ՊՊԾ-ն ԱԱԾ-ից առանձնացնելուց հետո վարչապետի որոշմամբ կարող է դադարեցվել պետական պաշտպանության ենթակա անձանց պաշտպանությունը

6 ամիս անց Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում կրկին շրջանառության մեջ է դրվել Պետական պահպանության ծառայությունը (ՊՊԾ) Ազգային անվտանգության ծառայությունից առանձնացնելու և վարչապետին ենթակա մարմինների շարքում ներառելու նախագիծը:

Նախագիծն առաջին անգամ շրջանառության մեջ դրվել էր 2021թ. մարտի 4-ին, իսկ 168.am-ի հետ զրույցում ուժային կառույցների ներկայացուցիչներն այն բնորոշել էին՝ որպես «անձնական խնդիրներ» լուծող, ՊՊԾ-ն հեղափոխության պահապաններով համալրող նախագիծ:

Նախագծի հակիրճ բնութագրում ու հիմնավորման մեջ որևէ փոփոխություն արված չէ: Վարչապետի աշխատակազմի կողմից մշակված նախագծի հիմնավորումներում կրկին նշված են ՊՊԾ գործառույթների կենսագործման անմիջականորեն «պայմանավորված» չլինելը Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) մասնակցությամբ, վարչապետի անմիջական մասնակցությամբ ՊՊԾ ղեկավար կազմի ձևավորման դեպքում պետական պահպանության ծառայության ինքնուրույնության արտացոլումը:

Սակայն, ի տարբերություն մարտին հրապարակված նախագծի, այս նախագծով առավել շատ փոփոխություններ են նախատեսում «Հատուկ պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում, ինչպես նաև հարակից օրենքներում:

Առավել հետաքրքրական փոփոխություն է այն, որ հատուկ պահպանության ենթակա անձանց կողմից (բացառությամբ վարչապետ, ԱԺ նախագահ, ՀՀ նախագահ) առերևույթ վարչական զանցանք կամ հանցագործություն (հակաօրինական արարք) կատարելու դեպքում այդ մասին պետք է անհապաղ զեկուցվի վարչապետին ենթակա ՊՊԾ պետին, իսկ վարչապետի որոշմամբ էլ այդ անձի նկատմամբ կարող է դադարեցվել պետական պահպանությունը:

«4. Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց կողմից (բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված անձանց (ՀՀ նախագահ, ԱԺ նախագահ, ՀՀ վարչապետ-Ա.Հ.)) առերևույթ վարչական զանցանք կամ հանցագործության (հակաօրինական արարք) հատկանիշներ պարունակող գործողություններ կատարելու դեպքում պետական պահպանություն իրականացնող խմբի ղեկավարը պարտավոր է`
1) հատուկ պետական պաշտպանության ենթակա անձին անհապաղ տեղեկացնել, որ պետական պահպանությունը կարող է կասեցվել այդ անձի կողմից նման գործողություններ կատարվելու ընթացքում.

2) անհապաղ զեկուցել վարչապետին ենթակա պետական պահպանության ծառայության (այսուհետ՝ ծառայություն) պետին հետագա պահպանությունը իրականացնելու նպատակահարմարության վերաբերյալ:

Սույն հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով սահմանված կարգով իրազեկվելուց հետո հատուկ պետական պաշտպանության ենթակա անձի կողմից հակաօրինական արարքի հատկանիշներ պարունակող գործողությունները շարունակելու դեպքում պետական պահպանություն իրականացնող խմբի ղեկավարի որոշմամբ այդ արարքի կատարման ընթացքում կարող է կասեցվել պետական պահպանությունը: Նույն կարգով իրազեկվելուց հետո վարչական զանցանք կամ հանցագործության հատկանիշներ պարունակող գործողությունները կրկին կատարվելու դեպքում ծառայության պետի ներկայացմամբ՝ վարչապետի որոշմամբ պետական պահպանությունը կարող է դադարեցվել»,- նշված է նախագծում:

Տեսանյութեր

Լրահոս