Բաժիններ՝

Արդյոք կարգելվի՞ հին արտադրության մեքենաների ներկրումը

Հայաստանում քննարկվում է ավտոշուկայի թարմացման հարցը: Այն ներառված է ճանապարհային երթևեկության անվտանգության ռազմավարությունում՝ մաս կազմելով անվտանգային համակարգի բարելավման ծրագրի: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում «Ճանապարհային անվտանգության ազգային խորհրդի» ղեկավար Պողոս Շահինյանը նշեց, որ Հայաստանում առաջին ճանապարհային երթևեկության անվտանգության ռազմավարությունն ընդունվել է 2009 թվականին:

Ընդունումից հետո՝ առաջին իսկ տարում, հաջողությունը տեսանելի եղավ: Ավտոպատահարների հետևանքով զոհերի քանակը 20 տոկոսով նվազեց: Ռազմավարությունն իր գործունեության ծրագրով ավարտվեց 2013 թվականին, և դրանից հետո Հայաստանը չի ունեցել վերափոխված, թարմացված ռազմավարություն: Այժմ մշակվել է նոր ռազմավարություն, որի հիմնական շեշտը շվեդական մոդելն է՝ տեսլական զրո ( vision zero): Դա այն է, երբ երկիրը ձգտում է ճանապարհին պատահարների հետևանքով գրանցված զոհերի կտրուկ նվազեցման:

«Ռազմավարությունը ենթադրում է անվտանգային համակարգի բարելավում, ենթակառուցվածքների ձևավորում՝ նոր մոտեցումներով: Անվտանգ ճանապարհ, անվտանգ ավտոմեքենա, ճանապարհների միջազգային ստանդարտներին համապատասխան կահավորում. այս եռանկյունին պետք է կարողանանք ապահովել: Եթե ճանապարհը լավն է, բայց ավտոմեքենան հին է, ապա վթարն անխուսափելի է: Կամ հակառակը, ավտոմեքենան է լավը, ճանապարհն է անմխիթար, ապա կունենանք նույն արդյունքը»,- ասաց Պողոս Շահինյանը:

Նա նկատեց, որ Հայաստանը, ավտոմեքենաների անվտանգության տեսանկյունից, գտնվում է եվրոպական ստանդարտի երրորդ գոտում: Դա նշանակում է, որ երկիրն ընդունում է ավտոմեքենա, որը կարող է լինել ցածր ստանդարտին համապատասխան: Օրինակ՝ ավտոմեքենայում կարող են չլինել անվտանգության բարձիկ, որոշակի անվտանգային համակարգեր:

«Հետևաբար պետք է այնպես անել, որ ներմուծվող մեքենան լինի անվտանգ: Դրանից բացի, փորձել լուծել երկրում եղած մեքենաների հետ կապված խնդիրը: Տալ հնարավորություն, պայմաններ ստեղծել, որ քաղաքացին ունեցած մեքենան փոխարինի նորով: Շատ լավ քաղաքականություն էր էլեկտրամոբիլների տարբերակը` հանելով որոշ հարկեր: Կարծում եմ, կարելի է բարելավել շուկան՝ չխփելով քաղաքացու գրպանին»,- ասաց Պողոս Շահինյանը:

Արդյոք կարգելվի՞ հին արտադրության մեքենաների ներկրումը: Ի պատասխան՝ Պողոս Շահինյանը նշեց, որ ընդհանրապես չթույլատրել չես կարող, սակայն կարող ես բարդացնել մեխանիզմները: Ամենևին խոսքը չի գնում մեքենա ձեռք բերելուց զրկելու մասին, պարզապես մեխանիզմեր լինեն, որոնք կնպաստեն ժամանակի ընթացքում ավտոշուկայի թարմացմանը: Թե կոնկրետ ինչպես կբարդացվեն, դեռ պարզ չէ:

Հաջորդ խնդիրը, որն արտացոլվել է ռազմավարությունում, «սև կետերի» հայտնաբերումն ու հենց կոնկրետ այդ ուղղությամբ լուծումներ առաջարկելն է: Բանն այն է, որ այսօր ճանապարհային երթևեկության ոլորտում տվյալների բազան հարստացնելու խնդիր կա:

«Հիմա, եթե մենք ուզում ենք հասկանալ, թե ճանապարհային անվտանգության տեսանկյունից ո՞ր դպրոցներն են առավել խոցելի, մենք չենք կարողանում այդ տվյալները հանել, որովհետև դրանք գրանցված չեն: Վթարների դեպքում գրանցված են փողոցները: Եթե տվյալների բազան ճիշտ ձևավորվի, ապա կոնկրետ կետում խնդրին անդրադառնալը րոպեների հարց կլինի: Ասեմ, որ արդեն ոստիկանությունն այդ ճանապարհի վրա է և աշխատանք է տարվում նոր համակարգ ունենալու համար»,-հավելեց Պողոս Շահինյանը:

Նոր ռազմավարությունն ունի առանձին բաժին իրազեկման աշխատանքների հետ կապված: Նախատեսված են ներգրավել հանրակրթական հաստատությունները: Արդեն պիլոտային ծրագիր արվել է դպրոցներում՝ ներգրավելով և՛ աշակերտներին, և՛ ծնողներին:

Ռազմավարությունը ներկայում գտնվում է կառավարությունում, այն քննարկման փուլում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս