«Այս պահին Կոնգրեսը պահպանելը, նույնիսկ բարեփոխելը և ուժեղացնելը ճիշտ կլինի». «Ժողովրդավարական հայրենիքը»

«Մեր կուսակցությունում բավական բուռն քննարկում եղավ, տարբեր կարծիքներ հնչեցին, բայց ամենակարևորն այն է, որ վերջնական որոշումը թողեցինք հունվարյան նիստին»,- 168.am-ի հետ հարցազրույցում ասաց Հայ ազգային կոնգրեսի անդամ, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը` խոսելով կուսակցության քաղխորհրդում այսօր կայացած նիստի մասին:

Մենք նախևառաջ ուզում ենք հասկանալ Կոնգրեսի անելիքները, և եթե ՀԱԿ-ը պետք է մնա, ապա պետք է բարեփոխվի, որի մասին դեռևս հունիս-հուլիս ամիսներին ենք խոսել և առաջարկություն ենք արել ՀԱԿ-ին, որը մասնակիորեն ընդունվեց, այնուհետև` հիմնականում մերժվեց:

Հատկապես վերջին միջադեպից` Զուրաբյան-Օսկանյան զրույցի գաղտնալսումից հետո, կարծում եմ, դրա անհրաժեշտությունն առավել, քան օրակարգային է: Եվ նաև հաշվի առնելով աշխարհաքաղաքական զարգացումները և ներքաղաքական իրավիճակը` մենք գտնում ենք, որ Հայաստանում միշտ հնարավոր են ֆորսմաժորային իրավիճակներ: «Ժողովրդավարական հայրենիքը» գտնում է, որ այս պահին Կոնգրեսը պահպանելը, նույնիսկ բարեփոխելը և ուժեղացնելը ճիշտ կլինի, որպեսզի ինստիտուցիոնալ կառույց կարողանա ցանկացած ֆորսմաժորային իրավիճակում հնարավորություն ունենա երկրում իրավիճակը տնօրինելու»,- ասաց Պետրոս Մակեյանը` ավելացնելով, որ վերոհիշյալ մտահոգությամբ են ընթացել քննարկումները կուսակցությունում:

«Եվ երկրորդը` կապված ինչ-որ մեկի թեկնածությանը պաշտպանել-չպաշտպանելու հետ, մասնավորապես խոսքը գնում էր Հրանտ Բագրատյանի մասին, մեր կուսակցությունը որոշեց այդ հարցին անդրադառնալ հունվարյան նիստին»:

Կարդացեք նաև

Պետրոս Մակեյանի հետ հարցազրույցը կարդացեք առաջիկայում:

Տեսանյութեր

Լրահոս