Հնարավոր է մեզ համար ամենավատ սցենարը. Հայաստանին մնալու է ենթարկվել թելադրվող նախապայմաններին. Վարուժան Գեղամյան

Արդեն մի քանի օր է՝ լարված է իրավիճակը Հայաստանի սահմանին՝ Երասխ գյուղում, որը կից է Տիգրանաշենին։ Այսօր առավոտյան Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ մինչև ժամը 02։00-ն ադրբեջանական զինված ուժերը շարունակել են հրաձգային զինատեսակներից, առանց ականանետերի կիրառման, գնդակոծել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը։ Արարատի մարզի Երասխ համայնքի ղեկավար Ռուդիկ Օղիկյանն էլ վիրավորում է ստացել։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով սահմանային իրավիճակի սրման պատճառների մասին, պատմական գիտութունների թեկնածու, թուրքագետ Վարուժան Գեղամյանը շեշտեց.

«Տեղի ունեցող իրադարձությունները պետք է դիտարկել տարածաշրջանային զարգացումների համատեքստում։ Մեր տարածաշրջանում բախվում են հարյուրավոր մասնավոր և պետական շահեր։ Այն, ինչ կատարվում է հատկապես 2020 թվականի նոյեմբերից հետո, երբ փոխվեց տարածաշրջանում ուժերի հարաբերակցությունը, գալիս է ցույց տալու, որ հիմա ձևավորվում է ուժերի նոր հավասարակշռություն։

Մենք հիմա դա ենք տեսնում։ Նշեմ, որ այդ գործընթացին մասնակից են տարբեր ուժեր՝ բացառությամբ Հայաստանի։ Երասխի շուրջ կատարվողն էլ հենց այս կտրվածքով պետք է դիտարկել։

Սա ոչ թե Ադրբեջանի ցանկությունն է՝ կտրել Հայաստանի հյուսիսն ու հարավն իրար կապող ամենակարևոր հատվածը, սա ոչ թե սահմանային առանձին միջադեպ է, այլ այս ամենը մաս են կազմում այն մեծ ռազմավարության, որ իրականացվում և համակարգվում է Թուրքիայի կողմից, որը հիմա տեսնում է հնարավորություն՝ Հարավային Կովկասը վերցնելու լիարժեքորեն իր վերահսկողության տակ»։

Նրա փոխանցմամբ՝ Հարավային Կովկասում և այս տարածաշրջանում միակ հատվածը, որտեղ թուրքերը դեռ չեն կարողացել լինել թելադրող, դա Հայաստանն ու Արցախն են, որոնք ամբողջությամբ չեն ընկել թուրքական ազդեցության տակ, հետևաբար՝ մշակվում է պլան՝ դրան հասնելու նպատակով։

«Ի՞նչ է պետք անել. պետք է Հայաստանին մաքսիմալ վատ պայմաններ առաջարկել, որից Հայաստանը միայնակ և դաշնակիցների հետ դուրս գալու հնարավորություններ չունի։ Հայաստանին մնալու է գնալ և ենթարկվել այն նախապայմաններին, որոնք թելադրվելու են Թուրքիայի կողմից։ Սրան հասնելու կարևորագույն կետը Երասխն է»,- ասաց Վարուժան Գեղամյանը՝ հիշեցնելով, որ Թուրքիան նույն նպատակը ուներ նաև 1990 ական թվականին, ինչի հետևանքով տեղի ունեցավ Երասխի ինքնապաշտպանությունը, և թուրքական նկրտումները հնարավոր եղավ կանխել, որովհետև այն ժամանակ իշխանության կողմից կար հստակ կամք, ինչն այսօր անտեսանելի է գործող իշխանության մոտ։

«Կա ուղիղ կապ կապիտուլյանտի և Ալիևի միջև. ինձ համար սա վկայում է այն մասին, որ մենք ունենք օրակարգ, որի մասին տեղյակ չենք։ Մենք չգիտենք, թե ի՞նչ է քննարկվում, հետևաբար հնարավոր է՝ այս իրավիճակում տեսնենք մեզ համար ամենավատ սցենարը։ Մենք գործ ունենք մի ղեկավար թիմի հետ, որը չունի գիտակցում, թե ինչ մեծ խնդիրների հետ ենք մենք այսօր բախվել, իսկ երբ չկա դիմադրություն հենց թուրքական բանակին, ապա հարց է առաջանում, թե այդ ի՞նչն է խանգարելու թուրքական բանակին մտնել Հայաստանի տարածք ու մեզ պարտադրել այն, ինչից սարսափում ենք»,- ասաց Գեղամյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս