«Երբ նրան զանգեցի, ու 10 րոպեից հեռախոսն անջատեց, հասկացա, որ արդեն լավ չէ…». Մարինե Պետրոսյանը՝ Արմեն Շեկոյանի մասին
«Արմեն Շեկոյանի մասին շատ եմ գրել. Նա մի գիրք ուներ, կոչվում էր «Անտիպոեզիա», ես դրա վրա մի ամբողջ տեսություն զարգացրեցի, թեպետ դրանից հետո Արմենն ինձնից մի քիչ նեղացել էր: Ես անտիպոեզիան ձևակերպեցի՝ որպես ուղղություն՝ Արմեն Շեկոյանի և Վիոլետ Գրիգորյանի օրինակով, հետո քննադատները հարձակվեցին, մեծ բանավեճ եղավ: Արմեն Շեկոյանը կեսկատակ-կեսլուրջ ասում էր՝ դու ինձ հարձակման թիրախ դարձիր»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց բանաստեղծ Մարինե Պետրոսյանը՝ ներկայացնելով բանաստեղծ, արձակագիր Արմեն Շեկոյանի վերաբերյալ իր հիշողությունները:
Հիշեցնենք, որ հուլիսի 29-ին կյանքից հեռացել է բանաստեղծ, արձակագիր, քայլող դասական Արմեն Շեկոյանը:
Մարինե Պետրոսյանի խոսքով՝ Արմեն Շեկոյանն այն բացառիկ գրողներից էր, որ Սովետական Միության փլուզումից հետո չտեղափոխվեց քաղաքականություն կամ չդադարեց գրել:
«Նա գրելու նոր և անսպասելի ձև գտավ: Նա կլասիկ գրական միջավայրից էր, բայց սկսեց սովորական թերթերում գրել: «Անտիպոեզիա» պատահական չի ընտրել, որովհետև դա պոեզիա էր, որը վերցնում էր իրականությունը: Դա շատ դժվար բան է: Ինքն առաջինը դա արեց, հետո՝ Վիոլետ Գրիգորյանը: Ես այն ժամանակ ավելի դասական բաներ էի գրում, հետո Վիոլետի և Արմենի մասին գրեցի ու ինքս էլ իրագործեցի իմ գրածը՝ սկսեցի իրականությունը վերցնել բանաստեղծության մեջ, որն ամենածանր բանն է:
Արմեն Շեկոյանը շատ հետաքրքիր մարդ էր: Նա կլասիկ բանաստեղծ էր, քաղաքականությանը չէր խառնվում, քաղաքականությունն էր վերցնում բանաստեղծության մեջ, ոչ թե՝ ինքն էր մտնում քաղաքականություն: Նա դժվարթարգմանելի բանաստեղծ է, իր տեքստի տեսակը չի թարգմանվում, թե չէ, եթե թարգմանվեր, համաշխարհային առումով էլ ինքը ֆենոմենալ դեմք է»,- ասաց նա:
Բանաստեղծը ընդգծեց՝ Արմեն Շեկոյանը վաղուց էր հիվանդ. «Երբ հիվանդ չէր, մենք հեռախոսով առնվազն 4 ժամ խոսում էինք, վերջին անգամ, երբ իրեն զանգեցի, ու 10 րոպեից հեռախոսն անջատեց, ես հասկացա, որ ինքն արդեն լավ չէ, նա 10 րոպե երբեք չէր խոսում: Երկար ժամանակ, ցավոք, չէր շփվում մարդկանց հետ»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում