտում է,-հեղ․)։

qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս