«Շրջանցող ճանապարհը հարմարեցված չէ խոշոր բեռնատարների անցման համար, բայց միևնույն է, այդ ճանապարհն այսօր աշխատում է». Վահան Քերոբյան
Այսօր Կառավարության նիստից հետո լրագրողներն Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանից հարցրին, թե ի՞նչ ազդակի մասին էր խոսում Նիկոլ Փաշինյանը, երբ ասում էր, որ «Թուրքիայից դրական ազդակներ կան, մենք կգնահատենք և դրական ազդակներին դրականով կարձագանքենք»:
«Ինձ թվում է՝ այդ հարցի ճիշտ հասցեատերն Արտգործնախարարությունն է: Մանրամասնելու հնարավորություն չկար, չի լինում հարցնել, թե կոնկրետ ի՞նչ նկատի ուներ: Խնդրում եմ, ինձ հարցեր տաք իմ գործունեության մասին»,- ասաց նախարարը:
Հարցին, թե տնտեսական առումով ի՞նչ խնդիրներ է առաջացնում ադրբեջանցիների կողմից Գորիս-Կապան միջպետական ճանապարհի փակումը, արդյո՞ք Իրանից եկող բեռնատարների համար խնդրահարույց չէ Հայաստանով անցնելը:
«Այս հարցը մեզ շատ է մտահոգում, ոչ պակաս, քան Ձեզ, և Կառավարությունն ու իր պաշտոնյաները, այդ մարդիկ, ովքեր պատասխանատու են այդ հարցի լուծման համար, բնականաբար, ամբողջությամբ ընդգրկված են այդ հարցի լուծման մեջ: Անտրամաբանական է, որ մենք բոլորս նետվենք մի հարցի լուծման համար, որի համար գոյություն ունեն պրոֆեսիոնալ պատասխանատուներ: Զբաղվում է թիմը, կարծում եմ, որ շուտով հարցը լուծում կստանա: Ինչ վերաբերում է Ձեր հարցին, ապա Հայաստանի սահմանը սկսվում է Մեղրիից, և իրանական մեքենաները Հայաստան մտնելու հետ կապված պրոբլեմ չունեն, ունեն պրոբլեմ՝ Երևան հասնելու հետ կապված: Այդ խնդիրն այս պահին լուծվում է շրջանցող ճանապարհի միջոցով, իհարկե, այդ ճանապարհը հարմարեցված չէ խոշոր բեռնատարների անցման համար, բայց միևնույն է, այդ ճանապարհն այսօր աշխատում է, բեռներն անցնում են: Շատ մտահոգված ենք և շատ անհանգստացած ենք այդ ճանապարհի փակմամբ և ամեն ինչ անում ենք, որ օր առաջ այդ ճանապարհը բացվի»,- ասաց Քերոբյանը:
Նախարարը նշեց, որ իր տեղեկություններով՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ բանակցություններ են տեղի ունենում այդ ճանապարհի բացման համար: Լրագրողի հարցին, թե արդյոք մենք այնքան թույլ պետությո՞ւն ենք դարձել, որ թշնամու հետ բանակցենք մեր երկրի սուվերեն տարածքը լքելու համար և ոչ թե հեռացնենք նրանց, Քերոբյանն արձագանքեց, որ հարցերը լուծելու տարբեր եղանակներ կան:
«Վստահ եմ, որ մեր երկրի այսօրվա ռազմաքաղաքական ղեկավարությունը նախընտրում է հարցերը լուծել ոչ ուժային մեթոդներով, չնայած, եթե դրա անհրաժեշտությունը լինի, բնականաբար, մենք բոլորս պատրաստ ենք կանգնել հայրենիքի պաշտպանության գործին: Դրա անհրաժեշտությունն առաջանում է այն ժամանակ, երբ խաղաղ ճանապարհով խնդիրները չեն լուծվում»,- ասաց Քերոբյանը:
Հարցին, թե ինքը Գորիս-Կապան ճանապարհի փակված հատվածը համարո՞ւմ է Հայաստանի սուվերեն տարածք, թե՞ ոչ, Էկոնոմիկայի նախարարը հստակ պատասխան չտվեց:
«Ես աշխարհագրության, կամ այդ տիպի հարցերի գիտակ չեմ: Դա պետք է նայել, թե ի՞նչ տիպի պայմանավորվածություններ են եղել: Դուք ևս լավ գիտեք, որ Սովետական Միության այն սահմանները, որը եղել է մինչև միության փլուզումը, համաձայն այդ սահմանների՝ այդ ճանապարհի որոշ հատվածներ ընկնում են Ադրբեջանական ԽՍՀ տարածքում»,- ասաց Քերոբյանը:
Այս հարցից հետո Էկոնոմիկայի նախարարն առաջարկեց փակել թեման՝ վստահեցնելով, որ բոլորն էլ հասկանում են՝ պետք է այս հարցը որքան հնարավոր է շուտ լուծել: Անդրադառնալով փակված ճանապարհի պատճառով պարենային ապահովման խնդիրների առջև կանգնած գյուղերին՝ Քերոբյանը վստահեցրեց, որ ամեն ինչ արվում է նրանց պարենային անվտանգությունն ապահովելու համար: Ճշտող հարցին, թե դա արվում է ռուս խաղաղապահների միջոցո՞վ, նախարարն արձագանքեց.
«Այսօր դա էլ է ճանապարհ, բայց նաև կան տարբերակներ շրջանցող ճանապարհի միջոցով այդ հարցը լուծելու, փորձում ենք լուծել»: