Այս ամբողջի հետևանքը նաև այն էր, որ Զուրաբյան Լևոնը նշանակվեց համակարգող. Պետրոս Մակեյան
Հարցազրույց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար, Հայ ազգային կոնգրեսի անդամ Պետրոս Մակեյանի հետ
– Պարոն Մակեյան, ի՞նչ կարծիք ունեք Լևոն Տեր-Պետրոսյանի` չառաջադրվելու որոշման մասին:
-Այդ մասին ես բազմաթիվ առիթներ եմ ունեցել ասելու: Ես գտնում էի` եթե Լևոն Տեր-Պետրոսյանը հիմա մտներ իրավիճակը փոխելու տրամադրությամբ, քաղաքական կամքով, թիմը ակտիվացնելու, համակիների շրջանակը մեծացնելու նպատակով, վստահ եմ, որ հնարավոր էր շատ բան անել: Հաղթելու խնդիրը պետք է դրվեր, և դա հնարավոր էր:
Բայց ինքը երևի ուրիշ կերպ է գնահատում, երևի այլ տեսանկյունից է նայում մեր փաստարկները, և ընդունել է իր որոշումը: Բայց կարծում եմ` աշխարհի վերջը չէ, բոլոր դեպքերում գործընթացները գնում են, կյանքը շարունակվում է: Մեր կուսակցությունն արդեն 15 տարի այս թոհուբոհի մեջ է, և, ցավոք սրտի, նույն ցիկլն անընդհատ կրկնվում է: Բայց այս անգամ էլ փորձում ենք հաղթահարել:
– Տեր Պետրոսյանի հարցազրույցից կարելի է ենթադրել, որ ինքը թողնում է քաղաքական ասպարեզը, որպեսզի ծնվեն նոր «լիդերներ»: Եթե սրան ավելացնենք, օրինակ, ՀԱԿ անդամ Սոս Գիմիշյանի կարծիքն այն մասին, որ Տեր-Պետրոսյանի չառաջադրման դեպքում ՀԱԿ-ում պետք է առաջնորդ փոխվի, ապա ո՞ւմ եք տեսնում որպես այդ նոր լիդեր ՀԱԿ-ում:
– Գիտեք, լիդերը ոչ թե նշանակովի պետք է լինի, ինչպես, ցավոք սրտի, եղավ Կոնգրեսի պարագայում, և այս ամբողջի հետևանքը նաև դա է, որ Զուրաբյան Լևոնը նշանակվեց համակարգող, լիդերը պետք է կայանա, նշանակովի չպետք է լինի:
Ես համամիտ չեմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանն ասել է, թե քաղաքականությունից դուրս է գալիս: Ես դա չեմ ընկալել իր հարցազրույցից: Երբ նայում ես նրա հարցազրույցն ամբողջությամբ, ապա ինքը չի թողելու մեծ քաղաքականությունը: Բայց այն, որ լիդերները պետք է ծնվեն, կայանան, դա ուրիշ հարց է:
– Իսկ հայտնի զրույցի գաղտնալսումից և հրապարակումից հետո, երբ հանրությանը հայտնի դարձավ ՀԱԿ-ի ներսում երկու հակադիր թևերի առկայության մասին, նման պայմաններում ինչպե՞ս եք տեսնում Կոնգրեսի հետագա գոյությունը:
– Կարծում եմ` եթե Կոնգրեսում կա նման թև, և եթե նայենք զրույցի տոնայնությանը, ապա դա նույն Զուրաբյանի տարած քաղաքականության հետևանքն է: Մեր ներկայացրած բարեփոխումները պետք է իրականացվեն, և ՀԱԿ-ի քաղաքական խորհուրդը դառնա լուրջ քաղաքական միավոր, ոչ թե ֆորմալ առումով պահեն` որպես շիրմա, և որոշումներն ընդունվեն լրիվ այլ հարթության մեջ: Արդյունքը սա էր: Գտնում եմ, որ Կոնգրեսը պետք է վերափոխվի, շատ բաներ պետք է հրապարակային, քննադատաբար ներկայացվեն հանրությանը: Այդ պարագայում Կոնգրեսը կենսունակ կլինի, հակառակ դեպքում` եղած-չեղած՝ միևնույն հաշիվ է:
– Ըստ որոշ տեղեկությունների` ՀԱԿ-ում այժմ երկու տեսակետ է քննարկվում, առաջինը`առաջադրել սեփական թեկնածու նախագահական ընտրություններում, երկրորդը` բոյկոտել ընտրությունները:
– Կարծում եմ` թեկնածու առաջադրելն անիմաստ է, այսինքն՝ մասնակցությունը օլիմպիական սկզբունքով անընդունելի է: Մեր կուսակցությունը քննարկում է հետևյալը. եթե թեկնածուն առաջադրվում է, պետք է այն ռիթմով և քաղաքական այն կամքով լինի, որպեսզի իրավիճակ փոխվի, հակառակ դեպքում` մասնակցել մասնակցության համար… դրան մենք լուրջ չենք վերաբերում:
Իսկ բոյկոտն էլ, եթե թեկնածու չես ունենում, մեծ հաշվով` դա բոյկոտին մոտ քաղաքական որոշում կլինի:
– Մեզ հետ զրույցում ասացիք, թե դեռևս որոշում չունեք Հրանտ Բագրատյանի թեկնածության վերաբերյալ: Բայց եթե ՀԱԿ-ը թեկնածու չառաջադրի, այդ դեպքում հնարավոր համարո՞ւմ եք Հրանտ Բագրատյանի թեկնածության սատարումը, և ընդհանրապես՝ ինչպե՞ս եք գնահատում Հրանտ Բագրատյանի հնարավորությունները` որպես ընդդիմադիր թեկնածու:
– Ես Հրանտ Բագրատյանի հնարավորությունները բավական բարձր եմ գնահատում` և´ իր կենսագրության, և´ իր ունեցած պետական ներդրման համար: Սակայն Հրանտ Բագրատյանն իր կուսակցության համագումարում մի միտք ասաց, որն այսօր մեր կուսակցության քաղխորհրդում լուրջ ձևով քննարկվել է. Հ.Բագրատյանն ասաց, որ ինքը չի ձգտում իշխանության: Այդ մասը մեր կուսակցությունը բավական բացասական է ընկալել, որովհետև մեր հիմնական խնդիրն իրավիճակ փոխելն է և իշխանափոխության հասնելն է:
Եթե իշխանության չես ձգտում, ապա քո համակիրներից շատերը, Ձեզ և Ձեր գաղափարախոսությունն ընդունելով, կարող են իրենց քվեն տալ մեկ ուրիշի: Սա մեզ մտահոգում է: Այդ պատճառով, մենք այդ հարցի քննարկումը թողել ենք մյուս նիստին, որը կկայանա հունվարի 15-ից 20-ի սահմաններում: