Բաժիններ՝

Արդյոք մտածո՞ւմ ենք, որ այս ամենի պատճառն այն է, որ արժանի ենք մեր ունեցածին, չենք գործել ծանր մեղքեր…

Մտածե՞լ ենք արդյոք երբևէ, թե ինչ կլիներ մեզ հետ, եթե Աստված մեզ պատժեր՝ մեր կատարած ամեն մի մեղքի համար։ Ճշմարտությունն այն է, որ այժմ գոյություն չէինք ունենա և ոչ մեկս՝ պատժված լինելով ամենախիստ կերպերով։ Չէինք ունենա ոչինչ՝ զրկված լինելով մեզ համար ամենակարևոր երևույթներից։ Սակայն փաստն այն է, որ այժմ պատժված չենք, ունենք մեզ երջանկացնող շատ իրողություններ մեր կողքին, ապրում ենք Աստծո ստեղծած աշխարհում և ներում ստանում՝ մեր գործած ամենածանր մեղքերի համար։

Արդյո՞ք մտածում ենք, որ այս ամենի պատճառն այն է, որ արժանի ենք մեր ունեցածին, չենք գործել ծանր մեղքեր։ Միանշանակ ոչ։ Այս ամենի պատճառը միայն ու միայն պետք է փնտրել Աստծո անսահման ողորմածության մեջ։ «Երանի՜ ողորմածներին, որովհետև նրանք ողորմություն պիտի գտնեն» (Մատթ․ 5։7),- ասված է Սուրբ Գրքում։ Ճշմարիտ է, բոլոր ինը երանիներում նշված հատկությունները կրելով՝ մոտենում ենք Աստծուն։ Սակայն ինչպես նկատում է Սուրբ Ներսես Շնորհալին․ «Առաքինությունների մեջ չկա մի բան, որն այնքան նմանեցնի մեզ Աստծուն, որքան ողորմածությունը»։

«Ես ձեզ վրա չեմ բարկանա, քանզի ես ողորմած եմ,- ասում է Տերը,- ձեր դեմ հավիտյան ոխ չեմ պահի» (Երեմիա 3։12): Հինկտակարանյան այս հատվածում Աստված ինքն է փաստում իր ողորմած լինելը։ Փրկիչը՝ Քրիստոս ևս երկրային իր կյանքում ամեն քայլով ուսուցանում էր ողորմածության կարևորությունը։ Մեկ առիթով նա պատվիրում է․ «Զգո՛յշ եղեք, որ ձեր ողորմությունը մարդկանց առջև չանեք, որպես թե այն լիներ ի ցույց նրանց. այլապես վարձ չեք ընդունի ձեր Հորից, որ երկնքում է… Այլ երբ դու ողորմություն անես, թող քո ձախ ձեռքը չիմանա, թե ինչ է անում քո աջը, որպեսզի քո ողորմությունը ծածուկ լինի, և քո Հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կհատուցի հայտնապես» (Մատթ. 6։1, 3-4):

Քրիստոսի այս հիմնական պատգամներից մեկին հետևելը՝ ողորմած լինելը ճանապարհն է՝ Աստծուց ողորմության արժանանալու։ Ամենազոր Տիրոջից ողորմածություն հայցելիս՝ մի պահ մտածենք՝ արդյո՞ք արժանի եմ այս ողորմությանը, արդյո՞ք ինքս ողորմած եմ։

qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս