Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի. ինչ ենք մենք անում
Օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հանդիպումից հետո բանակցությունների արդյունքների ամփոփմանը, հայտարարել էր, թե «ոչ պաշտոնական աղբյուրներից ստացած տեղեկությունների համաձայն, Ադրբեջանը մտադիր է նոր ռազմական բախումներ հրահրել Արցախում և հայ-ադրբեջանական սահմանին, ինչի արտահայտությունը մենք այսօր տեսնում ենք հայ-ադրբեջանական սահմանին Նախիջևանի հատվածում»:
Նախ՝ նշենք, որ երկրի ղեկավարի դեպքում, մեղմ ասած, ընդունելի չէ ոչ պաշտոնական աղբյուրներին հղում անելը, առավելևս, այդ մասին բարձրաձայնելը պաշտոնական հանդիպման ժամանակ: Որևէ այլ երկրի պաշտոնյա չի կարող լուրջ ընդունել ոչ արված հայտարարությունը, ոչ էլ այն հնչեցնողին:
Մի՞թե Նիկոլ Փաշինյանին պաշտոնական տեղեկություններ չեն տալիս, և բնավ պարտադիր չէ, որ երկրի ղեկավարը դրանք գաղտնազերծի: Իսկ միգուցե Փաշինյանը չի՞ վստահում պաշտոնական աղբյուրներին: Ինչևէ, կան կանոններ, որոնք պիտի պահպանվեն, եթե ցանկանում ենք՝ մեզ լուրջ ընդունեն:
Երկրորդ՝ որքանո՞վ է Նիկոլ Փաշինյանը լուրջ ընդունում գործնականում Ադրբեջանի հետ պատերազմական բախումների հավանականությունը: Արցախյան վերջին պատերազմը ցույց տվեց, որ անգործություն ենք դրսևորել: Մինչդեռ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը 2020-ի նոյեմբերի 17-ի իր ուղերձում վստահեցրել էր, որ Փաշինյանին դեռ 2020-ի հունիսից մի քանի անգամ զգուշացրել է պատերազմի հավանականության մասին, որը չի լինելու առանց Թուրքիայի: Ադրբեջանից և Թուրքիայից ևս բացահայտ փաստեր են եղել՝ հայտարարությունների, հանդիպումների տեսքով:
Իսկ այն, որ Ադրբեջանն այսօր էլ պատերազմի է պատրաստվում, կասկածից վեր է, մասնավորապես.
– Հուլիսի 14-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Թուրքիայի դեսպան Ջահիդ Բախչիի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Թուրքիան ու Ադրբեջանը մտադիր են ավելացնել համատեղ զորավարժությունների քանակը: Ընդ որում, նախատեսվում է ավելացնել համատեղ զորավարժությունների թիվը՝ ներգրավելով տարբեր տեսակի զորքեր, այդ թվում ՝ երկու երկրների հատուկ նշանակության ուժերը:
Հասանովը նաև տեղեկացրել էր, որ Ադրբեջանում շարունակվում են ադրբեջանական բանակը Թուրքիայի զինված ուժերի չափանիշերին համապատասխանեցնելու բարեփոխումները: Այսինքն, Ադրբեջանը ցանկանում է ունենալ թուրքական փոքր բանակ՝ ՆԱՏՕ-ական կառավարման համակարգով, ինչը գործի դրեցին արցախյան վերջին պատերազմում և ինչի շնորհիվ նաև հաղթեցին:
– Հուլիսի 19-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը ծառայողական խորհրդակցության ժամանակ հիշեցրել է Իլհամ Ալիևի խոսքերը, որ թեպետ պատերազմն անցյալում է, սակայն ցանկացած պահի պետք է պատրաստ լինել պատերազմի՝ ընդգծելով զինված ուժերի անձնակազմի մարտական պատրաստվածության և բարոյահոգեբանական մակարդակի բարձրացման կարևորությունը:
Նա հրահանգել էր բարձրացնել մարտական հերթապահություն կատարող զինծառայողների զգոնությունը և ընդլայնել ստորաբաժանումների նյութատեխնիկական ապահովման հնարավորությունները:
– Հուլիսի 18-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Եվրոպական Խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ համատեղ ասուլիսին հայտարարել է, որ 3 միջազգային օդանավակայան է կառուցվելու, առաջինը՝ Ֆիզուլիում (Վարանդա), որը կգործարկվի տարեվերջին, երկրորդը՝ Զանգելանում (Կովսական), երրորդը՝ Լաչինում (Քաշաթաղ): Վերջինի կառուցումը նախատեսվում է ավարտին հասցնել 2023 թվականին: Նշվում է, որ օդակայանները կարող են ընդունել տարբեր տիպի օդանավեր: Այսինքն, չի բացառվում, որ դրանցում լինեն նաև ռազմական օդանավեր:
– 168.am–ի հետ զրույցում ռազմական փորձագետ, պատմաբան, ՀՅԴ անդամ Արթուր Եղիազարյանը նշել էր, որ Շուշին Ադրբեջանը վերածում է ոչ թե բնակության համար քաղաքի, այլ ռազմական հենակետի՝ Ստեփանակերտի գլխին կախված, թեպետ ցուցադրական ներկայացվում է՝ որպես զուտ պանթուրքական նպատակների կենտրոն: Բացի այս, պետք է հաշվի առնել, որ Արցախի՝ հայկական մնացած հատվածի միակ ճանապարհն անցնում է Շուշիի տակով: Այսինքն, մի բարակ «թելիկ» է, և ռազմական գործողությունների սկսման դեպքում անհնարին է դառնալու այդ ճանապարհով շարժը: Եթե այս պահին որոշակի երաշխիքներ կան ռուս խաղաղապահների ներկայության պարագայում, ապա, եթե իրավիճակ փոխվի, և խաղաղապահները դուրս գան, կամ չհարգվի նոյեմբերի 9-ի համաձայնագիրը, և ռազմական գործողություններ սկսվեն, ստացվում է՝ Արցախի հայկական մնացած հատվածն իր բնակչությամբ, կարելի է ասել, գերու վիճակում է հայտնվելու:
Վերադառնալով Լաչինին, նշենք, որ Ադրբեջանը վերջին շրջանում հերթական անգամ խաղարկում է Լաչինի միջանցքը. այս անգամ՝ Զանգեզուրի միջանցքի դիմաց:
Ադրբեջանական կողմը տեղեկություններ է շրջանառում, թե իբր ՀՀ-ից Արցախ՝ Լաչինի միջանցքով զինված մարդիկ են տեղափոխվում, և, որ մինչև այսօր, համաձայն եռակողմ համաձայնության՝ ՌԴ վերահսկողությանը հանձնված տարածքներից ամբողջությամբ դուրս չեն բերվել հայկական զինված խմբավորումները:
Սա՝ այն դեպքում, երբ 168.am-ի տեղեկություններով, առանց ռուս խաղաղապահների ուղեկցության ադրբեջանական քաղաքացիական անձինք են շրջում պարբերաբար Քաշաթաղի հատվածում: Եվ որևէ մեկը չգիտի՝ ինչ նպատակով: Ի դեպ, պատերազմական գործողությունների ընթացքում Ադրբեջանը փոխել է Լաչինի գրավման սկզբնական պլաններն ու ուղղությունը:
«Մենք տեղանքի հետախուզություն ենք իրականացրել, հասել ենք մինչև Լաչինի շրջանի Գյուլաբիրդ գյուղ: Լաչինը դեռ վերցված չէր: Խնդիր էր դրված գնալ հակառակորդի թիկունք՝ 40 կմ խորությամբ, փորձել աննկատ անցնել, աջից և ձախից փակել Լաչինի միջանցքը: Այսինքն՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապող ճանապարհը: Գյուլաբիրդում արդեն կանգնած էր 6-րդ կորպուսը, որը հայերից «մաքրել» էր գյուղը: Հոկտեմբերի 16-17-ն էր: Մենք խորհրդակցեցինք, և հարցեր առաջացան, որովհետև հատուկ նշանակության խումբը պետք է հաղթահարեր ավելի քան 40 կմ տարածություն՝ Ջաբրայիլից մինչև Լաչինի միջանցք: Ինչպես պետք է ապահովվեր կրակային աջակցությունը, կապի ինչ միջոցներով պետք է մեզ ապահովեին: Շատ հարցեր կային նաև լոգիստիկայի և այլ խնդիրների հետ կապված: Եվ այս մարտական խնդիրը հանվեց օրակարգից՝ առանց պատճառի ամբողջական բացատրության»,- հարցազրույցներից մեկում ասել էր Շուշիի գրավման օպերատիվ խմբի ղեկավարի պարտականությունները կատարած Թեհրան Մենսիմովը:
Մեր տեղեկություններով, ադրբեջանական կողմը սկզբնական պլանները փոխել է, որովհետև հետախուզությունը համոզվել է, որ այդտեղ պաշտպանությունը կազմակերպված է, ուստի որոշել են շարժվել Մեծ Թաղեր-Չըդրատեղ (բարձունք է, տեղացիներն այսպես են անվանում)-Սղնաղ-Քարինտակ-Շուշի ուղղությամբ, այստեղ պաշտպանություն չի եղել:
Այնպես որ՝ Ադրբեջանը անգամ վերջին պատերազմից հետո չի թաքցրել ուժով հարցեր լուծելու պատրաստակամությունը: Իսկ մենք շարունակում ենք մեր անվտանգության միակ երաշխավոր՝ ՀՀ զինված ուժերի դիմադրողականությունը և դերակատարումը փոքրացնել, և մեր անվտանգությունը հանձնել օտարին՝ «բարի» ցանկությունների և «օբյեկտիվ» պատճառների անվան տակ: