Ադրբեջանն ուզում է ՀՀ-ից կրճատել արտաքին աշխարհին կապող կենսական տեղանքները

Հունիսի 15-ին հայկական Շուշի քաղաքում, որն այժմ գտնվում է ադրբեջանական վերահսկողության տակ, Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները ստորագրեցին «Շուշիի հռչակագիրը»:

Էրդողանը նշել էր, որ երկու պետությունների համար այն շատ կարևոր ճանապարհային քարտեզ է, որտեղ ներառված հարցերը ոչ միայն երկու պետություններին են վերաբերում, այլև՝ տարածաշրջանին:

Իր հերթին՝ Ալիևը հայտարարել էր, որ հռչակագիրը հենվում է Կարսի պայմանագրի վրա:

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը Հռչակագիրը դատապարտող հայտարարություն էր տարածել՝ ընդգծելով, որ այն հստակ մատնանշում է Արցախի Հանրապետության դեմ 44-օրյա ագրեսիա իրականացրած երկու պետությունների դաշինքն ընդդեմ Արցախի ժողովրդի ինքնորոշման, Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ցեղասպանություն վերապրած աշխարհասփյուռ հայ ժողովրդի իրավունքների։

Նշենք, որ տարիներ շարունակ Դաշնակցությունը պնդում էր, որ պետք է Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք ստեղծվի, որը կարող է միջանկյալ տարբերակ համարվել Հայաստանի կողմից Արցախի անկախության ճանաչման՝ ապահովելով ՀՀ-ի իրավական ներկայությունն Արցախում:

Արդյո՞ք Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինքը կարող էր հակակշիռ լինել «Շուշիի հռչակագրին»:

 Եթե ՀՀ իշխանությունները ժամանակին կնքած լինեին Արցախի հետ ռազմավարական դաշինքը՝ դրանով իրավական նոր որակ տալով երկու հայկական պետությունների հարաբերություններին, արդյո՞ք այն կարող էր հակակշիռ համարվել «Շուշիի հռչակագրին»:

168.amի հետ զրույցում ռազմական փորձագետ, պատմաբան, ՀՅԴ անդամ Արթուր Եղիազարյանը նշեց, որ երկուսն էլ ուղղված են տվյալ ժողովուրդների շահերին, այլ հարց է, որ Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինքի հիմքը ՀՀ-ի և Արցախի անկախության հռչակագրերն էին: Այսինքն, գլխավոր շեշտադրումը Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտման և ինքնորոշման իրավունքն էր, ճանապարհների բաց լինելը, միջազգային հարթակում Արցախի հանդես գալը, տարածքային խնդիրներ առաջնային կերպով չէր դրվում:

«Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինքի մասին հռչակագիրն առաջարկում էր, որ երկու հայկական պետությունների գործադիր մարմինները միասնական գործեն և իրավական հող նախապատրաստեին այդ ամբողջ գործընթացի համար: Իսկ Ադրբեջանի և Թուրքիայի միջև կնքված «Շուշիի հռչակագիրը» Թուրքիայի անմիջական աջակցությունն է Ադրբեջանին, որի խորքային և հիմնական նպատակը պանթուրքական ծրագրի կյանքի կոչելն է: Եվ պատահական չէր, որ ստորագրման վայրը հենց Շուշին էր ընտրվել. այն ադրբեջանաթուրքական տանդեմը ցանկանում է վերածել պանթուրքիզմի մայրաքաղաքի, ընդ որում՝ Արցախի սրտում: Այս ամենի նպատակը և հավակնությունները շատ ավելի հեռուն են գնում՝ տարածվել մինչև Կենտրոնական Ասիա: Բայց «Շուշիի հռչակագիրը» առաջին հերթին հայության դեմ ուղղված քայլ է, եթե մի կողմ թողնենք, այսպես ասած, երկրորդական նպատակները: Այս հռչակագրով և այն Շուշիում ստորագրելով՝ փորձ արվեց ցույց տալ, որ այլևս չկա Արցախի հարց, և որ յուրաքանչյուր փոփոխություն հակազդեցություն է ունենալու նաև Թուրքիայի կողմից: Այսինքն, «Շուշիի հռչակագրով» Թուրքիան բացահայտ կերպով հայտնեց իր հովանավորությունը Ադրբեջանին: Ինչ վերաբերում է հարցին, որ եթե Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինքի մասին փաստաթուղթը ժամանակին կնքած լինեինք, ինչ իրավիճակ կունենայինք, ապա նախ պետք է նայել ներկա վիճակին. այսօր ՀՀ-ն փաստորեն ոչ մի երաշխավորի և ազդեցություն ունեցողի դերակատարում չունի Արցախի հարցում, քանի որ նոյեմբերի 9-ի ստորացուցիչ համաձայնագրով մենք, կարելի է ասել, այդ ամենը զիջեցինք: Եվ այսօր Արցախի անվտանգության երաշխավորը հանդիսանում է ՌԴ-ն՝ իր խաղաղապահ ուժերով»,- նշեց ռազմական հարցերով փորձագետը՝ հիշեցնելով, որ սա ժամանակավոր բնույթ է կրում:

Խախտվել է նոյեմբերի 9-ի համաձայնագիրը. ադրբեջանցիներին զիջվեցին ահռելի մեծ տարածքներ

Արթուր Եղիազարյանը դիտարկմամբ, Արցախի 75 տոկոս տարածքների կորուստի դեպքում, այսօր քննարկումը մնացած տարածքների շուրջ է լինելու, մինչդեռ հայկական կողմը կարծես թե ձեռքերը լվացել է:

«Մենք պետք է կարողանանք առնվազն ԼՂՒՄ-ի տարածքների մասով հարցադրումներ դնել: Մյուս կողմից, նոյեմբերի 9-ի համաձայնագրի կետերն անգամ ամբողջությամբ չեն պահպանվում Ադրբեջանի կողմից, մասնավորապես, ռազմագերիների հետ կապված: Երկրորդ՝ այդ հրադադարի հայտարարության ստորագրումից հետո խախտվել են շատ կետեր, քանի որ համաձայնագրի առաջին կետում ասվում է, որ «Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը, այսուհետ՝ կողմեր, կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում»: Եվ եթե այնտեղ մի քանի շրջանների՝ Աղդամի, Քարվաճառի հետ կապված կոնկրետ ժամանակացույց կա ֆիքսված, ապա դեպի Սյունիք հատվածի հետ կապված այդ հայտարարության պայմանները չհարգվեցին, և ադրբեջանցիներին զիջվեցին ահռելի մեծ տարածքներ՝ Կովսականից սկսած մինչև Բերձորի հատված և այլն, որոնք համաձայնագրով նախատեսված չէին: Անհասկանալի էր նաև Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի հանձնումը»,- ընդգծեց պատմաբանը՝ հավելելով, որ Հայաստանն այս պայմաններում չի կարող հանդես գալ՝ որպես Արցախի անվտանգության երաշխավոր, և, որ Արցախի կարգավիճակի ապագան ճշգրտված չէ:

Այս համատեքստում Արթուր Եղիազարյանը հիշեցրեց թուրքական առաջխաղացումներն արդեն ՀՀ տարածքում. ադրբեջանական մոտ 1000 զինծառայող, 2 ամիս է՝ գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում, և Ադրբեջանը բացահայտ իր հավակնությունների մասին է խոսում ոչ միայն այդ տարածքի, ոչ միայն Տավուշի հետ կապված, այլ ամենաբարձր մակարդակով ամբողջ Սյունիքի՝ այն անվանելով «Արևմտյան Զանգեզուր»: Իսկ վարչատարածքային նոր բաժանման արդյունքում Ադրբեջանը ստեղծել է «Արևելյան Զանգեզուրի» և «Ղարաբաղի» տնտեսական գոտիներ:

«Մենք բազմաթիվ խոսակցություններ ենք լսում նաև Տիգրանաշենի հետ կապված, և տեսնում ենք, որ այդ հատվածում ռազմական առումով գործընթացներ են գնում: Այս ձևով Ադրբեջանը փորձում է ճնշումներ գործադրել ՀՀ-ի վրա՝ իր հավակնությունների մասին հայտնելով նաև Երևանի հետ կապված: Մենք տեսնում ենք, որ մայրաքաղաքից 50 կմ-ի վրա թշնամու կրակոցների ձայներ են լսվում: Սա պետք է  բարձրացնի մեր զգոնությունը, որովհետև թուրքը միայն չի հոխորտում, այլ, ինչպես տեսանք՝ ինչ ասել են, գործնականում կիրառել են»,- շեշտեց Արթուր Եղիազարյանը՝ նշելով, որ նախքան պատերազմը նմանօրինակ զգուշացումներ եղել են, և մեր անգործության պատճառով ունեցանք Արցախի 75 տոկոսի կորուստ:

Ադրբեջանը Շուշին վերածում է ռազմական հենակետի՝ Ստեփանակերտի գլխին կախված

Ադրբեջանը վերջին շրջանում կարծես թե թիրախավորել է նաև Շուշին՝ պարբերաբար ապատեղեկատվություն տարածելով, թե իբր Շուշիի մատույցներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ ՊԲ ստորաբաժանումները կրակոցներ են արձակել: Մինչդեռ Շուշիի մոտակայքում հենց ադրբեջանական կողմից են կրակոցներ արձակվում: Ի դեպ, այս համատեքստում Ադրբեջանը «մեղադրանքներ» է հասցեագրում նաև ռուսական կողմին:

Ի՞նչ խնդիր է փորձում Ադրբեջանը սրանով լուծել, արդյո՞ք սա Լաչինի միջանցքի նկատմամբ վերահսկողություն սահմանելու նկրտումների շրջանակում է, կամ՝ արդյո՞ք Ադրբեջանի և ՌԴ-ի միջև Շուշիի համար պայքար կա:

«Իհարկե, ադրբեջանցիները փորձելու են ամեն հնարավոր տարբերակ: Այսօր Շուշիում չկա բնակչություն, անգամ ժամանակին Շուշիում ծնված ադրբեջանցիներին չի թույլատրվում վերադառնալ Շուշի: Այսինքն, Շուշին Ադրբեջանը վերածում է ոչ թե բնակության համար քաղաքի, այլ ռազմական հենակետի՝ Ստեփանակերտի գլխին կախված, թեպետ ցուցադրական ներկայացվում է՝ որպես զուտ պանթուրքական նպատակների կենտրոն: Բացի այս, պետք է հաշվի առնել, որ Արցախի՝ հայկական մնացած հատվածի միակ ճանապարհն անցնում է Շուշիի տակով: Այսինքն, մի բարակ «թելիկ» է: Պատկերացրեք, որ ռազմական գործողությունների սկսման դեպքում անհնարին է դառնալու այդ ճանապարհով շարժը: Եթե այս պահին որոշակի երաշխիքներ կան ռուս խաղաղապահների ներկայության պարագայում, ապա եթե իրավիճակ փոխվի, և խաղաղապահները դուրս գան, կամ չհարգվի նոյեմբերի 9-ի համաձայնագիրը, և ռազմական գործողություններ սկսվեն, ստացվում է՝ Արցախի հայկական մնացած հատվածն իր բնակչությամբ, կարելի է ասել, գերու վիճակում է հայտնվելու»,- ասաց Եղիազարյանը:

Նշենք, որ Ադրբեջանում սկսվել է թունելների կառուցումն Ահմեդբեյլի-Ֆիզուլի-Շուշի (Ահմեդբեյլի-Վարանդա-Շուշի) ավտոմոբիլային ճանապարհի վրա:

Արդյո՞ք սա հուշում է, որ Ադրբեջանն իրապես պատրաստվում է պատերազմի, չնայած որ Արցախի 75 տոկոս տարածքի վրա վերահսկողություն ունի:

Ռազմական փորձագետը հաստատեց՝ միանշանակ:

Ադրբեջանն ուզում է ՀՀ-ից կրճատել արտաքին աշխարհին կապող տեղանքները

Ըստ նրա՝ ՀՀ իշխանությունները ոչ մի կերպ չեն ուզում հասկանալ և լուրջ ընդունել թուրքերի վերջնական նպատակը՝ հայության դուրսմղումն իր բնօրրանից:

«Արցախն էր ՀՀ-ի անվտանգության երաշխիքն այս առումով: Եվ կորցնելով Արցախը՝ տեսնում ենք՝ ՀՀ սահմաններին ինչ է կատարվում, ինչ հավակնություններ ունի թշնամին: Ցանկացած բարենպաստ պայմանում թուրք-ադրբեջանական տանդեմը փորձելու է վերջնականորեն վերացնել հայկական պետականությունը, կամ կրճատել, վերցնել ռազմավարական, կենսական նշանակության այն տեղանքները՝ Գեղարքունիքի արևելյան կողմը, Սյունիքի հատվածը, Տավուշի գյուղերը, որոնց միջոցով ՀՀ-ն այսօր կապվում է արտաքին աշխարհի հետ: Այսինքն՝ կտրել ՀՀ-ի՝ արտաքին աշխարհի հետ կապը և թողնել այնպիսի Հայաստան, որն իրենցից կախման մեջ կլինի»,- շարունակեց Արթուր Եղիազարյանը՝ լրացնելով, որ թուրքն ուզում է մեզ դուրս մղել մերձավորարևելյան տարածաշրջանից, և սրանից ելնելով՝ հնարավոր են մարտական լոկալ գործողություններ ՀՀ սահմանային հատվածներում, այդ թվում՝ Նախիջևանի հատվածում:

Թե ո՞ր երկրին կարող ենք վստահել և ապավինել այս դեպքում՝ Իրան, Չինաստան, Արթուր Եղիազարյանն ասաց, որ նախ պետք է հստակեցնենք՝ մենք ինչ ենք ուզում, ինչպես ենք ընկալում աշխարհը: Իհարկե, ըստ նրա, պետք է ճանապարհներն աշխատեն, ինչը բխում է և՛ մեր, և՛ այլ երկրների շահերից, բայց հարց է՝ ինչի հաշվին: Դրա համար ՀՀ-ն պետք է վերածվի գործոնի, քանի դեռ սա չկա, ամեն մեկն իր շահերից է մեզ մոտենալու, իսկ մենք վերածվելու ենք զուտ կենսաբանական տարածքի, որի հետ հաշվի ոչ ոք չի նստելու:

«Աշխարհում չկան մշտական բարեկամներ և թշնամիներ, կան շահեր ունեցողներ, և յուրաքանչյուրը գործում է՝ իր շահից ելնելով: Այսինքն, մենք պիտի դառնանք այնպիսի գործոն, որ կարողանանք մեր շահը ձևակերպել այդ ուժեղ խաղացողների շահերի շրջանակում, որ նրանք էլ հասկանան՝ ինչը մեզ համար շահեկան է, շահեկան է նաև իրենց համար»,- շեշտեց մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ սրա համար ուժեղ իշխանություն և երկիր պետք է ունենալ:

Տեսանյութեր

Լրահոս