Սրա նպատակն է՝ «շիշ բռնողների» թափթփուկներով, հեղափոխության պահապաններով համալրել ՊՊԾ-ն. Գագիկ Համբարձումյանը՝ ՊՊԾ-ն ԱԱԾ-ից առանձնացնելու մասին  

Օրերս շրջանառության է դրվել Պետական պահպանության ծառայությունը (ՊՊԾ) Ազգային անվտանգության ծառայությունից առանձնացնելու և վարչապետին ենթակա մարմինների շարքում ներառելու նախագիծը:

Նախագծի փաթեթը մշակել է վարչապետի աշխատակազմը: Հիմնավորումների շարքում են  ՊՊԾ գործառույթների կենսագործման անմիջականորեն «պայմանավորված» չլինելը  Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) մասնակցությամբ, վարչապետի անմիջականության մասնակցությամբ ՊՊԾ ղեկավար կազմի ձևավորման դեպքում պետական պահպանության ծառայության ինքնուրույնության արտացոլումը:

Ոստիկանության պետի նախկին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Գագիկ Համբարձումյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, թե այս նախագծով որևէ լավ բան չի նախատեսվում, ու այս կերպ ընդամենն իշխանությունը ցանկանում է յուրայիններով շրջապատվել:

«Ես բազմիցս առիթ եմ ունեցել ասելու, որ եթե այս իշխանության բոլոր նախաձեռնություններին սիրողական մակարդակով ենք մոտենում, կարող ենք համարել անգրագետ ապուշություն, բայց եթե մոտենում ենք լուրջ, ապա սա համակարգված, նպատակամղված և գիտակցված հերթական այլանդակություններն են, որը ոչ մի կապ չունի պետական կառավարման համակարգի բարեփոխման հետ: Այս առանձնացմամբ ակնհայտ են իրենց առաջ դրված նպատակները՝ գերհզորացնել վարչապետի և նրա թայֆայի պահպանության խնդիրները՝ համալրելով յուրայիններով, այդ «շիշ բռնողների» թափթփուկներով, հեղափոխության պահապաններով, օրինական տեսք տալով, որովհետև չեն կարող նրանց ընդունել Ազգային անվտանգության համակարգ, որովհետև բավականին խիստ ցենզեր կան: Սա՝ առաջինը:

Երկրորդ, նման կառույցներն առանձնացնելը մի այլ խնդիր է բերում: Լավ, այդտեղ բերեցին, հավաքեցին մի քանի հարյուր հոգի: Այդքան սպաներ են, ծառայողներ, նրանց վերապատրաստումը մի կողմ թողնենք, նրանց ծառայողական առաջխաղացման խնդիր կա, առանձին օղակ է, այդտեղ կա մի ղեկավար, տեղակալ կամ բաժնի պետ, և այլն, այսինքն՝ այդ տասնյակ ու հարյուրավոր մարդիկ առաջխաղացման ոչ մի շանս, ըստ էության, չեն ունենալու, իսկ եթե դա գտնվում է համակարգի ներսում, ապա ծառայության ընթացքում տեղափոխում են նույն համակարգի այլ տեղեր: Սա ընդամենը երևացող այսբերգի փոքր հատվածներն եմ նշում, այն էլ՝ նշում եմ նրա համար, որպեսզի, եթե ցանկացող կա, հասկանա այդ նախագծերի, նախաձեռնությունների ողջ աբսուրդ էությունը, որ դա ոչ մի բարելավման, կարգավորման նպատակ չի հետապնդում, այլ պարզապես անձնական իշխանությունը հզորացնելու նպատակներ ունի»,- ասաց Գագիկ Համբարձումյանը:

Համբարձումյանը մեկ այլ փաստ է ուշադրության արժանացնում: Նրա խոսքով՝ այս նախագիծն իշխանությունը պահելու հերթական փորձն է: 

«Եթե բռնի ուժով, զինված ուժով իշխանությունը վերցնելը համարում ենք հեղաշրջում, ապա բռնի ուժով, զինված ուժերով իշխանությունը ապօրինի պահելը նույնպես հեղաշրջում է: Սա այդ հեղաշրջման ատրիբուտներից հերթականն է ընդամենը: Սա որևէ լավ բան չի նախատեսում, իշխանությունը բռնի, զինված ուժով պահելու, հեղաշրջման հերթական բաղադրիչներից մեկն է  հանդիսանում»,- ասաց ոստիկանության պետի նախկին տեղակալը:

Նախագծում առկա հիմնավորումները, որոնցից մեկն այն է, որ ՊՊԾ գործառույթների իրականացումն անմիջականորեն «պայմանավորված» չէ ԱԱԾ մասնակցությամբ, ոստիկանության գեներալ-մայորը ոչ պրոֆեսիոնալիզմ է որակում:

«Նման մեկնաբանությունն ընդամենն ուղղված է թերուս անձանց, իրենց պատգամավոր-ուսապարկերին ու նրանց մակարդակների մարդկանց: Ո՞նց անմիջականորեն «պայմանավորված» չեն: Չէ՞ որ երկրի անվտանգության հետ կապված ողջ ինֆորմացիոն բազան ապահովում է երկրի հատուկ ծառայությունը՝ իր ողջ կառուցվածքային կազմով՝ և՛ գործակալական, և՛ հեռախոսազրույցների լսման, և՛ թեկուզ տիեզերքից հետևելու ձևերով: Ի՞նչ է՝ պետք է այդքան ծառայություն բերեն, ավելացնեն Պետական պահպանության ծառայության մե՞ջ: Գործառույթների 99%-ը կատարում է Ազգային անվտանգության ծառայությունը՝ իր բոլոր կառուցվածքային բաժիններով, իրեն վերապահված իրավասություններն իրականացնելով: ՊՊԾ-ն ընդամենը վիզուալ պահպանության իրականացման համար է: Եթե ինֆորմացիա ստացավ, անգամ նա ճշտելու հնարավորություն չունի, որովհետև ո՛չ տեղական կառույցներ ունի, ո՛չ էլ: Միևնույն է, պետք է ԱԱԾ-ի, Ոստիկանության հետ դա ճշտի: Հետևաբար՝ այդ մեկնաբանություններին լուրջ մի վերաբերվեք: Դա պրոֆեսիոնալիզմի, առողջ դատողության հետ ոչ մի ընդհանուր եզր չունի»,- ասաց Գագիկ Համբարձումյանը:

Հարցին, թե ասածից կարելի՞ է ենթադրել, որ առանձնացման արդյունքում ՊՊԾ-ն պետք է նոր աշխատակիցներով համալրվի, նոր բաժիններ ստեղծվեն, Համբարձումյանն արձագանքեց.

«Նախ՝ նրանց խելքը չի հասնի այդքան՝ ֆունկցիոնալ ապահովման խնդիրները լուծել: Նրանց նպատակը մեկն է՝ համալրել իրենց նվիրված անուղեղ մասսայով, նրանց ընդունել ՊՊԾ, այն դարձնել ուժային հզոր օղակ: Ամբողջ  նպատակն ընդամենը դրանում է կայանում: Որևէ լուրջ պրոֆեսիոնալ մոտեցում դրա մեջ չկա:  Այժմ՝ այդ փոփոխությունից հետո որևէ թափթփուկի ՊՊԾ աշխատանքի ընդունելու համար պետք է ընդունեն ԱԱԾ: Իսկ հիմա պարզապես չեն կարող անել: Այնտեղ հազար ու մի ստուգումներ են անցնում, և ցենզեր են  նախատեսված: Իսկ այսպես միանգամից իրենց ձեռքի տակ կլինեն. Նախ՝ հսկողություն չկա, ասող չկա՝ «էս ի՞նչ եք անում», ինչքան թափթփուկ կա՝ կհավաքեն այդտեղ, իրենց խոսքերով ասած, ինչպես քաչալ անխելքն էր ասում՝ գալավարեզներով համալրելու միտում է հետապնդում»:

Տեսանյութեր

Լրահոս